Անհատական նախագծերի ստուգատես

Ապրիլի 7-ին կայացավ տասներորդ դասարանցիների Անհատական նախագծերի ստուգատեսը:

 

Մեկ տարի շարունակ տասներորդ դասարանի սաները ընտրել, ուսումնասիրել, հետազոտել են իրենց համար կարևոր մեկ թեմա, որը բավարարում է սեփական հետաքրքրությունները և հնարավորություն է տալիս նորարար լինել այդ թեմայի շրջանակում:

 

«Իմ նպատակն է գույների միջոցով ցույց տալ զինվորի ապրումները պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո,- իր անհատական նախագիծն է ներկայացնում Գայանեն,- նախ հարցազրույց եմ վերցրել զինվորից, իր պատասխանների շնորհիվ փորձել եմ պատկերել զգացողությունը, այնուհետև ուսումնասիրել եմ գույները, դրանց մեկնաբանությունները և դրան համապատասխան ստացել երեք իրարից լիովին տարբեր պատկերներ»:

 

Սաները ազատ են թեմայի ընտրության հարցում, աշխատանքը կարող է լինել ինչպես գիտական, այնպես էլ ստեղծագործական, կարևորը վերջնական ավարտուն արտադրանք ունենալն է:

 

«Սա ինքնարտահայտման լավագույն տարբերակն է, երբ սաները տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները կարողանում են ի մի բերել, դուրս գալ առարկաների սահմաններից, հետազոտել երևույթներ, իրենց առջև հարցեր դնել և գտնել հարցերի պատասխանները»,- ասաց Ավագ դպրոցի տնօրեն Տաթևիկ Նալբանդյանը:

 

Անհատական նախագիծը MYP ծրագիրն ավարտող սաների վերջնական հետազոտական աշխատանքն է և միաժամանակ հիմքը այն մյուս բոլոր աշխատանքների, որոնք նրանք դեռ պետք է իրականացնեն հետագայում` թե ճեմարանում, թե բուհ-ում:

 

«Սա այն բացառիկ նախագծերից է, որտեղ սաները հնարավորություն են ունենում ինքնակազմակերպվելու, իրենց բոլոր հմտությունները ցուցադրելու և դրա մասնակիցը դարձնելու նաև մեզ, որովհետև դա տոն է դառնում ամբողջ դպրոցական համայնքի համար,- ասաց MYP համակարգող Մանե Գևորգյանը,-ստուգատեսը այն տեղն է, որտեղ բոլորը վայելում են իրենց կատարած աշխատանքի արդյունքը»:

 

Անհատական նախագծերի ստուգատես