Արցախում բացում ենք Արցախի Շիրակացու ճեմարանը. մայիսի 7-ին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախաձեռնությամբ և նախագահ Արայիկ Հարությունյանի բարձր հովանավորությամբ կնքեցինք համագործակցության հուշագիր: 
Ստորագրված փաստաթուղթը սովորական փաստաթուղթ չէ, այն գաղափարները, որոնք դրված են այդտեղ, համոզված եմ՝ կարճ ժամանակահատվածում՝ մի քանի տարիների ընթացքում, Արցախը կդարձնեն կրթական ինդուստրիայի համաշխարհային կենտրոններից մեկը, դա է Արցախի ապագան: 
Արցախում մեր կրթական սկիզբն է ու լինելու է շարունակությունը՝ գիտակրթական մտքի, հայրենապահպանության ու աննկուն ոգու: 
Այս քայլը չափազանց պատասխանատու է, մարտահրավերային, բայց միևնույն ժամանակ նույնքան ոգևորիչ և ապրեցնող, որքան տարիներ առաջ, երբ նախանշվեց Ճեմարանի ծնունդը։ Երեք տասնամյակ անց մենք նույն առաքելությամբ ու սկզբունքայնությամբ արմատներ կգցենք Արցախում, որ շենացնենք ու հզորացնենք հայրենիքը։ 
Իմ սենյակում փակցված պատվելի Վազգեն Առաջինի լուսանկարին նայելիս կարծես լսում եմ Վեհափառի խոսքերը․ «Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը՝ առաքինություն»։ Մենք մեր բաժին առաքինությունն ստանձնել ենք՝ մեր առաքելությամբ․ կրթել սերունդներին, կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորականներ և քաղաքացիներ։  
Որպես հենք՝ ամենակարևորը ունենք․ գաղափարախոսություն, գործով ու փորձով թրծված նվիրյալ ճեմարանականներ, մեկնարկային լավ պայմաններ, պարտավորություն՝ հայրենիքի և հավատ՝ մեր ապագա սերունդների հանդեպ։ Մեզ վստահված այդքան մեծ պատասխանատվություն ունենք, բայց նաև մեծ համախոհ ու համաքայլ ընթացող առաջամարտիկ ունենք՝ ի դեմս պարոն Բեգլարյանի։  
Երբ պարոն Բեգլարյանին հյուրընկալեցինք Ճեմարանում, սաներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչ կարող ենք մենք անել Արցախի համար, հնչեց պատասխանը՝ պետք է Արցախում հիմնել Ճեմարան։ Միտքը հնչեց, մեկնարկը տրվեց․ այսօր աշխատանքները բոլոր ուղղություններով տարվում են, հանդիպումներն ու քննարկումները շարունակվում են՝ սեպտեմբերից դպրոցի գործունեությունը սկսելու նպատակով։
Գուցե բարձրագոչ հնչի, բայց ես վստահ եմ, որ կարևոր այս քայլով Ճեմարանը իրականացնում է Անկախության հռչակագիրը՝ մեր երազանքների, մեր բոլոր հույսերի ու հաղթանակների բանաձևը: 
Ի՛ գործ․․․