Արտադասարանական միավորումների գործունեությունը հնարավորություն է տալիս բավարարել սաների հետաքրքրությունները, ձևավորել անհրաժեշտ ունակություններ և կարողություններ, հաղորդել սաներին նոր գիտելիքներ:
Կից հղումով ներկայացված է 2018-2019 ուստարում նախատեսվող արտաուսումնական միավորումների վերաբերյալ տեղեկատվություն:
Սպորտային միավորումները նպաստում են սաների առողջությանը, թույլ են տալիս երկարատև մտավոր աշխատանքից հանգստանալ և թարմ ուժերով անցնել դասապատրաստմանը: Տարվա ընթացքում անցկացվում են ավանդական դարձած սպորտլանդիաներ, մրցումներ, սպարտակիադաներ, առաջնություններ թե ճեմարանականների միջև, թե այլ կրթական հաստատությունների հավաքական թիմերի հետ:
Կերպարվեստի և հագուստի մոդելավորման խմբակի սաները մեծ հաճույքով հաճախում են պարապմունքներին: Տարվա ընթացքում պատանի նկարիչները և դիզայներները ցուցադրում են իրենց աշխատանքները բազմաթիվ ցուցահանդեսներում: Մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ճեմարանի սաները անհատական ցուցահանդեսների հանդեպ:
Պարի ստուդիայի սաները տարվա ընթացքում ելույթ են ունենում տարբեր միջոցառումների ժամանակ, իսկ տարվա վերջում բոլորի առջև կայանում է հաշվետու համերգ:
Համակարգչի սիրահարները մեծ ոգևորությամբ հաճախում են «Պատանի ծրագրավորող» և «Ռոբոտաշինություն» միավորումների պարապմունքներին: Հմուտ ուսուցիչների օգնությամբ նրանք տիրապետում են համակարգչի հրաշալի աշխարհի գաղտնիքներին:
Պատանի ինտելեկտուալներն անընդհատ փորձում են իրենց ուժերը թե՛ ներճեմարանական, թե՛ համադպրոցական ամենատարբեր մրցույթներում և արդեն իսկ բազմաթիվ նվաճումներ ունեն:
Ճեմարանի թատերական ստուդիան իր ներկայացումներով զարմանք է առաջացնում, թվում է թե գտնվում ես մեծ թատրոնում, իսկ սաները վաստակավոր արտիստներ են:
Մեկից ավելի լեզուներով հաղորդակցվելը պարտադիր պահանջ է յուրաքանչյուր ճեմարանականի համար, այդ իսկ պատճառով ճեմարանում գործում են իտալերենի, իսպաներենի և ֆրանսերենի արտաուսումնական խմբակներ:
Ճեմարանի սաների արտաուսումնական առօրյան լի է միջոցառումներով`«Ուսուցչի օր», «Ճեմարանի սպարտակիադա», «Շիրակացու օրեր» փառատոն, «Պատանի ստեղծագործողներ»-ի ցուցահանդես, Ամանորի հանդեսներ, հանդիպումներ երգահանների, գրողների, արվեստագետների հետ և այլն: Բեմից հնչում են գեղարվեստական ելույթներ, ցուցադրվում են բեմականացումներ, անցկացվում են ինտելեկտուալ խաղեր, վիկտորինաներ, այլն:
Հարցերի դեպքում գրել NairaQyosayan@shirakatsy.am էլեկտրոնային հասցեով, կամ զանգահարել 077436443 հեռախոսահամարով՝ արտաուսումնական մասի տեսուչ Նաիրա Քյոսայանին
© 2022 Shirakatsy. Բոլոր իրավունքները պաշտպանված են