Չիկագոյի համալսարանի մրցանակը ճեմարանական ուսուցիչ Քրիստինե Սահակյանին

Ճեմարանի տնօրենությունը՝ ի դեմս ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանի, շնորհակալական նամակ է ստացել Չիկագոյի համալսարանից (ԱՄՆ) Դիպլոմային ծրագրի Իմացության տեսության ուսուցիչ Քրիստինե Սահակյանի` համալսարանի կողմից “Outstanding Educator” մրցանակին արժանանալու մասին:

 

«Հարգելի Քրիստինե Սահակյան, Դուք ընտրվել եք Չիկագոյի համալսարանի “Outstanding Educator” (ականավոր ուսուցիչ) մրցանակի հաղթող: Դուք առաջադրվել եք Ձեր նախկին աշակերտ, այժմ Չիկագոյի համալսարանի ուսանող Կարեն Քրմոյանի կողմից:

 

Մեր աշակերտները մեզ պարբերաբար պատմում են իրենց այն մանկավարժների մասին, ովքեր մեծ ներդրում ու ազդեցություն են ունեցել ինչպես իրենց ակադեմիական գիտելիքների, այնպես էլ՝ որպես մարդ ձևավորման և կայացման գործում: Եվ արդեն 30 տարի է՝ մեր նորընտիր ուսանողներին խնդրում ենք օգնել մեզ բացահայտելու և  ներկայացնելու ավագ դպրոցի լավագույն մանկավարժներին»,- նամակում գրում է համալսարանի ընդունման բաժնի փոխնախագահ Ջեյմս Նոնդորֆը:

 

Նամակի մեջ ներառված է նաև ճեմարանական շրջանավարտ Կարեն Քրմոյանի՝ իր ուսուցչին հասցեագրված գրառումը. «Տիկին Քրիստինե, դուք ամենալավ, ամենահոգատար և ամենահրաշալի մանկավարժներից եք: Ձեր ներդրած ամբողջ ջանքն ու աշխատանքն է ընկած իմ այժմյան եսի ձևավորման հիմքում: Այն, ինչ անում եք Դուք այսօր, անգահատելի է ինձ և Ձեր մյուս սաների համար: Ես հուսով եմ, որ միշտ հպարտանալու առիթներ եմ տալու Ձեզ»:

 

Կարեն Քրմոյանը «Շիրակացու ճեմարանի» Դիպլոմային ծրագրի 2016-2017 ուստարվա շրջանավարտներից է: Ընդունվել է Չիկագոյի համալսարան՝ ամբողջ աշխարհի ԴԾ 159. 400 շրջանավարտների մեջ լինելով այն բացառիկներից մեկը, ում հաջողվել է նվաճել քննությունների բարձրագույն շեմը՝ 45 հնարավորը և սովորելու հնարավորություն ստանալ համալսարանում՝ 100% կրթաթոշակով:

 

Չիկագոյի համալսարանի մրցանակը ճեմարանական ուսուցիչ Քրիստինե Սահակյանին