08.04.2024
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

ՍԱՐԵՐԻ ԿԵՍԸ ՁՅՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ Է… Ալլա Նալբանդյան, 12-րդ դասարան

ՍԱՐԵՐԻ ԿԵՍԸ ՁՅՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ Է… Ալլա Նալբանդյան, 12-րդ դասարան

ՍԱՐԵՐԻ ԿԵՍԸ ՁՅՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ Է…

Գագիկ Գինոսյանի հիշատակին
 

Ուրբանիստական ճաղերի հետևում գտնվողներից քչերն են մտահոգվում իրենց էության բանտվածության մասին։ Ուրբանիստական ճաղերի հետևում գտնվողներից եզակիներն են ընդհանրապես հետաքրքրվում իրենց էության գոյության մասին։ Պատճառները բացահայտելով՝ ես կկորցնեմ մտքիս ընթացքը, ու երևի ոչ էլ կարգին կմեկնաբանեմ… Սակայն այս անգամ ես կպատմեմ էությանս մի հյուլեի վերադարձի մասին։

Ողջ կյանքումս ապրել եմ Երևանում, խոսել հայերեն, հետո՝ ռուսերեն, հետո՝ անգլերեն։ Փոխել երկու բակ, երեք դպրոց։ Իմ տարեկիցներից շատերը հիմա պարզ տեսան իրենց կյանքը ճիշտ իմի  կաղապարով։ Երբ վերջին անգամ փոխեցի դպրոցս, հոգիս խարիսխ գցեց բառիս բուն իմաստով մի նոր «օվկիանոսում»։ Ծավալուն վեպով անգամ չեմ կարողանա հաղորդել ճեմարանի արժեքների և կախարդանքի ամբողջությունը։ Այն ազգայինի, մարդկայինի,  մտքի և հոգու հնոց է…

Եվ այսպես՝ արդեն 12-րդ դասարանը մոտենում է իր ավարտին, մենք ճեմարանի սուրբ հնոցում ձև ու գույն ստացած հերթական սերունդն ենք։ Մենք այն սերունդն ենք, որի գիտակցության զարթոնքը համընկավ Արցախյան երկրորդ պատերազմի հետ։ Դրա արհավիրքները անհամար եղան ու ձգվում են մինչև այսօր։ Ու այս հարվածների տեղատարափի տակ շատերը զգացին, թե գորշ իրականության մամլիչը ինչպես է փորձում մաքրել ազգային ինքնության նստվածքն անգամ։

Ամեն ինչ (թերևս ինձ համար) սկսվեց Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված միջոցառումից, երբ դահլիճը ելավ՝ քոչարի պարելու։ Եվ կամաց-կամաց ազգային պարերը ճանապարհ հարթեցին դեպի իմ գիտակցությունը։ Սկզբում սովորեցինք Խամխաման, խմբով սկսեցինք բակում հավաքվել, նոր պարեր սովորել, մշակույթի տարրերը քննարկել։ Ու բոլորիս մեջ վառվեց մի կայծ։

Սարերի կեսը իրոք ձյուն էր։ Մարտը ցուրտ եղավ։ Ամբողջ շաբաթ անձրևեց, երկինքը ձմեռվա մաղձը մաղեց մեր գլխին, որ գարնան համար տեղ ունենա իր գրկում։ Մռայլ առավոտ էր՝ նախորդներից ոչ մի բանով չտարբերվող։ Օրս էլ եղավ նախորդներից ոչ մի բանով չտարբերվող։ Բայց հենց այդ մռայլ առավոտ հնչեց մի հարց․

— Գալո՞ւ ես։

— Ո՞ւր։

— Ազգային պարելու։

Պարզվեց, որ գալիս էի։ Երկար դասամիջոցին ֆնջանը սովորեցինք։

Երեկոյան նորից անձրևը միացավ, անջատվելու միտք  չուներ։ Մենք էլ գնացինք այն հասցեով, որը մեզ տվել էին։ Ես ու ընկերուհիս էինք, տաքսիով գնացինք։ Խիստ երկար թվաց ճանապարհը, իսկ հենց ուշքի եկանք մեքենայի ձանձրալի օդից, մեր առջև երեկոյի դրախտային պատկերը բացվեց։ Լույսը հալչում էր շենքերն ի վար ու հասնում մեր աչքերին։ Դուրս եկանք մեքենայից, անձրևից հետո երկինքը վարդագույն էր։ Ի՞նչ է, գարնանն էր ուզում կանչել երկինքը իր քաղցր երգով։ Մտանք ներս ու ցնցվեցինք։ Այդքան մարդ չէի սպասում տեսնել։ Ճանապարհ բացեցինք  լուսավառ դեմքերի միջով, գտանք մյուսներին։ Ու առաջին ուժգին ու հնչեղ  «հեյ»-ի հետ սկսվեց… Բոլորը հայ դարձան, բոլորիս մարտադաշտ տարան։ Բոլորը խոյահարեցին թշնամուն ու հայ դարձան։ Ընկրկեցին, հաղթությունը դիմավորեցին։ Մշո քոչարին սովորեցինք․․․

Նկուղային սենյակում հավաքվել էր հարյուրից ավելի մարդ։ Ցանկացած տարիքի, մարմնի կազմվածքի մարդ կարող էիք գտնել այնտեղ, ձեր ծանոթներին էլ կգտնեիք, անծանոթներին էլ։ Առօրյա, հասարակ հագուստով էին բոլորը, բոլորի դեմքներին՝ ժպիտ և հայկականություն։ Այնտեղ ռուսն էլ էր հայ, անգլիախոսն էլ էր հայ։ Պարելիս էլ ոչ ոք ջինսով ու շապիկով չէր. տարազով էին բոլորը։ Սենյակը խիստ փոքր էր՝ հայեցիությունը իր մեջ պահելու համար։

Շուրջպարը կատաղի էր, դաշտերում մոլեգնող քամուց չէր տարբերվում։ Տաք, գիժ հորձանքով հոսում էր պարը, ոգիները պտտվում էին ու թևածում անվերջ։ Ամեն ձայնարկություն պայթեցնում էր օդը, այնքան հայկական էր, հզոր։ Ամեն ոք «հեյ» ասելիս  հոգին էր  ի ցույց դնում։ Դհոլի ու զուռնայի ձայնը լցվում, խառնվում էր հայի ոգու բոմբյունին, պատերը դողդողում էին։ Ոտքս զարկում էի գետնին, հարվածի արձագանքը զգում էի սրտիս մեջ։ Հայկի բանակն էր հավաքվել այդ երեկո, դողում էր հատակը հարվածների ուժգնությունից։ Ու դարձավ այդ նկուղ-սենյակը հայկական ոգու խառնարան։

Շորոր էլ պարեցինք։ Ծառի ճյուղին թառած կաքավի նման շորորացինք։ Յարխուշտա էլ պարեցին։ Պարեցի՞ն։ Ավելի շուտ պայքարեցի՜ն։ Թռչում էին վեր ու ափերը այնպես էին զարկում, ասես երկինքն էին  ճզմում  ձեռքերի արանքում։ Կոխկռտում էին միմյանց ուսերով, հարձակվում, սպառնում։

Ու գծում էինք այսպես հայոց պատմության հոծ գծերը։

Մութ էր, երբ դուրս եկա։ Քայլում էի՝ ոտքերս խաչելով, աջ, ձախ տանելով, թռչկոտելով, չարին կրունկներով հարվածելով ու վերացնելով։

Ու դեռ երկար պետք է այդպես քայլեմ, մյուսներին էլ հենց այդպես քայլեցնեմ…