Հեքիաթը Հեքիաթ ճամբարում

Ճամբարն իր մեծ ներդրումն ունի յուրաքանչուր սանի կառուցողական և գաղափարական մտածելակերպի, ինչպես նաև աշխարհայացքի զարգացման վրա:

Երկու տարի անց ճեմարանականների կողմից շատ սիրված և սպասված «Հեքիաթ» ճամբարը կրիկին իր դռները բացեց ոչ միայն ճեմարանի սաների, այլև այլ դպրոցների աշակերտների համար:

Այս տարի «Հեքիաթ» ճամբարում գործող 3 ջոկատներում ներգրավված էին 67 սան, որից 14-ը այլ դպրոցներից:

Ճամբարի առաջին 4 օրը նախատեսված էր ռազմավարական մոտիվներով պարապմունքների համար, որը ներառում է և՛ մարտավարաֆիզիկական պատրաստում, և՛ կրակային պատրաստում, և՛ առաջին բուժօգնություն: Մասնակիցների օրը հագեցած է եղել նաև ուրախ երգ ու պարով, սպորտով, արշավներով, բացման և փակման արարողություններով:

Ճամբարի պատասխանատու Շուշան Բարսեղյանը ուշագրավ համարեց հատկապես ՈՄԱ կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովի այցը ճամբար, որը իր փորձով և հմտություններով կիսվեց ճամբարականների հետ:

Տարբերվող առանձնահատկություններից մեկն էլ ճամբարում վզկապների ավանդույթն է՝ ըստ գունային տարբերակման՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Այս տարին ճամբարականները խորհրդանշական վզկապներ էին նվիրում նաև նրանց, ում հյուրընկալում էին:

Ճեմարանի սան Թորոս Մեգերյանը, որն այս տարի առաջին անգամ էր մասնակցում ճամբարին, նշեց, որ ձեռք է բերել ավագ ընկերներ, նոր գիտելիքներ, մարտավարաֆիզիկական հմտություններ, նաև հավելեց. «Առաջին հերթին սովորեցի լինել ինքնուրույն, պատասխանատու և ուշադիր կրտսեր ընկերներիս և շրջապատիս հանդեպ»:

«Մենք պարոն Աղաբեկյանի (զինղեկի) հետ խոսում էինք ականների վնասակարության մասին, թե ինչպես վնասազերծել ականը և լինել առավել զգոն: Սովորեցինք նաև զենքի հետ վարվեցողության և արագ կողմնորոշվելու կանոնները»,- ասաց 6-րդ դասարանի սան Դավիթը և ճամբարի առօրյայում հատկապես կարևորեց Վովա Վարդանովի հետ հանդիպումը՝ առանձնացնելով իրեն ամենաշատը տպավորած միտքը. «Երբեք պետք չէ հանձնվել և վախենալ, պետք է շարունակել պայքարել»:

Ճեմարանի ավագ սաների՝ ճամբարի մասին տպավորությունները ևս ոգևորող և հիշարժան էին: 10-րդ դասարանի սան Լիլիթ Թոփուզյանի համար ճամբարը մեծ հնարավորություն էր նոր մարդկանց հետ մտերմության համար, իսկ ճամբարի գաղափարը համարեց միասնությունը. «Յուրաքանչյուր սան գեթ մեկ անգամ պետք մասնակցի ճամբարին, դա այնպիսի փորձառություն է մարդու կյանքում, որից պետք է բոլորը օգտվեն, և կզգան թե այդ մի քանի օրերը ինչպես են վերածվում հեքիաթի»,- ասաց Լուսինե Խաչատրյանը:

Սոնա Հախվերդյան առաջին անգամ ճամարին մասնակցել է 10-րդ դասարանում. «2019 թվականի ամռանը ես բացահայտեցի «Հեքիաթ» ճամբարը, որից հետո ճամբարը բացահայտեց ինձ: Ես հասկացա, որ ինքս իմ մեջ և ինքս ինձ համար ապրելուց բացի, կարող եմ նաև հասարակության համար բաց լինել, շփվել իմ ավագ և կրտսեր ընկերների հետ: Բայց ամենակարևորը՝ 2021թվականի ճամբարը իմ մեջ զարգացրեց առաջնորդ լինելու սկզբունքը: Հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ ես դարձա մեր ենթաջոկատի ավագը և պատասխանատվություն էի կրում 12 սաների համար:

Այս տարի ջոկատավարների շարքում էր նաև ճեմարանի շրջանավարտ Աննա Նազարյանը: «Ճեմարանն ավարտելուց հետո Հեքիաթից դուրս չմնալու միակ ուղին ջոկատավար դառնալն էր, որի առաջին քայլերն արեցի անմիջապես ավարտելուց հետո և հենց այդ ժամանակվանից էլ հնարավորության դեպքում շտապում եմ միանալ «Հեքիաթին» մի նոր հեքիաթ ստեղծելու ու հիշողությունների ահռելի պաշար կուտակելու համար»։

«Ճամբարը այն հարթակն է, որտեղ յուրաքանչյուրը վերստեղծում է իր կերպարը, ինքնաարտահայտվում, բացահայտում դիմացինին ու դառնում համախմբված ընտանիքի անդամ։ Միևնույն առօրյայով կողք կողքի ապրում են 10 և 17 տարեկան երեխաներ, որոնք հավասար մասնակցություն ունեն ճամբարի օրակարգին. երգում են, պարում, սովորում, խաղում են նույնը, օգնում են իրար, որովհետև բոլորը համախմբված են մեկ ընդհանուր նպատակի շուրջ․ ունենալ անմոռանալի երկու շաբաթ և հնարավորինս ինտեգրվել նույնիսկ ամենաանշան գործողություններում։ Այս ամենից դուրս չեն կարող մնալ նաև ջոկատավարները։ Մենք ևս այդ ընտանիքի անդամ ենք և մեզնից է նաև կախված, թե ինչ մթնոլորտ կստեղծվի։ Ճամբարում ոչ թե մենք ենք բացահայտում երեխաներին, այլ մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ սանը ինքն է ուզում ինքնաբացահայտվել ու իր փոքրիկ ներդրումն ունենալ ճամբարի առօրյայում»-ասաց Աննա Նազարյանը։

Ճամբարում հետաքրքիր է յուրաքանչյուր րոպեն: Հետաքրքիր է դիտել, թե ինչպես է տասը տարեկան փոքրիկը ազգային պար սովորեցնում ավարտական դասարանում սովորող խոշոր ու թիկնեղ սանին։ Հետո ինչպես են բոլորը երեկոյան միասին հավաքվում ու լսում արդեն փորձառու ճամբարականների պատմություններն ու զվարճալի դեպքերը, ինչպես են քննարկում օրվա ընթացքում տեղի ունեցած մրցույթների արդյունքները, վիճում իրար հետ, ամեն մեկն իր ջոկատը պաշտպանում ու վերջում իրար գրկած ու հաշտված բարձրանում քնելու՝ իրար մեջ խոսելով, թե վաղը ինչ լավ օր են ունենալու ու որ վաղն անպայման կհաղթեն:

Դեպի «Հեքիաթ» 2022


Սիրելի ճեմարանականներ

Ամենասպասված, ամենասիրված, ամենահետաքրքիր, ամենահամարձակ «Հեքիաթ» ճամբարը մեկնարկում է։   

Հանքավանի գեղատեսիլ բնության գրկում «Հեքիաթ» ճամբարը կգործի  հատուկ մշակված ռազմաուսումնական ծրագրով, յուրահատուկ ու նոր լուծումներով։  

  

Շտապե՛ք գրանցվել, որովհետև միայն սաների համապատասխան քանակի դեպքում կկարողանանք գործարկել այս յուրօրինակ ու նմանը չունեցող ճամբարային ծրագիրը։  

   

1 հերթափոխ (սաներ) — 09.07-21.07 ժամանակահատվածում: 

2 հերթափոխ (սաներ) — 21.07-02.08 ժամանակահատվածում: 

   

1-ին և 2-րդ հերթափոխերի մասնակից սաները իրենց անձնական տվյալների և նախընտրած ժամկետների ներկայացման համար պետք է մինչև 2022թ. հունիսի  30-ը գրանցվեն տվյալ հղումով:


Հրամանին կարող եք ծանոթանալ այստեղ։