Ամառային ճամբար

Շիրակացու ճեմարանում առանձնահատուկ նշանակություն ունի «Հեքիաթ» ճամբարը, որը ճամբարականներին ընդունում է 1990թ․-ից։

«Հեքիաթ» ճամբարն ուսումնական ծրագրի շարունակության իդեալական հնարավորություն է, որի նպատակն է երկշաբաթյա ամառային հանգստի ընթացքում սաների առօրյան դարձնել ավելի հագեցած՝ ներառելով մի շարք ծրագրեր, մշակութային միջոցառումներ, ինչպես նաև ներգրավվածությանը խթանող ուսուցողական խաղեր:

Ամառային ճամբարը օգնում է սաներին զարգացնել և ձևավորել սեփական արժեհամակարգը, ձեռք բերել նոր հմտություններ՝ համատեղելով այն հաճելի ժամանցի հետ: Ամառային ճամբարը օգնում է սաներին նաև հաղթահարել իրենց բարդույթները՝ նրանց տարբեր միջոցառումներում (ազգային երգ ու պար, թատերական ներկայացումներ և այլն) ներգրավելու միջոցով: Ճամբարն իր մեծ ներդրումն ունի յուրաքանչուր սանի կառուցողական և գաղափարական մտածելակերպի, ինչպես նաև աշխարհայացքի զարգացման վրա:

Ճամբարի առաջին 4 օրը նախատեսված է ռազմական մոտիվներով պարապմունքների համար, որոնք ներառում են և՛ մարտավարաֆիզիկական պատրաստում, և՛ կրակային պատրաստություն, և՛ առաջին բուժօգնություն: Մասնակիցների օրը հագեցած է լինում նաև ուրախ երգ ու պարով, սպորտով, արշավներով, բացման և փակման արարողություններով ու խարույկով:

Տարբերվող առանձնահատկություններից մեկն էլ ճամբարում վզկապների ավանդույթն է՝ ըստ գունային տարբերակման՝ կարմիր, կապույտ, նարնջագույն:

Ճեմարանական Լիլիթ Թոփուզյանի համար ճամբարը մեծ հնարավորություն էր նոր մարդկանց հետ մտերմության համար, իսկ ճամբարի գաղափարը նա համարեց միասնությունը։ «Յուրաքանչյուր սան գեթ մեկ անգամ պետք է մասնակցի ճամբարին, դա այնպիսի փորձառություն է մարդու կյանքում, որից պետք է բոլորը օգտվեն, և կզգան թե այդ մի քանի օրերը ինչպես են վերածվում հեքիաթի»,- ասաց մեկ այլ ճամբարական Լուսինե Խաչատրյանը: