Կրկնակի տոն Ճեմարանում

Ապրիլի 1-ը կրկնակի տոն է «Շիրակացու ճեմարանում». մեկնարկում է «Շիրակացու օրեր» փառատոնը, որը ազդարարվում է տասներորդ դասարանցիների` անհատական նախագծերի ներկայացմամբ:

Մեկ տարի շարունակ տասներորդ դասարանի սաները ընտրել, ուսումնասիրել, հետազոտել են իրենց համար կարևոր մեկ թեմա, որն առավել հոգեհարազատ է իրենց, բավարարում է սեփական հետաքրքրությունները և հնարավորություն է տալիս նորարար լինել այդ թեմայի շրջանակում:

«Սաները ազատ են թեմայի ընտրության հարցում, աշխատանքը կարող է լինել ինչպես գիտական, այնպես էլ ստեղծագործական,- ասաց միջին դպրոցի ծրագրի (MYP) համակարգող Մանե Գևորգյանը,- կարևորը վերջնական ավարտուն արտադրանք ունենալն է, որը «շոշափելի» կլինի»:

Անհատական նախագիծը MYP ծրագիրն ավարտող սաների վերջնական հետազոտական աշխատանքն է և միաժամանակ հիմքը այն մյուս բոլոր աշխատանքների, որոնք նրանք դեռ պետք է իրականացնեն հետագայում` թե ճեմարանում, թե բուհ-ում:

Անհատական նախագծերի ներկայացումը այս տարի կնշանավորվի նաև մեկ այլ նորությամբ. Ճեմարանը սահմանել է ճեմարանական կրթաթոշակ Դիպլոմային ծրագրում սովորողների համար, որից ամենամեծի հովանավորությունը ստանձնել է Ճեմարանի գործընկեր-բարեկամ «Յուքոմ» ընկերությունը:

Տասներորդ դասարանից հետո ճեմարանական սաները կարևոր որոշման առջև են կանգնում. ընտրել հետագա կրթությունը ազգային ծրագրով, թե համարձակվել «անցնել ռուբիկոնն» ու դիմել Դիպլոմային ծրագրով ուսումը շարունակելու:

«Եվ այս կարևոր քայլից առաջ, մենք` Ճեմարանի տնօրենությունը, խրախուսում ենք նրանց լինելու համարձակ և կատարելու վճռորոշ քայլը` առաջնորդվելով ոչ թե գումարային, այլ գիտելիքների և ինքնավստահության վրա հիմնավորված որոշմամբ` կարևոր ողջ հետագա կյանքի համար»,- ասաց ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանը:

«Մինչ այժմ Դիպլոմային ծրագրում սովորելու հնարավորություն ունեցել են միայն այն սաները, ովքեր կարողացել են վճարել ուսման համար սահմանված գումարը, այժմ կրթաթոշակների առկայությամբ հնարավոր դարձավ իրականացնել դա նաև նրանց համար, ովքեր վճարունակ չեն, բայց մեծ ներուժ ու ցանկություն ունեն ստանալու միջազգային մակարդակի կրթություն»,- հավելեց Զարուհի Ղալթախչյանը:

Կրկնակի տոն Ճեմարանում