«Հոկտեմբերի 25, 26, 28-ին Ճեմարանում մեկ գաղափարի շուրջ էինք հավաքել մոտ 70 սաների, որոնք իրենց աշնանային արձակուրդը որոշել էին անցկացնել ճեմարանում՝ առկա անհանգստացնող խնդիրների լուծումները գտնելով: 
Շիրակացու պառլամենտի նստաշրջանի հենքը դրվում է հենց առաջին օրը՝ team-building խաղերի միջոցով: Կոմիտեները ճանաչողական բնույթի խաղեր են խաղում, միմյանց հետ մտերմանում և ստեղծում աշխատելու համար նպաստավոր պայմաններ: Այնուհետև առանձնացնում են իրենց կոմիտեի թեմային առնչվող հարցերն ու սկսում գտնել դրանց լուծումներ:


Այս նստաշրջանին կոմիտեները 5-ն էին: Դրանցից մեկը զբաղվում էր Արցախից ճեմարան ժամանած արցախցի սաներին ուսումնական և արտաուսումնական ծրագրին լիովին ինտեգրելու խնդրով: Կոմիտեի անդամները ցանկություն էին հայտնել զրուցել ճեմարանում սովորող արցախցիների հետ, պարզել, թե ինչ խնդիրների հետ են բախվել և ինչ ակնկալիքներ ունեն: Կոմիտեն ներկայացրել էր խնդիրներ, ինչպիսիք են լեզվական խնդիրը, հոգեբանական ճնշվածությունն ու մշակութային ցնցումները և առաջարկել էր կազմակերպել արտաուսումնական հանդիպումներ, անհատական հոգեբանական հանդիպումներ, անցկացնել թիմային խաղեր, այդ թվում՝ արժևորել արցախյան մշակույթը ճեմարանում՝ ստեղծելով «Արցախի անկյուն»: 


Ճեմարանի սոցիալական մեդիա մարքեթինգի հարցով զբաղվող կոմիտեի կողմից առաջարկվել է կատարել մի շարք բարեփոխումներ ճեմարանի կայքէջում և մի շարք այլ թարմացումներ միջին և ավագ դպրոցների ինտագրամյան և ֆեյսբուքյան էջերում: 
Սաների մեկ այլ խումբ, աշխատելով կանոնակարգային խնդիրների կոմիտեում, փորձել է գտնել լուծումներ իրենց հուզող ամենօրյա հարցերին, ինչպիսիք են՝ սաների կողմից հեռախոսի օգտագործման հարցը, ելումուտի հարցը, պատշաճ հագուկապը և այլն, և առաջարկել ավելացնել հեռախոսների օգտագործման համար թույլատրելի վայրերը, եթե դրանք չեն խոչընդոտի ուսումնական պրոցեսին, կազմել առցանց թարմացվող ցանկ սաների դուրս գալու համար, ինչպես նաև սահմանել ճեմարանականին հարիր հագուկապը՝ ներառելով միջազգային դպրոցների հագուստի վերաբերյալ չափանիշները: 


Մշակութային միջոցառումների և տոների կազմակերպման հարցով զբաղվող կոմիտեն առաջարկել է սովորողների խորհրդին ճեմարանականներին հանձնել հավաստագրեր յուրաքանչյուր միջոցառմանը կամ դրա կազմակերպմանը մասնակցելու համար՝ նրանց ավելի մոտիվացնելու նպատակով, ինչպես նաև ստեղծել տոնակատարությանը համապատասխան մթնոլորտ՝ ապահովելով համապատասխան ճաշացանկ, զարդարանք, երաժշտություն: 
Եվ վերջին՝ 5-րդ կոմիտեն, զբաղվում էր ճեմարանում քովիդ 19-ի կանոնների խստացման ուղղությամբ և քննարկումների արդյունքում որոշել էին առաջարկել տնօրենությանը՝ ապահովել դահլիճում սաների մեկումեջ դասավորվածությունը՝ դահլիճում ամեն երկրորդ աթոռին նշան փակցնելով, խստացնել վարակի տարածման շղթայի կասեցման միջոց հանդիսացող ախտահանիչ նյութերից օգտվելու կարգը՝ հորդորելով ուսուցիչներին պարտադրել բոլոր սաներին ախտահանել ձեռքերը և սեղանները դասը սկսելուց անմիջապես առաջ և այլն: 


Նստաշրջանի վերջին օրը` գլխավոր ասամբլեայի ժամանակ բոլոր կոմիտեները ներկայացրին իրենց լուծումները և քվեարկության միջոցով որոշվեց լուծումների բանաձևն ընդունվում է, թե ոչ: Այս նստաշրջանի ավարտին ահա ունենք 5 լուծումների բանաձևերից 5 ընդունված և անհամբեր սպասում ենք դրանց մոտալուտ իրականացմանը»: 


Արինե Խանլարի, 12-րդ դասարան