«Ոչ թե գրադարանը ճեմարանում, այլ ճեմարանը՝ գրադարանում»

Աշոտ Ալիխանյան

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանը վերակառուցվել է 2018-ի հոկտեմբերին՝ Շիրակացու զարգացման հիմնադրամի նախաձեռնության և բազմաթիվ հովանավորների շնորհիվ։ Զուգահեռ գործում է նաև Կրտսեր դպրոցի գրադարանը, որը սպասարկում է կրտսեր տարիքի սովորողներին։ 

Ավելի քան 20 000 միավոր գրականություն փոխանցվել է Երևանի հմ 94 ՄՊՏՈՒ-ից և անհատ նվիրատուներից։ Գրքերի ցանկում եղել են նաև հնատիպ գրքեր, դրանցից ամենահինը թվագրված է՝ 1888 թվական։ Բոլոր գրքերը ցուցադրված են «Հնատիպ գրքերի նմուշներ» խորագրի ներքո։ Այս կարևոր կառույցում շատերն են աշխատել, գրադարանի առաջին ղեկավարը՝ Մաթևոս Պողոսյանն էր, նրանից հետո աշխատել են Գայանե Առաքելյանը, Աշխեն Թովմասյանը, Աղավնի Սարգսյանը, Նելլի Գևորգյանը, Գոհար Ղալաչյանը, Լուսինե Քոչարյանը, Արուսյակ Մելքոնյանը:  2013 թվականից գրադարանը ղեկավարում է Ռուզաննա Եղիկյանը: 04/06/2014 –ին հաստատվեց գարդարանից օգտվելու և գործունեության նոր կարգը: Ժամանակին համընթաց, գրադարանից օգտվելու կարգը մշտապես ենթարկվում է փոփոխությունների, շարունակական այս գործընթացը նպատակաուղղված է գրադարանի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ 2014-ին թեև գրադարանի շենքային պայմանները դեռևս բարելավված չէին, սակայն իր բովանդակային աշխատանքներով գրադարանը գոհացուցիչ արդյունքներ է ներկայացրել 2014 թվականի հունիսի 25-ին՝ Միջազգային բակալավրիատի կազմակերպության կողմից կրթահամալիրի հավաստագրման գործընթացում։ 

2021 թվականին կրթահամալիրի գրադարանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հ/կ-ի հայտարարած «Լավագույն գրադարան» անվանակարգում մրցույթին, և ստացել «Հատուկ մրցանակ»։ Մրցույթին մասնակցել են 70 պետական, համայնքային և այլ կազմակերպությունների գրադարաններ: «Մեր գրադարանը բնորոշվեց որպես յուրահատուկ ու տարբերվող՝ կատարված աշխատանքներով և ներկայացման ձևաչափով»,- ասաց Ճեմարանի գրադարանավար Ռուզաննա Եղիկյանը՝ կարևորելով մրցույթին մասնակցությունը այն մեկնաբանմամբ, որ հաջողված գրադարանի փորձը օրինակելի և տեսանելի լինի նաև մյուսների համար: 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանը 2014 թվականից պայմանագրային հիմունքներով օգտվում է Հայաստանի Ազգային գրադարանի, ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական գրադարանի պահոցներից՝ միջգրադարանային ծառայության միջոցով, անդամակցում է Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիային՝ օգտվելով հասանելի ռեսուրսներից։ Բաժանորդագրված է Turnitin հարթակին և  Britannica առցանց հանրագիտարանին. հասանելիությունը ճեմարանի համակարգիչներից։

Գրադարանային ծառություններին զուգահեռ գրադարանը ներգրավված է ողջ ուսումնական գործընթացում՝ կազմակերպիչ և մասնակից դառնալով կրթահամալիրում իրականացվող միջոցառումներին։ Գրադարանի շենքային պայմանների բարելավումը թույլ տվեց ընդլայնել սպարակման ոլորտը՝ ներառելով Ջրվեժ համայնքի երեխաներին ևս: 

Գրադարանի մասին առավել մանրամասն պատմող տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ։