Տարեմուտը սկսենք բարի գործերով և կարևոր նախաձեռնությունների՝ այս դեպքում Կրտսեր դպրոցի «Օգնելով ուրիշներին՝ օգնում ենք ինքներս մեզ» ծրագրի շարունակականությամբ: 
Ծրագրի իրականացման հերթական հասցեատերը արցախցի երեխաներն են, նախաձեռնության հեղինակը 481 խմբի ծնող Դիանա Գրիգորյանն է, որը զբաղվում է Արցախի երկու սահմանամերձ՝ Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի կրթական ծրագրերի բարելավման և աջակցության հարցերով: 
Նախնական այցելության ընթացքում պարզ էր դարձել, որ Կարմիր Շուկայի դպրոցի արվեստի դասասենյակը վերանորգված է, սակայն ունի կահավորման և պարագաների կարիք՝ խթանելու երեխաների ստեղծագործական գործընթացը: 
Երեխաներն ուզում էին նաև դպրոցում նկարչության խմբակ ունենալ։ 
Որոշվեց ցուցահանդես վաճառքից գոյացած գումարի մի մասը (200.000 դրամ) հատկացնել և աջակցել այս հետաքրքիր, միևնույն ժամանակ կարևոր գործին:
Այսպիսով՝ արվեստի դասասենյակը համալրվեց մոլբերտներով և նկարչական բազմապիսի պարագաներով։ Շատ շուտով դպրոցում կգործի նաև նկարչության խմբակը։ Կրտսեր ճեմարանականները իրենց արցախցի ընկերներին նամակի միջոցով ուղարկեցին նաև իրենց ջերմությունը ՝ մաղթելով խաղաղ երկինք և ուսումնական հաջողություններ: Չուշացավ նաև ոգևորիչ պատասխանը։ Ճեմարանականները մեծ ուրախությամբ ընթերցեցին Կարմիր Շուկայի երեխաների նամակները և իրենց հարթակում ցուցադրեցին նրանց ուղարկած նկարները։
Արդյունքում՝ դրվեց հեռակա ընկերության և ապագայում իրական հանդիպման հիմքը: