Անդրադարձ չափորոշիչների քննարկման գործընթացին

31-07-20

Շիրակացու ճեմարանը ողջունում է հանրակրթության պետական չափորշչի և օրինակելի առարկայական ծրագրերի նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու գործընթացը: Սա կարևոր և որոշիչ փուլ է, որին պետք է վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ ու աչալրջությամբ, ծավալել բովանդակային և փաստարկված քննարկում, ինչն էլ լավագույն կրթական չափորոշիչ ձևավորելու գրավականն է:

Նախագծերը մշակող փորձագիտական խմբերը ղեկավարում կամ այդ խմբերում ընդգրկված են նաև ճեմարանական ուսուցիչներ, որոնք ընտրվել են որպես անկախ փորձագետներ՝ իրենց նախաձեռնությամբ՝ մասնակցելով մրցույթին:

Մենք անչափ կարևորում ենք այս նորարար գործում մեր  ուսուցիչների ներգրավվածությունն ու ներդրումը, բայց միևնույն ժամանակ ուզում ենք  նշել, որ պետական չափորոշիչների ստեղծման ընթացակարգը իրականացվում է պատվիրատուի ներկայացրած պայմանների և պահանջների համաձայն, հետևաբար անկախ փորձագետը այս պարագայում չի ներկայացնում  իր ուսումնական հաստատության կարծիքը, ավելին՝ այն կարող է չհամընկնել վերջինիս տեսակետի հետ:

Պետք է նաև  բացառել վերոնշյալ նախագծերի նույնականացումը ճեմարանում իրականացվող հեղինակային և միջազգային ծրագրերի հետ, որովհետև չկան համապատասխան իրավական հիմնավորումներ:

Ճեմարանը դատապարտում է հանձնաժողովների անդամների հասցեին անձնական բնույթի վիրավորանքների դրսևորումները։ Կրթության հարցերի քննարկման ժամանակ կոչ ենք անում լինել բարեկիրթ և կառուցողական։

Շիրակացու ճեմարանի մանկավարժական առաջնորդություն
Անդրադարձ չափորոշիչների քննարկման գործընթացին