Միջազգային համաժողով

Ինչ է Միջազգային բակալավրիատ կազմակերպությունը

Միջազգային բակալավրիատ կազմակերպությունը ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ունի խորհրդատվական կարգավիճակ Եվրոպայի խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Կազմակերպությունը կազմավորվել է 1968 թ. Ժնևում, և 2017 թվականի դրությամբ ներառում է թվով 148 երկրների 4,655 դպրոցներ, որոնցում իրականացվում են ՄԲ 6,068 ծրագրեր 3-ից մինչև 18 տարեկան 1.5 միլիոնից ավել սովորողների համար:

Հայաստանում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը միակն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են Միջազգային բակալավրիատի համապատասխան տարիքային ծրագրերով:

Կազմակերպության առաքելությունն է ձևավորել և զարգացնել հետաքրքրասեր, բանիմաց եւ հոգատար երիտասարդներ, ովքեր կստեղծեն ավելի լավ ու խաղաղ աշխարհ` միջմշակութային փոխըմբռնման և հարգանքի շնորհիվ: Ընդ որում դասավանդման պրոցեսում որպես հիմնադրույթ շեշտադրվում է յուրաքանչյուր երկրի ապագա քաղաքացու ազգային ինքնությունն ու արժանապատվությունը:

  • Հիմնական ծրագրերն են՝
  •  Նախակրթարանի և տարրական դպրոցի ծրագիր` PRIMARY YEARS PROGRAMME (PYP) 3 – 12 տարեկան սովորողների համար,
  •  Միջին դպրոցի ծրագիր` MIDDLE YEARS PROGRAMME (MYP) 12 – 16 տարեկան սովորողների համար,
  •  Դիպլոմային ծրագիր ավագ դպրոցի համար` DIPLOMA PROGRAMME (DP) 16-19 տարեկան սովորողների համար,
  •  Կարիերայի սերտիֆիկատ` CAREER CERTIFICATE (CC) 16-19 տարեկան սովորողների համար:
  • ՄԲ կազմակերպության դպրոցներն ապահովում են միջազգային ամենաբարձր չափանիշներին և ժամանակի պահանջներին համապատասխան բարձրակարգ կրթություն, որի վառ ապացույցն է այն, որ աշխարհի 75 երկրների ավելի քան 2,300 համալսարաններում (այդ թվում` աշխարհի առաջատար) Միջազգային բակալավրիատի դիպլոմը համարվում է այցեքարտ՝ հնարավորություն ընձեռելով առանց լրացուցիչ քննությունների ընդունվելու նշված համալսարաններ:

Ինչ է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիան (ՄԲԴԱ)

ՄԲԴԱ-ն հիմնվել է 2006թ-ին և ներկայումս ներառում է 33 դպրոցներ Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերից, Ղազախստանից և Հայաստանից:

Ասոցիացիայի նպատակներն են՝

  •  Միջազգային բակալավրիատի ծրագրերի ներդրման միջոցով նպաստել ԱՊՀ երկրներում դպրոցական կրթության բարեփոխմանը,
  •  նպաստել ՄԲ դպրոցների ուսուցիչների և աշխատակիցների մասնագիտական աճին և փոխհամագործակցության զարգացմանը,
  •  աջակցել ՄԲ անդամակցել ցանկացող դպրոցներին:

Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ ամենամյա համաժողովի վերաբերյալ

Իր առաքելությունները իրականացնելու նպատակով ՄԲԴԱ-ն կազմակերպում է ամենամյա համաժողովներ անդամ դպրոցներից որևէ մեկում:

Հոբելյանական 10-րդ համաժողովը 2016թ. անցկացվեց Մերձմոսկովյան Սկոլկովո ինովացիոն կենտրոնում: Այն լայն արձագանք ունեցավ հանրության մոտ և մեծապես նպաստեց անդամ դպրոցների միջև համագործակցությանը, միջազգային կապերի ամրապնդմանը և առաջավոր մանկավարժական փորձի փոխանակմանը: Համաժողովի պատվավոր հյուրերի թվում էին ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լևանովը, Մոսկվայի կառավարության նախարար, Կրթության դեպարտամենտի ղեկավար Իսահակ Կալինան, Մոսկվայի մարզի կրթության նախարար Մարինա Զախարովան, Սախա (Յակուտիա) Հանրապետության կրթության նախարար Ֆեոդոսիա Գաբիշևան, ՌԿԱ ակադեմիկոս Ալեքսանդր Ասմոլովը և բազմաթիվ այլ պաշտոնատար անձիք: Համաժողովի ժամանակ որոշում կայացվեց հաջորդ համաժողովը կազմակերպել Հայաստանում:

2017թ. Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ ամենամյա համաժողովը տեղի կունենա ապրիլի 20-22-ը Երևանի Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում: Հայկական կողմից համաժողովի կազմակերպչական ապահովումն իրականացնելու է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում կազմակերպության միակ անդամն է:

Միջազգային կրթական համաժողովի շրջանակներում Հայաստան կայցելեն մոտ 200 պատվիրակներ և մասնակիցներ Ռուսաստանից (Մոսկվա, Սիբիր, Ուրալ, Կալինինգրադ, Սանկտ-Պետերբուրգ և այլն), Ղազախստանից, հյուրեր՝ Ֆինլանդիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Թուրքիայից, այդ թվում՝ պետական և մասնավոր կրթօջախներից (Միջազգային բակալավրիատ, Ռաունդ Սքվեր) բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ՄԲ միջազգային դպրոցների համակարգողներ, մանկավարժներ, հոգեբաններ, պետական կառույցների և բիզնես ոլորտի աշխատողներ, ինչպես նաև ՄԲ պաշտոնական ներկայացուցիչներ և այլ միջազգային կրթական կառույցների պատվիրակներ:

Համաժողովի շրջանակներում կքննարկվեն կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության ուղղություններն աշխարհում, ինչպես նաև կրթական հաստատություններում նոր մանկավարժական մեթոդաբանության և միջազգային կրթական չափորոշիչների՝ ներդնելու հնարավորությունները:

Համաժողովի ընթացքում կներկայացվեն Միջազգային բակալավրիատի ծրագրի առանձնահատկությունները, ինչպես նաև կանցկացվեն հետաքրքիր, բազմաշերտ սեկցիաներ, սեմինարներ և կլոր սեղաններ: