Օրերս Շիրակացու ճեմարանում բացվեց հուշաղբյուր-կոթող՝ նվիրված արցախյան պատերազմում զոհված ճեմարանականներին՝ Լևոն Խուրշուդյան, Արեն Մեհրաբյան, Տիգրան Շաշիկյան, Էդուարդ Չիչյան:

Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն իր խոսքում նշեց, որ հուշաղբյուր բացելու միտքը Ավագ դպրոցի սան Ինգա Ղահրամանյանին է. «Արդեն 6 տարի է, ինչ ճեմարանական ընտանիքի անդամ եմ և ինձ մի հարց եմ տալիս՝ ի՞նչու ճեմարանի բակում չունենք ցայտաղբյուր: Այս միտքը իմ գլխում է եղել շատ երկար ժամանակ, բայց վերջնական ցանկություն առաջացրեց անցած տարվա դաժան ժամանակահատվածը, երբ մեր շրջանավարտներից չորսը հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի: Կարծում եմ՝ մենք կարող ենք ունենալ այնպիսի ցայտաղբյուր-հուշարձան, որը նվիրված կլինի մեր հերոս տղաների հիշատակին»,- գրել էր Ինգան տնօրենին ուղղված նամակում:

Միջոցառմանը մասնակցում էին զոհված տղաների ծնողները, հարազատները, դասընկերներն ու ուսուցիչները, Ճեմարանի տնօրենությունը: Իր երգ-աղոթքով միջոցառմանը միացավ նաև «Ագապե» երգչախումբը:

«Այսօրվա օրը շատ կարևոր խորհուրդ ունի, ինչքան տարիներ էլ անցնեն, միևնույնն է՝ մենք ապրելու ենք այն մեղքի զգացումով, որ մենք կանք, իսկ մեր տղաները չկան»,- ասաց տնօրեն Աշոտ Ալիխանյանը:

«Ուրախ եմ, որ ճեմարանում կարողացանք իրագործել հուշաղբյուրի բացումը: Սա նվազագույնն է, որ կարող էինք անել բոլոր հերոսների համար, խոնարվում եմ մեր բոլոր զինվորների և իրենց ծնողների առաջ»,- ասաց Ինգա Ղահրամանյանը:

Հուշաղբյուր-կոթողի օրհնության կարգը կատարեց Տեր Հայկ քահանա Սահակյանը:

Շատ մշակույթներում ջուրն ու ծառը կյանքի և հավերժության խորհրդանիշներ են. որպեսզի «ջրի» խորհուրդը ամբողջանա «ծառի» խորհրդի հետ, աղբյուրի առջևի փոքրիկ այգում զոհված զինվորների հարազատներն ու ընկերները տնկեցին անվանական մեկական կաղնի, այսպիսով՝ հերոսների հիշատակին նվիրված համալիրի առանցք համարվող աղբյուրի ջուրը կհոսի դեպի այգի՝ հերոսների հիշատակին նվիրված ծառերին կյանք պարգևելու։