Round Square միջազգային համաժողով 2026
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ճեմարանի պատվիրակությունը՝ նախագահ և գլխավոր տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ծնողական համայնքի ներկայացուցիչ, մեծահասակ պատվիրակ Անի Խաչատրյանը և ճեմարանական սաներ Արեն Ղլիջյանը, Աշոտ Սայադյանը, Կարո Նահապետյանը, Մանե Ղազարյանը և Մարիա Շաթահին, ներկայացրել են Հայաստանն ու Շիրակացու ճեմարանը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած Round Square միջազգային համաժողովին:
Համաժողովն անցկացվել է «Ապագայի տեսլականները հինավուրց երկրից» խորագրով, իսկ հյուրընկալող կողմը Barker College-ն էր։
Վեցօրյա ծրագրի ընթացքում ճեմարանականները ծանոթացել են Ավստրալիայի բնիկ ժողովուրդների պատմությանն ու մշակույթին, մասնակցել առաջնորդության և թիմային աշխատանքի զարգացմանն ուղղված քննարկումների, ինչպես նաև ճանաչողական ու բնապահպանական ծրագրերի։
Round Square-ի IDEALS սկզբունքներին համահունչ՝ մեր սաները մասնակցել են նաև համայնքային ծառայության նախաձեռնությունների՝ տեսակավորելով կարիքավոր ընտանիքների համար նախատեսված հագուստը և ներգրավվելով տարածքի վերականգնման աշխատանքներում։ Այս փորձառությունները հնարավորություն են տվել գործնականում բացահայտելու համագործակցության, պատասխանատվության և համայնքին ծառայելու արժեքը։
Համաժողովի հիշարժան դրվագներից էր ճեմարանականների կատարած հայկական ազգային պարը, որով նրանք միջազգային լսարանին ներկայացրել են մեր մշակույթը՝ արժանանալով ջերմ ընդունելության։
Համաժողովի շրջանակում Ճեմարանի նախագահ և գլխավոր տնօրեն Աշոտ Ալիխանյանը հանդիպումներ է ունեցել Round Square-ի ղեկավարության, Barker College-ի տնօրենի և միջազգային կրթական համայնքի այլ ներկայացուցիչների հետ՝ քննարկելով կրթական համագործակցության հնարավորությունները։
Համաժողովին Ճեմարանի պատվիրակության մասնակցության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները համակարգել է Ճեմարանի Round Square ներկայացուցիչ Իռեն Ստեփանյանը։ Ավստրալիայում սաներին ուղեկցել է ծնողական համայնքի ներկայացուցիչ Անի Խաչատրյանը, որը, որպես մեծահասակ պատվիրակ, համաժողովի ողջ ընթացքում աջակցել է նրանց և համակարգել տեղում կազմակերպչական հարցերը։ Անիի աջակցությունը վկայում է, որ ճեմարանական համայնքի կապերը չեն սահմանափակվում դպրոցական տարիներով՝ «Մի անգամ ճեմարանական՝ հավերժ ճեմարանական»։
Շնորհակալություն մեր պատվիրակությանը, ինչպես նաև համաժողովի մասնակցությունը նախապատրաստած բոլոր աջակիցներին՝ Հայաստանն ու Ճեմարանը միջազգային հարթակում արժանավայել ներկայացնելու համար։