Գիտամեթոդական կենտրոն

   Շիրակացու ճեմարանի գիտամեթոդական կենտրոնը հիմնվել է 2014 թվականի սեպտեմբերին: Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է հետևյալ ուղղություններով.

Մեթոդական աշխատանք 

  • սեմինար պարապմունքներ՝ «Սովորենք միասին, սովորենք միմյանցից»

    Պարբերաբար անցկացվում են սեմինար պարապմունքներ՝ ուսուցիչներին մանկավարժական-մեթոդական գիտելիքներով, կարողություններով զինելու, միմյանց փորձ ուսումնասիրելու համար: Սահմանված ժամանակացույցով ճեմարանի ուսումնամեթոդական գծով փոխտնօրենը, գիտամեթոդական կենտրոնի ղեկավարը, ծրագրերի համակարգողները, հոգեբանները, ստեղծարար և փորձառու ուսուցիչները, ակտիվ ուսուցման սկզբունքով, նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ կիրառելով, սեմինարներ են վարում և գործընկերներին տեղեկացնում Միջազգային բակալավրիատի ուսուցման և ուսումնառության մոտեցումների, գործնականում դրանք կյանքի կոչելու եղանակների և ձևերի մասին:

    Սեմինարներ են անցկացվում նաև մենթոր աշակերտների համար, որոնք պարապում, որևէ առարկա կամ լեզուներ են ուսուցանում ինչպես ճեմարանի, այնպես  էլ  այլ կրթարանների  աշակերտներին: 

    Հատուկ աշխատանք է տարվում սովորողին կրթելու գիտելիք-կարողություն-հմտություն-անձնային որակներ հաջորդական և պարույրաձև զարգացման ուղղությամբ:

  • դասալսում, քննարկում, անհատական խորհրդատվություն

    Համակարգված աշխատանքն է տարվում նորեկ ուսուցիչների հետ. սեմինար պարապմունքներին զուգահեռ կատարվում են դասալսումներ, դրանք քննարկվում են դաս վարող ուսուցչի հետ,  իրականացվում է անհատական խորհրդատվություն:

   Ուսուցիչները մշտապես թե՛ իրենց դասավանդած առարկայից, թե՛ այլ առարկաներից իրականացնում են փոխադարձ դասալսումներ, լրացնում են հատուկ ձևաթղթեր, քննարկում են գործընկերների հետ:

անհրաժեշտ նյութեր

  Ուսուցիչների մեթոդամանկավարժական պատրաստականության համար մշակվում և ստեղծվում են նյութեր, որոնք զետեղվում են գիտամեթոդական կենտրոնի էլեկտրոնային էջում և հասանելի են ճեմարանական համայնքի յուրաքանչյուր անդամի:

        ճեմարանի տարեգրությունը

    Գիտամեթոդական կենտրոնը վարում է ճեմարանի տարեգրությունը. պարբերաբար հարստացնում է կատարված կարևոր դեպքերի և անցքերի նկարագրությամբ:

Առարկայական ակումբներ

    Ճեմարանում գործող կարգի համաձայն՝ ձևավորվում են առարկայական ակումբներ,  ամբիոնների ղեկավարների անմիջական հսկողությամբ մշակվում, վերանայվում են ծրագրերը, պահպանվում է ակումբի գործունեության ժամանակացույցը:  

     Կազմակերպչական աշխատանք է տարվում ներճեմարանական, մարզային, հանրապետական, տարբեր բուհերի և կազմակերպությունների հայտարարած   օլիմպիադաներին ճեմարանի աշակերտների մասնակցությունն ապահովելու  ուղղությամբ:

«Հեռանկար» գիտամեթոդական հանդես

  Ճեմարանի ուսուցիչների, մանակվարժների, աշակերտների հետազոտական գործունեությունը ի մի է բերվում «Հեռանկար» գիտամեթոդական եռալեզու հանդեսում:

Բուհերի ուսանողների պրակտիկա

 Համակողմանի աշխատանք է տարվում բուհերից ճեմարան եկող ուսանող պրակտիկանտների հետ: Ամբիոնների ղեկավարները կազմակերպում և հսկում են ուսանողի գործունեությունը ճեմարանում, պրակտիկայի ավարտին բնութագրում և գնահատում են նրա աշխատանքը՝ նշելով ձեռքբերումները և թերացումները:

Աշխատանք ճեմարանից դուրս

  • համագործակցություն բուհերի հետ

Սերտ համագործակցություն է իրականացվում հայաստանյան գրեթե բոլոր բուհերի հետ. ճեմարանի ուսուցիչներին հաճախ հրավիրում են մասնկացելու բուհերի պետական քննություններին:

  • մասնակցություն գիտաժողովների և խորհրդաժողովների

   Ճեմարանում դասավանդող ուսուցիչները հանրապետությունում ճանաչված մասնագետներ են, դասախոսում են նաև տարբեր բուհերում:   Ճեմարանի ուսուցիչները մշտապես մասնակցում են գիաժողովների և խորհրդաժողովների ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև արտերկրում:

  Ճեմարանի ուսուցիչներից շատերը գիտական մենագրությունների, հանրակրթական դպրոցի դասագրքերի, ուսումնաօժանդակ ձեռնարկների, նաև գրական- գեղարվեստական երկերի հեղինակներ են:

  • վերապատրաստումներ, սեմինարներ

    Ճեմարանի անձնակազմի փորձառու մասնագետները ինչպես  ճեմարանական, այնպես էլ տարբեր հարթակներից վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ են վարում այլ կրթարանների ուսուցիչամանկավարժական անձնակազմի, բուհերի դասախոսների համար՝ փոխանցելով մասնագիտական-մեթոդական փորձը և ձեռքներումները: