Հայաստանում կանցկացվի միջազգային կրթական համաժողով

Ապրիլի 20-ին Երևանում կմեկնարկի Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ համաժողովը:

 

ՄԲ ԱՊՀ երկրների ասոցիացիայի կողմից իրականացվող ամենամյա միջոցառման կազմակերպումը այս տարի ապահովելու է «Շիրակացու ճեմարան» միջազգային

գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է:

 

Կազմակերպիչները նշում են, որ Համաժողովի անցկացումը հրաշալի առիթ է միջազգային ձևաչափով բազմակողմանիորեն ներկայացնելու Միջազգային բակալավրիատի առանձնահատկությունները, ինչը հակապես կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել ինչ կրթական ծրագրով առաջնորդվել`ազգա՞յին, թե՞ միջազգային:

 

«Հանրակրթական ազգային և միջազգային մոտեցումները սինթեզելու փորձը հաջողությամբ իրականացվում է մեր կրտսեր և միջին դպրոցում: Այս տարիների փորձը թույլ է տալիս անվերապահորեն ասել, Միջազգային բակալավրիատը այն հրաշալի ոսկե միջինն է, որը հնարավորություն է տալիս առաջարկել ազգային հենքի վրա հիմնված միջազգային կրթություն»,- նշում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կրտսեր դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյան:

 

Միջազգային կրթական համաժողովի շրջանակում Հայաստան կայցելեն շուրջ 200 պատվիրակներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ղազախստանից և ոլորտի փորձագետներ, հյուրեր Ֆինլանդիայից, Վրաստանից, Թուրքիայից, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, պետական կառույցների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:

 

«Ճեմարանը, ստանձնելով 11-րդ ամենամյա համաժողովը իրականացնելու պարտավորությունը, նաև ցույց  է տալիս աշխարհին, որ միջազգային չափանիշների վրա հիմնված բարձրորակ կրթությունը հնարավոր է իրականացնել նաև Հայաստանում, որտեղ առկա է դրա համար անհրաժեշտ թե’ ուսուցչական, թե’ ծնողական և թե’ աշակերտական ներուժը»,- ասում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանը:

 

 

Երկօրյա համաժողովին մասնակցելու են Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate) համաշխարհային և եվրոպական կառույցների պաշտոնական ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռաունդ Սքվեր (Round Square) համաշխարհային ասոցիացիայի ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում կքննարկվեն կրթության արդյունավետ համագործակցության ուղղություններն աշխարհում, նոր մանկավարժական մեթոդաբանության և միջազգային կրթական չափանիշների՝ կրթական հաստատություններում ներդնելու հնարավորությունները:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը միակն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով:

 

Միջազգային բակալավրիատը ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ունի խորհրդատվական կարգավիճակ Եվրոպայի խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Այն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավարաւոյթւոն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ: 1968թ.-ին հիմնադրված համակարգն այսօր ներառում է 148 երկրների 4655 դպրոց:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը 2010 թվականին տարածաշրջանում առաջինը դարձավ «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ: «Ռաունդ Սքվեր»-ը հինգ մայրցամաքների 40 երկրներում 160 նորարական դպրոցների համաշխարհային ցանց է:

Հայաստանում կանցկացվի միջազգային կրթական համաժողով