Ճեմարանը ստացել է CIS միջազգային հավատարմագրում
Ճեմարանը ստացել է CIS միջազգային հավատարմագրում, իսկ Միջազգային բակալավրիատի՝ PYP, MYP եւ DP ծրագրերի համաժամանակյա գնահատման արդյունքները շատ դրական են։
Սա մեր ամբողջ համայնքի տարիների հետևողական աշխատանքի, մասնագիտական պատասխանատվության, արժեքներին հավատարիմ լինելու և Ճեմարանի կրթական մշակույթի միջազգային ճանաչումն է։ Այս ճանապարհին անգնահատելի է նաև ծնողների վստահությունը, համագործակցությունը և Ճեմարանի կողքին լինելու պատրաստակամությունը։
CIS-ը Ճեմարանին շնորհել է հավատարմագրված դպրոցի կարգավիճակ՝ առանձնահատուկ ընդգծելով մեր հանձնառությունը համայնքի բարեկեցությանը, բարձրորակ ուսումնառությանն ու դասավանդմանը, գլոբալ քաղաքացիությանն ու միջմշակութային կրթությանը։ Գնահատման արդյունքներով Ճեմարանի ուժեղ կողմերը էականորեն գերակշռում են նրա զարգացման կարիքները։
Միջազգային բակալավրիատի գնահատման հաշվետվության մեջ ևս հաստատվել է, որ բոլոր պահանջները կատարված են, իսկ Ճեմարանի երեք ծրագրերի՝ PYP-ի, MYP-ի և DP-ի իրականացումը համահունչ է ՄԲ չափանիշներին, փիլիսոփայությանը և լավագույն գործելակերպին։ Գնահատողներն առանձնացրել են Ճեմարանի առաքելության և տեսլականի հստակությունը, սաների և ուսուցիչների բարեկեցության նկատմամբ հոգատարությունը, ուսուցիչների մասնագիտական աճին տրվող կարևորությունը, սաների առաջնորդության, ինքնուրույնության և պատասխանատվության զարգացման առաջնահերթությունը, ինչպես նաև այն վստահելի, հարգալից և ընտանիքի ջերմություն ունեցող միջավայրը, որը ձևավորվել է Ճեմարանում։
Այս ձեռքբերումը ԲՈԼՈՐԻՆՍ է։
Այն ուսուցիչներինը, ովքեր ամեն օր դասարանում ստեղծում են մտածելու, հարցնելու, բացահայտելու և աճելու հնարավորություն։
Այն մասնագետներինը, ովքեր զգայուն և հետևողական աշխատանքով աջակցում են սաների կրթական և անհատական կարիքներին։
Այն աշխատակիցներինը, որոնց աշխատանքը գուցե միշտ տեսանելի չէ առաջին հայացքից, բայց առանց որի Ճեմարանի ներդաշնակ ընթացքը հնարավոր չէր լինի։
Այն ղեկավարներինը և համակարգողներինը, որոնք ողջ ընթացում պահել են բարձր նշաձողը, միասնականությունը և զարգանալու սկզբունքայնությունը։
Այն ծնողներինը, որոնց վստահությունը, սրտացավ ներգրավվածությունը և կառուցողական համագործակցությունը մշտապես եղել են Ճեմարանի ուժի, կայունության և առաջընթացի կարևոր հենարաններից մեկը։
Միջազգային փորձագետները տեսել են ոչ միայն փաստաթղթեր, համակարգեր և ընթացակարգեր։ Նրանք տեսել են ամենակարևորը՝ Ճեմարանի հոգին և ոգին, որոնք ապրում են մեր ամենօրյա փոխհարաբերություններում, որոշումներում, գործելաոճում և մեր միասնականության մեջ։
Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ՝ այս ճանապարհին ունեցած ներդրման, ամենօրյա աշխատանքի, հավատարմության, հոգատարության և Ճեմարանի անունը, իսկ դա նշանակում է՝ Հայաստանի անունը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար։
Սա մեր ԲՈԼՈՐԻ հաղթանակն է, որը միևնույն ժամանակ պատասխանատվություն է՝ բոլոր հանգամանքներում զարգանալու, ուժեղանալու ճանապարհն ընտրելու հաստատակամությամբ:
Շնորհավորում ենք ԲՈԼՈՐԻՍ։
Հպարտ ենք ՃԵՄԱՐԱՆՈՎ։
Հպարտ ենք, որ այս ճանապարհը անցնում ենք ՄԻԱՍԻՆ։