Տարեգրություն
Տարեգրություն
Մեր Պատմությունը 2024 թ
  • Հունվար
    • Ճեմարանի հանդիսության դահլիճում ազդարարվում է «Շիրակացու օրեր»-2024 փառատոնի մեկնարկը: Հիմնադրման օրից սա արդեն 13-րդ փառատոնն է, որ իրականանում է ճեմարանական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիսավոր մասից հետո Դիպլոմային ծրագրի 2-րդ կուրսի սովորողները ներկայացնում են իրենց հետազոտությունները բնագիտական առարկաներից:
    • Փոխըմբռնման հուշագիր է  կնքվում «Ազգային Կրթական Կենտրոն» ՓԲԸ-ի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի միջև: Հուշագրի գաղափարն է նպաստել կենսակերպ էկոհամակարգի (Lifestyle Ecosystem) զարգացմանը, որն էլ խթանում է բարեկեցությունը, կրթությունը և նորարարությունը:
    • Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի միջնորդությամբ ռուսական Парралель Z տելեգրամյան ալիքի ղեկավարությունը՝ ի դեմս պարոն Արթուրի, հետևորդների շրջանում կազմակերպել է դրամահավաք, որի արդյունքում գոյացած միջոցներն ուղղել է «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի քիմիայի լաբորատորիայի համար անհրաժեշտ պարագաներ և սարքավորումներ գնելուն:
    • Թատերական ստուդիայի սաները ներկայացնում են «Միասնականության ուժը» ամանորյա պիեսը: Պիեսի բեմագրի հեղինակներ՝ թատերական ստուդիայի սաներ Բիայնա Սաղաթելյան և Ռիմա Մանվելյան: Բեմադրությունը՝ թատերական ստուդիայի ղեկավար Գարիկ Ղազարյանի:
    • Ճեմարանի և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվում է համագործակցության հուշագիր: Ճեմարանի ավարտական դասարանների սաները կոնկրետ ոլորտներում իրենց ուսումնական պրակտիկան կանցնեն «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում: Այն մեծ հնարավորություն կընձեռնի սաներին ճիշտ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում, զարգացնել իրենց տաղանդը, ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ:
    • Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակն է նշվում ճեմարանում: Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ ավագ դպրոցը հյուրընկալում է «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» կենսագրական վեպի հեղինակ, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանին:
    • Ճեմարանում շարունակվում են  բանաստեղծ Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Ավագ դպրոցի սաները «Խոսքի ուժը» վերտառությամբ տողանի ընթացքում հանդես են գալիս բանաստեղծություններով և նրա խոսքերով գրված երգերով: Միջոցառման հյուրն է բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը: 
    • Հայոց բանակի ձևավորման 32-րդ տարեդարձին նվիրված՝ Կրտսեր դպրոցի սաները հանդես են գալիս տոնական տողանով: «Երգի թատրոնի» սաները ներկայանում են հայրենասիրական երգերով և միասնական պարերով: Սովորևողների հյուր են Կապանի սահմանային զորամասում ծառայած տղաները՝ Նարեկ Ստեփանյանը և Գևորգ Աթիկյանը:
  • Փետրվար
    • Միջին դպրոցի սաները պատրաստում են բուկլետներ՝ «Դու ես իմ հերոսը, հայ զինվոր» վերտառությամբ:
    • «Զենքը խոսք է» խորագրով միջոցառում է անցկացվում ավագ դպրոցում՝ նվիրված Հայոց բանակի օրվան, որին հրավիրված է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ Զարզանդ Ասատրյանը:
    • Ճեմարանում իրականացվող հայրենասիրական միջոցառումների շարքը համալրվում է Միջին դպրոցի՝ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված միջոցառմամբ: Միջոցառման հատուկ հյուրն էր Վահագն Ասատրյանի մայրը՝ Սիմա Պետրոսյանը և քույրը՝ Մոնիկա Պետրոսյանը:
    • «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի և «ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվում է համագործակցության հուշագիր:
    • «Իմ հետաքրքրությունների աշխարհը» թեմայի շրջանակում 5-րդ դասարանի սաները հանդես են գալիս մի շարք բեմական համարներով և ներկայացումներով, անդրադառնում են իրենց նախընտրելի զբաղմունքին: 
    • Բանաստեղծ և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրվա առթիվ հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ ճեմարանի հեղինակային ծրագրի սաները հյուրընկալում են բանաստեղծի ծոռին՝ գականագետ, լրագրող Գևորգ Էմին-Տերյանին:
    • Միջին դպրոցի 6-րդ դասարանի սաները կազմակերպում են միջոցառում՝ նվիրված Բարեկենդանի տոնին: Միջոցառման ընթացքում ներկայացնում են «Սուտլիկ հարսանիք» և մի շարք այլ բեմականացումներ, հանդես են գալիս բազմաթիվ ազգային երգերով, պարերով և խաղերով, ինչպես նաև Ճեմարանականներին հյուրասիրում են անուշեղենով:
    • Կրտսեր դպրոցում առաջին դասարանցիներն իրենց հետազոտական թեմայի շրջանակում ուսումնասիրում են տարբեր տոներ և տոնակատարություններ: Այդ տոներից է նաև Բուն Բարեկենդանը, որով պայմանավորված՝ հյուրընկալում  են Արցախի «Ծիլ» տիկնիկային թատրոնին՝ Հ. Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը ներկայացնելու համար: «Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացում է, որի ժամանակ հերոսները՝ տիկնիկները, կենդանի  կապի մեջ են հանդիսատեսի հետ, որոնք էլ ապահովում են սաների անմիջական մասնակցությունը  ներկայացմանը: 
    • Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը: Ճեմարանականները նույնպես տոնում են  այն՝ ազգային երգ ու պարով, հյուրասիրությամբ, կրակի վրայով թռիչքով:
    • Այսօր լրանում է լեգենդար հերոս, հայտնի հետախույզ, Ճեմարանի բարեկամ, մեծ հայրենասեր Գևորգ Վարդանյանի 100-ամյակը: Տարիներ առաջ մի հանդիպման ժամանակ, երբ ճեմարանականները նրան հարցրին, թե որն է անդունդի եզրով քայլելու և չվախենալու գաղտնիքը, աշխարհահռչակ հետախույզը պատասխանեց. «Գաղտնիքը մեկն է՝ պետք է սիրել հայրենիքը»:
    • «Գիտական և տեխնիկական նորարարություն» թեմայի շրջանակում Ճեմարան են այցելում «Ռուսկի Դոմ»-ի ներկայացուցիչները, որոնք Միջին դպրոցի սաներին ցուցադրում են «Աշխարհ 2052» ֆիլմը: Ի՞նչ է կիբերանմահությունը, հնարավո՞ր է արդյոք շփոթեցնել ուղեղին և վերականգնել պարալիզացված անձանց քայլելու ունակությունը: Այս մասին ֆիլմում խոսում են  Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի գիտնականները: 
    • Մայրենի լեզվի տոնն այս տարի նվիրված էր Հովհաննես Թումանյանի 155-ամյակին: Գրական-երաժշտական ցերեկույթին մասնակցում էին թե՛ սաները, թե՛ուսուցիչները: Բեմագրի հեղինակ՝ Թամար Ալեքսանյան, բեմադրող ռեժիսոր՝ Գարիկ Ղազարյան, գեղարվեստական ղեկավար՝ Խանդութ Սարգսյան:
    • Lեգենդար հերոս, հայտնի հետախույզ, Ճեմարանի բարեկամ Գևորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված Ճեմարանում տեղի է ունենում հանդիպում-միջոցառում, որի ընթացքում Ավագ դպրոցի սաները ևս մեկ անգամ արժևորում են  հերոսի անցած ուղին, կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև հայրենիքին անմնացորդ նվիրվածությունը: Ճեմարանի հյուրերն են լեգենդար հետախույզների թոռնուհի Մարգարիտա Պետրոսյանը, նրանց սանիկ Ալլա Կևորկովան, Գոհար Վարդանյանի զարմուհի Անահիտ Փահլևանյանը, Վարդանյանների ընտանիքին մտերիմ Ուռումյանների ընտանիքը, զինակից ընկեր, գեներալ Գարեգին Մխիթարյանը, «Ռեզիդենտը», «Թակարդ», «Գաղտնիքների տիրակալը», «Սև հովազ 1» և «Սև հովազ 2» գրքերի հեղինակ Աշոտ Աղաբաբյանը, գրող, հրապարակախոս, Գևորգ Վարդանյանի մասին երեք գրքերի հեղինակ Գուրգեն Խաժակյանը:
    • 9-րդ դասարանի սաները (մանկավարժ՝ Շուշան Բարսեղյան) մասնագիտական կողմնորոշման և կրթադաստիարակչական նպատակով այցելում են «Արեն Մեհրաբյան» հիմնադրամ, որտեղ ծանոթանում են աերոտիեզերական ոլորտին: Հերոս ճեմարանակի հայրը՝ հիմնադիր տնօրեն Մհեր Մեհրաբյանը սաներին ներկայացնում է աերոտիեզերական ոլորտը, բազմազան ուղղությունները և անսահման ներուժը:
    • Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակի առթիվ Կրտսեր դպրոցում հայտարարվում է «Թումանյանական շաբաթ», որի շրջանակում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ: Կրտսեր ճեմարանականները հանդես են գալիս ասմունքներով, բեմականացումներով, պարերով ինչպես նաև Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգերով:
    • Ռոբոտաշինություն և աշխարհագրություն միջառարկայական նախագծի շրջանակում 8-րդ դասարանի սաները կազմակերպում են «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» համագործակցային խաղ Երևանի Գրիգոր Գուրզադյանի անվան 163 հիմնական դպրոցի հետ։ Խաղի ակտիվ մասնակիրցներն արժանանում են  հավաստագրի՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» համագործակցային խաղում «լավագույն խաղացող» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար:
    • Պարում են Կրտսեր դպրոցի սաները. պարային ֆլեշմոբը նվիրվում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հիշատակին: Պարուսույց՝ Աիդա Հովհաննիսյան:
    • Ճեմարանում հյուրընկալվում է Դուբնայի պետական համալսարանի պատվիրակությանը՝ քննարկելու կրթության գիտահետազոտական ուղղություններով համագործակցության հեռանկարները: Պատվիրակության կազմում են Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կրթական քաղաքականության տնօրենի հատուկ ներկայացուցիչ, Դուբնայի համալսարանի ռեկտորի միջազգային գործունեության գծով խորհրդական Սամվել Հարությունյանը, դիմորդների կենտրոնի տնօրեն Իլնար Յուսուպովը, ինչպես նաև  ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Օլգա Անիսիմովան: 
  • Մարտ
    • Բնագիտության ամբիոնի ուսուցիչների և Կրտսեր դպրոցի դասվարների նախաձեռնությամբ կազմակերպվում է համագործակցային դաս 3-րդ դասարանի սաների համար: Կրտսեր ճեմարանականները անդրադարձ են կատարում մարդկության խոշարագույն հայտնագործություններին՝ հիմնավորելով գյուտերի կարևորությունը և դրանց հասնելու ուղիները: 
    • Կարատեի արտաուսումնական ակումբի շրջանակում կայանում է Երևանի WSKF Շոտոկան կարատեի 11-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում է Ճեմարանի Կրտսեր դպրոցի 315 խմբի սան Հենրի Ղարախանյանը, որը համառ պայքարում փայլուն հաղթանակ տանում՝ արժանանալով ոսկե մեդալի։ Այնուհետև անցկացվում են  WSKF Շոտոկան կարատեի ակումբային առաջնություն, որտեղ իրենց արդյունքներն են  գրանցում կրտսեր ճեմարանականներից հետևյալ սաները՝ Հենրի Ղարախանյան, Եվա Մոմջյան՝ 1-ին տեղ, Վիկտորյա Պետրոսյան՝ 2-րդ տեղ, Արմեն Ուլիխանյան, Մհեր Քոչարյան, Գարիկ Հայրապետյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Էրիկ Ղազարյան, Զավեն Ստեփանյան, Մերուժան Ռաֆայելյան՝ 3-րդ տեղ:
    • «π» թվի միջազգային օրը  կարևոր  տոն է բոլոր մաթեմատիկոսների, ֆիզիկոսների և ճշգրիտ գիտությունների սիրահարների համար: Ըստ ավանդույթի՝ ճեմարանի մաթեմատիկայի ամբիոնը (ղեկավար՝ Լիդա Բակլաչյան) և միջին դպրոցի սաները տոնում են  «π» թվի օրը:
    • CNN կազմակերպությունը այս օրը  հռչակվել է Ազատության օր: MYFREEDOMDAY ամենամյա նախագծի նպատակն է տարածել ազատության գաղափարախոսությունը ողջ աշխարհում: Շիրակացու ճեմարանի  սաները միանում են CNN-ի նախագծին՝ ներկայացնելով իրենց պատկերացումները ազատության և մարդու իրավունքների պաշտպանության անգնահատելի դերի մասին:
    • Ավագ դպրոցի արվեստի հոսքի սաների նախաձեռնությամբ  կազմակերպվում է միջոցառում՝ նվիրված 20-րդ դարի մեծագույն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին: Ուսուցիչ Զարուհի Պարունակյանի ղեկավարությամբ գործնական աշխատանքի դասերին նրանք ուսումնասիրել են Թամանյանի, կյանքն ու ազգանվեր գործունեությունը, ճարտարապետական նախագծերը: 
    • Համագործակցային այցով Ճեմարանում հյուրընկալվում են ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի դասախոսական կազմի ներկայացուցիչները՝ ավագ և միջին դպրոցների բնագիտական և ֆիզմաթ հոսքերի սաներին ներկայացնելու մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև գիտության ժամանակակից ուղղությունների դերը և կարևորությունը ներկայիս իրականությունում:
    • Հայաստանի հանրային ռադիոյի «Հաջողության նոտան» հաղորդաշարի հյուրը ճեմարանի թատերական ստուդիայի ղեկավար, վաստակաշատ ճեմարանական Գարիկ Ղազարյանն է: Նա խոսում է մասնագիտական ընտրության, դերասանական հմտությունների, հայտնիության ձեռքբերման, մանկավարժական և հեռուստատեսային աշխատանքի, անմոռանալի հիշողությունների, ինչպես նաև հաջողության հասնելու ճանապարհին հայտնված դժվարությունների մասին: Նա վստահ է, որ հաջողության հասնելու համար շատ կարևոր են կյանքի ճանապարհին հայտնված մարդիկ, որոնք կարող են մեծ նշանակություն ունենալ անհատի զարգացման  գործում:
    • Ճեմարանի սան Հրաչյա Թադևոսյանը նվաճում է ոսկե մեդալ Սերբիայում անցկացվող Եվրոպայի՝ խառը մենամարտերի առաջնությունում (IMMAF միջազգային ֆեդերացիա):
  • Ապրիլ
    • Ամփոփվում են ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության /AESA-ի/ ամենամյա գիտական օլիմպիադայի արդյունքները։ Օլիմպիադայի մասնակից սաներն են՝ Համլետ Կարայան (1-ին կարգի մրցանակ կենսաբանությունից), Վարվառա Բարսեղյան, Արփի Բադալյան (2-րդ կարգի մրցանակ ֆիզիկայից), Աբդին Ադելին, Նատալի Բալայան, Կարեն Քոչարյան, Լիլիա Չոբանյան, Արինա Իսահակյան (գովասանագրեր քիմիայից), Լևոն Աստվածատրյան, Սարգիս Կազանչյան, Աբդին Ադելին (գովասանագրեր ֆիզիկայից), առաջնորդող ուսուցիչներն են Աննա Գրիգորյանը և Վահան Հովհաննիսյանը։
    • Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղի է ունենում  AMADEE-24 մարսյան անալոգային առաքելության փակման արարողությունը: Ճեմարանի սաները Տաթևիկ Նալբանդյանի և Անի Սիրեկանյանի ղեկավարությամբ մասնակցում են միջոցառմանը: