Հոգեբանական ծառայություն

«Երևանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր»-ի հիմնադրման օրվանից գործում էր հոգեբանական ծառայությունը, որն, ընդլայնվելով, ձևավորվեց որպես հոգեբանական կենտրոն: Այն  ներառում է հետևյալ կառույցներ`մանկակրթարանի, կրտսեր, միջին և ավագ դպրոցների հոգեբանական ծառայություն, հոգեբանական լաբորատորիա:

 

Հոգեբանական լաբորատորիայի գործունեության հիմնական նպատակն է ստեղծել բոլոր նպաստավոր պայմանները սաների ընդունակությունների բացահայտման և պահպանման համար, աջակցել արտակարգ ընդունակություններով օժտված երեխաների զարգացմանն ու արդյունավետ կրթությանը:

 

Հոգեբանական ծառայության գործունեության հիմնական նպատակն է նպաստել ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և օժանդակել սաների համակողմանի ու ներդաշնակ  հոգեբանական զարգացմանը դպրոցական միջավայրում: Փորձելով նպաստել ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը`  կրթահամալիրի հոգեբանական ծառայությունը, որի աշխատակազմում ընդգրկված են 12 հոգեբաններ, աշխատում է երեխաների, մանկավարժական անձնակազմի, ծնողների, ադմինիստրացիայի հետ:

 

Ներկայումս ծառայությունն իրականացնում է հետևյալ աշխատանքները.

  1. Հոգեախտորոշում– սաերի անձնային առանձնահատկությունների բացահայտում, խմբային փոխհարաբերությունների ախտորոշում, մանկավարժական անձնակազմի հոգեբանական ախտորոշում:
  2. Լուսավորչական աշխատանք – սաներին անհրաժեշտ հոգեբանական գիտելիքների տրամադրում, աշխատակազմի հոգեբանական վերապատրաստում, երեխաների հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ ծնողների իրազեկվածության բարձրացում և ծնողավարության հմտությունների ձևավորում:
  3. Հոգեշտկողական, զարգացնող աշխատանքներ – սաների անձի  զարգացմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում, տվյալ տարիքային զարգացման չափանիշներին երեխաների հոգեկան զարգացման համապատասխանության օժանդակում:
  4. Անհատական կամ խմբային հոգեբանական խորհրդատվություն աշակերտների հետ` ուսումնական և անձնային հարցերի շուրջ,  աշխատակազմի հետ` ուսումնադաստիարակչական գործընթացում  ծագած խնդիրների վերաբերյալ, ծնողների հետ` աշակերտների` ուսումնական գործունեության մեջ դրսևորվող խնդիրների շուրջ:
  5. Հոգեկանխարգելիչ աշխատանք – սաների մոտ հոգեբանական ապահարմարման երևույթների վաղ բացահայտում, ուսումնական գործընթացում ծագող դժվարությունների կանխարգելում, անձնակազմի և ծնողների համար աշակերտների ուսուցման և դաստիարակության վերաբերյալ հանձնարարականների մշակում:

 

Հոգեբանական կենտրոնը իր ծառայությունները կարող է մատուցել ցանկացած անձի, ով ունի հոգեբանական առողջության պահպանման և ամրապնդման կարիք: Այսպես, հոգեբանական կենտրոնը իր ծառայությունները մատուցում է ոչ միայն ճեմարանականներին, այլ բոլոր այն անձանց, որոնք որևէ հոգեբանական խնդրով դիմում են կենտրոն:

 

Ելնելով առկա հոգեբանական խնդրի բնույթից` հոգեբանական կենտրոնը իրականացնում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային տարբեր աշխատանքներ /հոգեախտորոշիչ, զարգացնող, խորհրդատվական/:

 

Կենտրոնը ճեմարանի սաներին և մյուս երեխաներին իր ծառայությունները կարող է մատուցել մանկավարժների, ուսուցիչների, ծնողների, հոգեբանների հայցով: Յուրաքանչյուր դեպքում աշխատանքները սկսվում են միայն ծնողի համաձայնությամբ:

 

Կենտրոնում կազմակերպվում են տարբեր ուսուցողական դասընթացներ սաների, ծնողների, ուսուցիչների և բոլոր հետաքրքված անձանց համար: Կենտրոնի հոգեբանները իրականացնում են դպրոցին հոգեբանական պատրաստվածության ձևավորման, ինչպես նաև երեխաների հետ այլ բնույթի զարգացնող խմբային աշխատանքեր:

Նորություններ

Հայտարարություններ