Բարի գալուստ ճեմարան, բարի գալուստ գիտելիքների աշխարհ

01-09-16

Սեպտեմբերի մեկին ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեծ տոն էր Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում:

Լինելով մեծ կրթահամալիր` ճեմարանը նոր ուսումնական տարին և գիտելիքի օրվան նվիրված միջոցառումների շարքը սկսել էր դեռ մեկ օր շուտ` մանկակրթարանից:

12592_am_2

Սեպտեմբերմեկյան առավոտը միջին դպրոցի սաները սկսեցին ճեմարանի բակում` ճեմարանական օրհներգի կատարմամբ, իսկ ավագ դպրոցի սաները բեմում`մյուզիքլի բեմադրությամբ:

 

Բեմականացման հիմքում սերն էր, սերը առ հայրենիք, սերը ծնողների հանդեպ և սերը զույգի մեջ. «Մեր հերոսը մի տղա էր, ով ընդհանրապես սիրուն չէր հավատում ու մտածում էր, որ դա ընդամենը մարդկանց երևակայության արդյունքն է, բայց ամենազոր սերը թափանցեց նաև նրա սիրտը, իր քարացած հոգում ևս այդ լույսը վառվեց ու սիրահարվեց»,- ասում է մյուզիքլի սցենարի և բեմադրության հեղինակ 12-րդ դասարանի սան Ալինա Վարդանյանը:

 

«Սերը կա ու կապ չունի, թե ինչպես է դրսևորվում, ուզում եմ, որ բոլորը սիրեն ու սիրվեն, ուզում եմ խաղաղություն լինի ու թող կրթությունը լուսավորի բոլորին»,- ասում է Ալինան:

14138175_1127685887278742_3449336755187402160_o

Տոնին միանալու հերթը կրտսեր դպրոցի երկրորդից չորրորդ դասարանների սաներին էր: Նրանց համար կարևոր խորհուրդներով ներկայացում էին պատրաստել իրենց իսկ ուսուցիչները` հերոսների կիջոցով երեխաներին փոխանցելու ամենակարևոր 5 հմտությունները` հետազոտական, հաղորդակցման, մտածողական, սոցիալական և ինքնակառավարման:

 

DSC_9595

Եվ ահա արդեն ճեմարանի դռները բաց են նաև օրվա նոր հերոսների` առաջին դասարանցիների համար:

 

«Սիրելի բալիկներ, մեր ճեմարանի սաներ, սիրելի հայրիկներ ու մայրիկներ, տատիկներ ու պապիկներ, ես ավելի կարևոր տոն, քան սեպտեմբերի մեկն է, չեմ պատկերացնում մեր ժողովրդի համար, ուզում եմ, որ տարվա բոլոր օրերը լինեն սեպտեմբերի 1, և մենք բոլորս հասկանանք, որ այն լոզունգները, որ միշտ ասում ենք այսօր, յուրաքանչյուր օրվան են վերաբերվում, որովհետև մենք ապագան ենք մեծացնում»,- առաջին դասարանցիներին իր ողջույնի խոսքը հղեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը:

 

Եվ դարձյալ դիմելով փոքրիկ սաներին` ավելացրեց. «Անկախությունը նվաճելը դա դեռ չի նշանակում անկախ և ազատ երկիր դառնալ, դա մենք պետք է ձեզ հետ միասին կառուցենք, կայացնենք, հասցնենք իր ամենաբարձր մակարդակին: Մեր ամբողջ հույսը դուք եք, դուք եք դարձնելու Հայաստանը ամենահզոր երկիրը, մենք ինչքան կարողանում, անում ենք, բայց ամենակարևորը` դուք` ճեմարանականներով եք անելու: Այսօրվանից էլ դուք եք զինվորագրվելու այդ կարևոր առաքելությանը»:

 

«Դուք մեր երկրի ապագա իսկական քաղաքացիներն եք, ես ձեզ շնորհավորում եմ, թող երբեք չզղջաք այսօրվա համար, երբեք չզղջաք, որ ընդունվել եք Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան, որ կոչված է շարունակելու  Ներսիսյան դպրոցի անավարտ թողած գործը, ապագա մտավորականի և ապագա քաղաքացու կերտման գործը»:

12592_am_7

Սեպտեմբերմեկյան տոնին ճեմարան էր այցելել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը.  թոռնիկին ուղեկցում էր առաջին դասարան: Կառավարության ղեկավարը շնորհավորել  էր աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և նշել. «Գիտելիքահեն տնտեսությունը, կրթությունը, գիտությունը շատ կարևոր են մեր երկրի զարգացման և առաջընթացի համար և կառավարությունը շարունակելու է կրթական համակարգի շարունակական կատարելագործմանն ուղղված բարեփոխումները»:

Բարի գալուստ ճեմարան, բարի գալուստ գիտելիքների աշխարհ