Մեր մասին
Մեր պատմությունը
Մեր պատմությունը

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ստեղծել է մի քանի ճեմարաններ: Դեռևս 11–րդ դարում Գրիգոր Մագիստրոսը Անիում, Բջնիում և Սանահինում հիմնել է կրթարաններ, որոնք կոչել է ճեմարաններ: Հետագայում ճեմարան սկսեցին անվանել այն կրթօջախները, որոնք, իրենց հիմքում ունենալով հայեցի կրթության ավանդույթները, որակական մի նոր աստիճան էին ներկայացնում: 

Մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակահատվածներում այդպիսի կրթօջախները լավագույնս ծառայել են հայ մտավորականների ձևավորման ու կերտման գործին: Դրանցից էին Մոսկվայի Լազարյան, Էջմիածնի Գևորգյան ճեմարանները, Կիպրոսի Մելքոնյան և Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանները: Իր բնույթով ճեմարան էր նաև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը:

Այս հարուստ պատմությամբ ոգեշնչված՝ ստեղծվեց Շիրակացու ճեմարանը շնորհալի սաների տաղանդները բացահայտելու և նրանց որակյալ կրթություն ապահովելու նպատակով:
Ստորև բերված են Շիրակացու ճեմարանի պատմությունից մի քանի կարևոր դրվագներ, որոնք արտացոլում են բարձրորակ կրթություն ապահովելու շարունակական հանձնառությունը:

Ժամանակագրական ակնարկ
  • 1990 թվական
    • Ճեմարանի պատմությունը սկսվել է 1990 թվականին, երբ հիմնադրվեց «Շիրակացու ճեմարան» միջազգային կրթահամալիրը՝ հիմք դնելով նորարական կրթությանը։ Ճեմարանը ստեղծվել է շնորհալի երեխաներին բացահայտելու, նրանց կրթությունը կազմակերպելու և օժտվածության խնդիրները հետազոտելու նպատակով:
  • 1998 թվական
    • 1998 թվականին հիմնադրվեց Միջին դպրոցը, որը հիմք դրեց կրթական ավելի լայն հնարավորությունների համար:
    • կազմավորվեց Կրտսեր դպրոցի առաջին դասարանը` որպես Կրտսեր դպրոցի հիմք` նրա առաջին դասվար (իսկ հետագայում` Կրտսեր դպրոցի առաջին տնօրեն) Տաթևիկ Վաթյանի ղեկավարությամբ:

  • 2000 թվական
    • 2000 թվականին Երևանի պետական և բժշկական բուհերում տեղի ունեցան ճեմարանի 10-ամյակին նվիրված տոնակատարություններ՝ համապատասխան բուհերի ճեմարանական ուսանողների նախաձեռնությամբ:
  • 2010 թվական
    • Շիրակացու ճեմարանը տարածաշրջանում առաջինը դարձավ Ռաունդ սքվեր միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ:
    • Ճեմարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպվեցին տոնական միջոցառումներ և մարզական փառատոն Ավագ, Միջին և Կրտսեր դպրոցների սաների մասնակցությամբ:
    • Ճեմարանի հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսություն տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում` ԵՊՀ-ի ճեմարանական ուսանողների նախաձեռնությամբ:
  • 2011 թվական
    • 2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ճեմարանի Կրտսեր, Միջին և Ավագ դպրոցները միասին վերակազմավորվեցին՝ դառնալով ամբողջական կրթահամալիր, որը լայն հեռանկարներ բացեց ճեմարանի առաջընթացի, մասնավորապես Միջազգային բակալավրիատի ծրագիրը ոչ միայն Կրտսեր, այլև Միջին և Ավագ դպրոցներում կյանքի կոչելու համար:
  • 2013 թվական
    • Միջազգային բակալավրիատի կազմակերպությունը Կրտսեր դպրոցը հավաստագրում է՝ իրականացնելու Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի ծրագիրը (IB PYP):
  • 2014 թվական
    • Միջազգային բակալավրիատի կազմակերպության կողմից Ավագ դպրոցը հավաստագրվում է՝ իրականացնելու Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը (IB DP):
  • 2022 թվական
    • 2022 թվականին Starmus VI միջազգային փառատոնի և Շիրակացու ճեմարանի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, ինչի արդյունքում Starmus VI Armenia փառատոնի շրջանակում Ճեմարանում հյուրընկալվեցին աշխարհահռչակ գիտնականներ և հանդես եկան բաց դասախոսություններով՝ ճեմարանականներին հնարավորություն ընձեռելով զգալու գիտության ուժն ու ոգեշնչվելու գիտության ստեղծարարությամբ։
    • Շիրակացու ճեմարանը 2022 թվականի հուլիսից հանդիսանում է Միջազգային դպրոցների խորհրդի անդամ (CIS - Council of International Schools)։
      Միջազգային դպրոցների խորհուրդը (ՄԴԽ) համաշխարհային կազմակերպություն է, որը բաղկացած է ավելի քան 1,500 դպրոցներից և համալսարաններից աշխարհի 120+ երկրներում:
Ցանկանու՞մ եք մանրամասն ծանոթանալ Շիրակացու ճեմարանի պատմությանը:
Ծանոթանալ տարեգրությանը