Եռօրյա հանգիստ և աշխատանք Ծաղկաձորում

25-03-19

Մարտի 25-ից 28-ը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը Ծաղկաձորում կազմակերպում է աշխատաժողով ուսուցիչների և աշխատակազմի համար: Եռօրյա հանդիպումը, համատեղելով հաճելի աշխատանքն ու հանգիստը, ներառում է կրթահամալիրի գործողությունների ծրագրի մշակում, այդ թվում` ուսումնական պլանի, առարկայական ծրագրերի բովանդակության վերանայման, չափորոշիչների համապատասխանության դիտարկմանն ուղղված աշխատանքներ:

 

Աշխատաժողովին նախատեսված խմբային և համագործակցային գործունեության շնորհիվ նախատեսվում է ոչ միայն անդրադառնալ կրթության բովանդակությանը, այլև խթանել համատեղ պլանավորումը կրթահամալիրի ամբիոնների միջև՝ նպաստելով միջառարկայական և վերառարկայական մոտեցումների ամրապնդմանը:  Ընդլայնելով նաև համագործակցությունը ծնողական համայնքի հետ, աշխատաժողովին որպես խոսնակ հրավիրված է ճեմարանի ծնող Ս. Երիցյանը, ում օժանդակությամբ ճեմարանական աշխատակիցները կզարգացնեն ժամանակի կառավարման հմտությունները:

 

Աշխատաժողովին որպես հյուր և սեմինարավար հրավիրված է նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

 

«Արտագնա համագործակցությունը հնարավորություն կընձեռի մեր ճեմարանական մեծ ընտանիքին դուրս գալու մեկ առարկայի բովանդակային սահմաններից, միևնույն թեմային այլ տեսանկյունից մոտենալու, դասավանդման նոր մոտեցումներ մշակելու, ինչպես նաև հանգստանալու, նոր գաղափարներ կուտակելու համար»,- նշում է կրթահամալիրի փոխտնօրեն Գագիկ Թոռչյանը:

 

Լուսանկարները՝ Մարիամ Խոջոյանի, 10-րդ դասարան

Եռօրյա հանգիստ և աշխատանք Ծաղկաձորում