
Գիտություն առարկայի շրջանակում առաջին անգամ իրականացվեց STEAM նախագծային ուսուցում:
Այս ուսումնական տարվա ընթացքում 11-րդ դասարանի տնտեսագիտական և հումանիտար խմբերը ուսումնասիրել են գիտություն առարկան, որը ներառելէ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության տարրեր: Առաջին կիսամյակի ընթացքում ուսումնասիրելով տեսական նյութեր, իրականացնելով հետազոտական աշխատանքներ` սովորողները ձեռք են բերել բազում գիտելիքներ, որոնցից վերցնելով տարբեր գաղափարներ հիմք են դրել նախագծերի շուրջ կայանալիք աշխատանքի համար:
Սովորողները ընտրել են բազմապիսի ծրագրեր, որոնց շուրջ նախագծերի իրագործումը կարող է և՛ օգուտ տալ հանրությանը, և՛ դրականորեն ազդել շրջակա միջավայրի վրա:
Աշխատանքների իրականացումը բաղկացած է եղել մի քանի փուլերից: Նախնական փուլում ընտրվել են նախագծերի թեմաները, մշակվել է նպատակը: Ուսումնասիրությունների միջոցով սովորողները հավաքագրել են տեղեկություններ ու մշակել վերջնարդյունքի վերաբերյալ գրական ակնարկ: Որոշներն իրենց նախագծի հիմնական նպատակն են դարձրել սերունդի կրթությունը և որպես վերջնական արդյունք պատրաստել տարատեսակ խաղեր: Դրանք ուղղված են գիտական առարկաների շուրջ գիտելիքներ փոխանցելուն և իրենց իմացածը ստուգելուն: Բացի խաղերից տեղեկատվությունը փոխանցելու այլ պատկերավոր միջոցներ նույնպես ներառվել են, որոնցից մեկը շատ խմբերի կողմից ստեղծված մակետներն են:
Շատերը, մտածելով մարդկանց՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության մասին և հաշվի առնելով բնապահպանական խնդիրների արդիականությունը, կազմակերպել են տարբեր նյութերի հավաքագրում և վերամշակում: Գիտության և տեխնոլոգիայի զարգացման հետ մեկտեղ մարդիկ ստեղծում են նորը՝ կյանքը հեշտացնելու և էլ ավելի լավը դարձնելու համար:
Սովորողները, կատարելով բազմաթիվ հետազություններ, կարողացել են ստեղծել նմանատիպ սարքեր և նյութեր: Նախագծերի արդյուքների ներկայացմամբ էլ ամփոփվեցին սովորողների ձեռքբերումները: