Բուհական խորհրդատվության ծառայությունը Ճեմարանում

Որպես կրթական ծրագրի օժանդակ բաղադրիչ՝ Շիրակացու ճեմարանում կարևոր տեղ է զբաղեցնում բուհական խորհրդատվության ծառայությունը:

Այսօր կրթական համակարգում առաջնային է ոչ միայն մասնագիտական ճիշտ կողմնորոշման անհրաժեշտությունը կրթական հետագա քայլերը մտածված կազմակերպելու համար, այլև լինելով միջազգային կրթահամալիր՝ կարևոր է տեսանելի և հասանելի դարձնել միջազգային կրթության լայն հնարավորություններն ու առաջարկները:

Նախ՝ ինչպես կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ապա՝ ինչ համալսարան ընտրել, որ երկրում, ինչպես դիմել, ինչպես պատրաստվել հարցազրույցների և այլ հարցերի ու խնդիրների պարագայում արդյունավետ ուղղորդումը անհրաժեշտություն է, և այդ հարցերն են, որ ընկած են բուհական կրթության խորհրդատվության հիմքում:

Գործընթացն իրականացվում է միջին դպրոցից սկսած, որպեսզի ուսումնասիրվող խորացված առարկաների ընտրությունը լինի նպատակային և սերտորեն առնչվի հետագա մասնագիտության ընտրության հետ:

«Բուհական խորհրդատվության դերը կարևոր է, քանի որ սաներից շատերը հստակ չեն կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում, իսկ երբեմն էլ սեփական նախասիրությունները շփոթում են ապագա մասնագիտության հետ:  Բուհ և մասնագիտություն ընտրելիս պետք է նաև հաշվի առնել աշխատաշուկան և հետագա աշխատանքի հեռանկարները»,- ասաց բուհական խորհրդատու Ռոզա Ջելադյանը:

Որքան էլ կարևորվում են սանի նախասիրությունները, կան որոշակի հարցեր, հետազոտական փուլեր և ինքնավերլուծական աշխատանքներ, որոնք ի վերջո օգնում են վերջինիս գալ եզրահանգման՝  մասնագիտական կողմնորոշման և բուհի ընտրության հարցում:

«Սանին ճիշտ կողնորոշելու համար առաջին հերթին պետք է համալիր պատկերացում ունենալ կրթական համակարգից, կրթական նորություններից, փոփոխություններից, արտասահմանյան, ինչպես նաև տեղական բուհերի ընդունելիության սկզբունքներից: Դիմորդին ճիշտ կողմնորոշում տալիս,  կարևորվում է նաև  հոգեբանական կրթությունը և աջակցությունը»,- ասաց Ռոզա Ջելադյանը:

Շատ են լինում դեպքեր, երբ սանը երկար ժամանակ հիմնվում է մեկ մասնագիտության վրա, սակայն արդյունքում ընտրում է լրիվ այլ մասնագիտություն:

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սանը հստակ չի պատկերացնում նախընտրած մանագիտության դրական և բացասական կողմերը: Եվ որպեսզի դիմորդի մոտ պատկերացում կազմվի նրանց տրվում է համապատասխան ձևաթուղթ յուրաքանչյուր մասնագիտության համար, որտեղ նշված  է դրական և բացասական կողմեր, մասնագիտության մեջ հաջողության հասնելու սկզբունքներ, որի ուսումնասիրությունից հետո սաները կարողանում են  գալ ընտրության:

«Մենք սաներին առաջարկում ենք այնպիսի բուհեր և բուհական ծրագրեր, որոնք բավականին մեծ պահանջարկ են վայելում, ինչն էլ հնարավորություն է տալիս աշխատատեղերի ավելի լայն շրջանակ դիտարկել, ինչպես նաև փորձում ենք մասնագիտական ընտրությունը համատեղել իրենց նախասիրությունների և ուսման մեջ ժամանակի ներդրման հետ»:

«Ամեն տարի կա պահանջված մասնագիտությունների ցանկ, այս տարի այդ  ցանկում գերակշռում է բիզնես կառավարումը, IT-ին և բժշկությունը: Իսկ թե տվյալ մասնագիտությունը ստանալու համար բուհի և երկրի ընտրությունը պայմանավորված է ֆինանսներով»:

Արտասահմանյան բուհեր դիմելիս  առկա են  որոշակի կանոններ և սկզբունքներ: Կան մի քանի միջազգային ավագ դպրոցի ծրագրեր, որոնք բուհերի կողմից ճանաչված են և վստահություն են վայելում (IB, AP):  Նման ծրագրերով ուսանած դիմորդներին մեծ նախապատվություն է տրվում ընդունելիության ժամանակ, ինչպես նաև չի պահանջվում լեզվի հավելյալ քննություն, քանի որ հետևյալ ծրագրով ուսանած սաները բավականաչափ տիրապետում են լեզվին: Ազգային ծրագրի սաները նույնպես հնարավորություն ունեն ընդունվելու  արտասահմանյան բուհեր, սակայն այս պարագայում գործընթացը փոքր-ինչ բարդ է:

Ճեմարանում բուհական խորհրդատվության շրջանակում իրականացնում են մի շարք գործառույթներ՝ ստեղծելով ինֆորմացիոն դաշտ, որը սաներն օգտագործում են ըստ իրենց պահանջների: Բուհական խորհրադատուն կազմակերպում է բազմաբնույթ սեմինարներ, հանդիպումներ մասնագիտության կողմնորոշման, մասնագիտությունների և բուհերի առանձնահատկությունների վերաբերյալ՝ սանին օգնելով ինքնուրույն հետազոտելու և կողմնորոշվելու: Սովորողների հետ քննարկում է համալսարաններ դիմելու գործընթացի հետ կապված հարցեր, սովորեցնում՝ ինչպես գրել ինքնակենսագրական, էսսե և այլն:

Բուհական խորհրդատուն մատը՝ զարկերակի վրա ուսումնասիրում տարբեր համալսարանների ընդունելության կարգերը, պահանջներն ու պայմանները և սաներին պարբերաբար տեղեկացնում է տարատեսակ հնարավորությունների մասին. «Արտասահմանյան բուհեր դիմելը երկարատև գործընթաց է, որին սաները սկսում են պատրաստվել մոտավորապես  մեկուկես տարի  առաջ»,- ասաց Ռոզա Ջելադյանը:

Ճեմարանի՝ 1000 և ավելի շրջանավարտները սովորել և սովորում են Հայաստանի և աշխարհի առաջնակարգ բուհերում, նրանցից շատերը բարձրագույն դիրք և պաշտոններ են զբաղեցնում գիտության տարբեր բնագավառներում:

Կից տարբեր տարիների շրջանավարտների՝ բուհեր ընդունելության արդյունքներն են: