Նախարար Լևոն Մկրտչյանի այցը «Շիրակացու ճեմարան»

Հուլիսի 17-ին Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը այցելեց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր: Այցի ընթացքում նախարարին միացավ նաև Քուվեյթից ժամանած պատվիրակությունը` ծանոթանալու Հայաստանում Միջազգային բակալավրիատի երեք ծրագրերով հավաստագրված միակ կրթահամալիրի գործունեությանն ու միջազգային ծրագրի իրականացման մեխանիզմներին:

 

Քուվեյթի պատվիրակության կազմում էին դպրոցի տնօրեն Ներսես Սարգիսեանը, ուսումնական խորհրդի անդամներ Թինա Պարամագեանը և Եղեայ Կարպուշեանը:

 

Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների Հայոց Առաջնորդարանի հովանու ներքո գործող Քուվեյթի ազգային վարժարանը հիմնադրվել է 1960 թվականին և ընդգրկում է բոլոր կրթական աստիճանները` մանկապարտեզից մինչև ավագ դպրոց. «Վարժարանում ուսումնական գործընթացն իրականացվում է արաբերենով` ընդհանուր պետական կրթական չափորոշիչների մասով և հայերենով` հայագիտական առարկաների մասով,- ասաց ներկայացուցիչ Թինա Պարամագեանը,- հիմա մեզ համար կարևոր է ավելացնել ուսուցումը հայերենով և մեծացնել արտասահմանյան բուհեր ընդունվելու հնարավորությունը»:

 

Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը հյուրերին ներկայացրեց Միջազգային բակալավրիատի ծրագրի առավելություններն ու ընձեռած լայն հնարավորությունները. «ՄԲ որպես այդպիսին միայն կրթական ծրագիր չէ, այլ հրաշալի մեթոդաբանություն, որը  հնարավորություն է տալիս հեշտությամբ ինտեգրել  ցանկացած կրթական ծրագիր: Մեր ազգային կրթական ծրագիրը շատ ուժեղ ծրագիր է, այլ խնդիր է, որ ինչպես հարկն է չի իրականացվում: Մեր պարագայում, ՄԲ մեթոդաբանության և մեր ազգային կրթական ծրագրի սինթեզը ապահովում է շոշափելի արդյունք»,- ասաց Աշոտ Ալիխանյանը:

 

Ճեմարանում ըստ ծրագրի հերթագայության` կրտսեր, միջին, ավագ դպրոցի ծրագրերի մասին նախարարին և հյուրերին ներկայացրեց ի պաշտոնե պատասխանատու աշխատանքային խումբը` մանրամասն արտացոլելով դրա կազմակերպման գործընթացի մոտեցումներն ու փորձը:

 

Հանդիպման վերջում նախարար Լևոն Մկրտչյանը նշեց. «Հանրապետությունում մենք ունենք դպրոցներ, որոնք ունեն ուժեղ կողմեր և փորձ որոշակի ուղղությամբ, պետք է յուրաքանչյուր լավ դպրոցից վերցնենք լավագույն փորձը և տարածենք մյուս դպրոցների վրա»:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը միակն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով:

Միջազգային բակալավրիատը ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ունի խորհրդատվական կարգավիճակ Եվրոպայի խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕում: Այն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ: 1968թ.-ին հիմնադրված համակարգն այսօր ներառում է 156 երկրների 4655 դպրոց:

 

Նախարար Լևոն Մկրտչյանի այցը «Շիրակացու ճեմարան»