Միջազգային բակալավրիատ

Հանրակրթության ասպարեզում միջազգային կրթություն հասկացությունը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` երկրագնդի վրա կրթության միջոցով խաղաղություն ապահովելու նպատակով: Հետագայում միջազգային կրթությունը թե՛ հանրակրթական, թե՛ ԲՈՒՀ-ական մակարդակում լուրջ զարգացում է ապրել: Հանրակրթության ոլորտում Միջազգային բակալավրիատ կազմակերպությունն (International Baccalaureate Organization) աշխարհում առաջատարն է:

Միջազգային բակալավրիատ կազմակերպությունը հիմնադրվել է 1968 թ.-ին ՄԱԿ-ի Նյու Յորքի և Ժնևի միջազգային դպրոցների նախաձեռնությամբ, հանդիսանում է միջազգային ոչ կառավարական կազմակերպություն և ունի խորհրդատվական կարգավիճակ Եվրախորհրդում ու Յունեսկօ-ում:

Միջազգային բակալավրիատի առաքելությունն է՝ ձևավորել և զարգացնել հետաքրքրասեր, բանիմաց եւ հոգատար երիտասարդներ, ովքեր կստեղծեն ավելի լավ ու խաղաղ աշխարհ` միջմշակութային փոխըմբռնման և հարգանքի շնորհիվ:

Ի՞նչ է Միջազգային բակալավրիատի կրթական ծրագիրը

Միջազգային բակալավրիատի կրթական ծրագիրը նախատեսված է 3-19 տարեկանների համար` ըստ մակարդակների` Կրտսեր դպրոցի ծրագիր՝ Primary Years Programme (PYP, 1997թ.), Միջին դպրոցի ծրագիր (MYP, 1994թ.), Դիպլոմային ծրագիր (DP, 1968Թ.) և Կարիերայի ծրագիր (CP, 2012թ.):

ԾՐԱԳԻՐ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԻՔԸ

Կրտսեր դպրոցի ծրագիր` նախադպրոցական, I-IV դաս (3 – 12 տարեկան աշակերտների համար)

Միջին դպրոցի ծրագիր` Middle Years Programme (MYP), 1994 թ-ից V-X դաս (11 – 16 տարեկան աշակերտների համար)

Դիպլոմային ծրագիր ավագ դպրոցի համար ` Diploma Programme (DP), 1968 թ-ից XI-XII դաս (16-19 տարեկան աշակերտների համար)

Կարիերայի ծրագիր` Career- related Programme (CP), 2012թ- ից XI-XII դաս (16-19 տարեկան աշակերտների համար)


· Ծրագրերի կենտրոնում սովորողն է

· Առաջարկում է ժամանակակից մոտեցումներ արդյունավետ ուսումնառության և դասավանդման համար

· Առաջարկում է սովորողների համար կարևոր նշանակություն ունեցող բովանդակություն գլոբալ համատեքստում, ըստ որում՝ մինչև 16 տարեկանների համար դասավանդման լեզուն ընտրում է դպրոցը, իսկ Դիպլոմային ծրագիրը կարող է իրականացվել ՄԲ պաշտոնական երեք լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն:


Դպրոցները կարող են ընտրել իրականացնել ծրագրերից որևէ մեկը, մի քանիսը կամ բոլորը: Սովորողների համար մեկ աստիճանից մյուսն անցնելու համար ՄԲ կրթական ծրագրով շարունակելը պարտադիր չէ:

Իր առանձնահատկություններից ելնելով` այս համակարգը կրթության կազմակերպման համար թույլ է տալիս իրականացնել տարբեր մոտեցումներ, բացահայտում է այդ հարցում ձեռքբերումների և նպատակների ընդհանրությունը, գործունեության մեթոդների և տեխնիկայի ընտրության լայն ասպարեզ է բացում` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները:

Միջազգային բակալավրիատի կազմակերպությունը բարենպաստ պայմաններ է ապահովում շնորհալիությամբ օժտված երեխաների համար` տարբեր միջավայրերում հեշտությամբ հարմարվելու և արագ զարգանալու գործում:

ՄԲ կազմակերպության դպրոցներն ապահովում են միջազգային ամենաբարձր չափանիշներին և ժամանակի պահանջներին համապատասխան բարձրակարգ կրթություն, որի վառ ապացույցն է, որ աշխարհի 75 երկրների ավելի քան 2300 առաջատար համալսարաններում Միջազգային բակալավրիատի դիպլոմը համարվում է այցեքարտ` հնարավորություն ընձեռելով առանց լրացուցիչ քննությունների ընդունվելու նշված համալսարաններ:


Վիճակագրական տվյալներ

2018թ. օգոստոսի դրությամբ, Միջազային բակալավրիատի ծրագրերն իրականացվում են 153 երկրների 4949 դպրոցներում, ըստ որում հաշվի առնելով, այս դպրոցներից մի մասն իրականացնում է ՄԲ կողմից առաջարկվող վերը նշված չորս ծրագրերից մի քանիսը, ապա իրականացվող ծրագրերի թիվը կազմում է 6399 (աղբյուր` https://www.ibo.org/about-the-ib/facts-and-figures/):

Առնվազն երեք շարունակական ծրագիր (PYP/MYP/DP կամ PYP/MYP/CP) կամ էլ բոլոր չորս ծրագրերն իրականացնող դպրոցների թիվն ամբողջ աշխարհում կազմում է 356, որոնց 95%-ը մասնավոր դպրոցներ են: Երկրների բաշխվածության իմաստով, այդ դպրոցների ամենամեծ քանակը Չինաստանում է` 27, որից հետո առաջատար երերներից են Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան, Ավստրալիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ինդոնեզիան, Իսպանիան և Գերմանիան:

Նման դպրոցներ գործում են 89 երկրներում: Հայաստանում «Շիրակացու ճեմարան»-ը միակն է, որն ապահովում է ՄԲ երեք ծրագրերի շարունակականությունը:

Միջազգային դպրոցների բաշխումն ըստ տարածաշրջանների հետևյալն է`

· Հյուսիսային և Հարավային Ամերիկա` 59,2%

· Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա` 23,3%

· Ասիա և Խաղաղ օվկինոս` 17,5%

Խորհրդային Միության փլուզումից հետո միջազգային բակալավրիատի դպրոցներ ստեղծվեցին նաև այս տարածաշրջանում, ընդ որում նախկին 15 հանրապետություններից ՄԲ դպրոցներ չկան միայն չորսում` Բելառուսում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում: Դպրոցների քանակն ըստ երկրների ներկայացված է ստորև աղյուսակում`

# Երկիր Դպրոցների քանակ

1. Ռուսաստան 40

2. Ղազախստան 9

3. Ադրբեջան 7

4. Լատվիա 6

5. Լիտվա 4

6. Ուկրաինա 4

7. Էստոնիա 4

8. Հայաստան 3

9. Վրաստան 2

10. Ուզբեկստան 1

11. Ղրղզստան 1


ՄԲ ծրագրերը «Շիրակացու ճեմարան»-ում

«Շիրակացու ճեմարան»-ում իրականացվում են ՄԲ 3 ծրագրերը` կրտսեր դպրոցի, միջին դպրոցի և դիպլոմային ծրագիրը` ընդգրկելով 3-18 տարեկան սովորողներին: Հաշվի առնելով Հայաստանի կրթական համակարգի առանձնահատկությունները` տարքային բաժանումը կատարվում է ըստ ՀՀ օրենսդրության պահանջների:

Կրտսեր դպրոցի ծրագիրը հավաստագրվել է ՄԲ գրասենյակի կողմից 2013 թ-ին, իսկ միջին դպրոցի և դիպլոմային ծրագրերը` 2014 թ-ին: ՄԲ գրասենյակը պարբերաբար իրականացնում է գնահատման այցելություններ`կրթական ծրագրերի իրականացումն ըստ պահանջների և մշակված ստանդարտների ապահովելու նպատակով: 2017 թ.-ին ՄԲ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են «Շիրակացու ճեմարան»-ի կրտսեր դպրոց: Գնահատման այցելության արդյունքում արձանագրվել է ծրագրի իրականացման արդյունավետությունը արդի դասավանդման մեթոդների կիրառման, գնահատման գործընթացի իրականացման, գնահատման գործիքների մշակման, ուսուցիչների վերապատրաստման բնագավառներում:

Կարևորելով միջազգային համագործակցությունը և գիտակցելով փոխանակման ծրագրերի ազդեցությունը սաների աշխարհընկալման և ազատ մտածողության զարգացման վրա` «Շիրակացու ճեմարան»-ը հանդիսանում է միջազգային կրթության ոլորտում մի շարք ասոցիացիաների լիիրավ անդամ:

2008 թ.-ից «Շիրակացու ճեմարան»-ը ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի լիիրավ անդամ է: Ասոցիացիան ստեղծվել է 2006 թ.-ին` Ռուսաստանի դաշնության մի շարք դպրոցների և Ղազախստանի «Նուրսուլթան Նազարբաևի կրթության հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը ընտրվել է որպես վերջինիս կառավարման մարմնի անդամ 2012 թ-ից: «Շիրակացու ճեմարան»-ը անդամակցում է նաև «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների ասոցիացիային, Մերձավոր Արևելքի ՄԲ դպրոցների ասոցիացիային և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը: