
Պայծառ ու վառվռուն աչուկներ, զուսպ ուրախություն, անթաքույց հուզմունք ու անկեղծ ժպիտներ․ հունիսի 10-ին և 11-ին Սյունիքի մարզի երկու քաղաքներում՝ Մեղրիում և Գորիսում, կայացավ Բաց օլիմպիադա 2022-ի փակման արարողությունը։
Այս տարի առաջին անգամ Երևանից բացի հանրակրթական Բաց օլիմպիադան 4-ից 8-րդ դասարանցիների համար անցկացվեց Սյունիքի մարզում և Արցախում։
Սյունիքի մարզից օլիմպիադային մասնակցեց 187 աշակերտ՝ այդ թվում՝ Գորիսի, Խնձորեսկի, Տեղի, Մեղրիի, Կապանի, Ագարակի դպրոցներից, որոնցից 55-ն արժանացավ գովասանագրերի, 16-ը՝ դիպլոմների։
Սյունիքում հանրակրթական համագումարային արդյունքներով հաղթողներ չեղան․ քչերն էին մասնակցել բոլոր առարկաներին միաժամանակ, բայց փոխարենը եղան մրցանակակիրներ՝ մարզի լավագույն արդյունք անվանակարգում։
«Բաց օլիմպիադան մարզերում իրականացնելու միտքը վաղուց կար, անցած երկու տարիների համաճարակային իրավիճակը թույլ չտվեց իրականացնել, իսկ այս տարի փորձնական ընտրվեցին Սյունիքն ու Արցախը՝ հետագայում իրականացման «աշխարհագրությունն» ավելի ընդլայնելու նպատակով,- ասում է Բաց օլիմպիադայի կազմկոմիտեի անդամ Տաթևիկ Արզումանյանը։ Մասնակիցների թիվը, ստացված արդյունքներն ու այն խանդավառությունը, որ տեսանք այս ընթացքում՝ թե օլիմպիադայի ժամանակ, թե հիմա, ոգևորիչ են և հաստատում են, որ մեր ջանքերն ու այն ահռելի աշխատանքը, որ իրականացրեց ճեմարանական թիմը, զուր չեն եղել, և մենք լիովին հասել ենք մեր նպատակին․ այն է՝ մարզերի երեխաներին նույնպես հնարավորություն տալ մասնակցելու, փորձելու ուժերը և տարեցտարի տեսնելու իրենց հաղթանակն ու աճը իրենք իրենց նկատմամբ»։
Մնա՛ս բարով, համարձակ, հուզառատ Բաց օլիմպիադա 2022, բարի՛ գալուստ Բաց օլիմպիադա 2023։