Հիշելով Սիլվա Կապուտիկյանին
«Այսօր՝ հունվարի 20-ին, ամենայն հայոց բանաստեղծուհու ծննդյան օրը (101-ամյակ) ես ակամա վերհիշեցի, թեպետ երբևէ չեմ Էլ մոռանում մեր հանդիպումները Սիլվա Կապուտիկյանի հետ»,- պատմությունների շղթան բացում է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը:
«Մոտենում էր Ճեմարանի 10-րդ հոբելյանը, և այդ կապակցությամբ մենք սահմանել էինք մեր բարձրագույն պարգևը՝ Ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալը, որը շնորհվելու էր ոչ միայն ճեմարանին անգնահատելի ծառայություններ մատուցելու համար, այլև կրթության, գիտության, արվեստի, գրականության և մշակույթի ասպարեզում, հասարակական ու քաղաքական կյանքում, նաև բարեգործությամբ աչքի ընկած այն անձանց, որոնք ծանրակշիռ ներդրում ունեն երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության գործում:
Ճեմարանի խորհուրդում որոշվեց, որ առաջինը, որ կպարգևատրվի մեդալով, պետք է լինի մեր ազգի ականավոր մտավորականներից մեկը: Արժանիներ շատ կային, բայց քննարկման արդյունքում հաստատվեց. ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյան:
Բանաստեղծուհուն պետք էր հրավիրել Ճեմարան: Հրավերը կազմակերպեց ճեմարանի թատերական ստուդիայի ղեկավար, ճանաչված դերասան և հեռուստալրագրող Գարիկ Ղազարյանը, ով մտերիմ էր բանաստեղծուհու հետ: Պատվարժան հյուրը ընդունեց հրավերը սիրով:
Երեկոն անցավ Ճեմարանին բնորոշ ավանդական ձևով՝ առանց որևէ ձևականության, հատկապես որ Սիլվա Կապուտիկյանն էլ այդպիսին չէր:
Ինչպես ընդունված է՝ սկզբում ներկայացվեց նրա կյանքն ու ստեղծագործությունը, որն էլ հանձն էր առել մեր հայոց լեզվի ուսուցչուհիներից մեկը՝ Մանանա Օշխերելին (ով, ցավոք, շատ վաղ հեռացավ կյանքից): Ներկայացրեց փայլուն, առանց որևէ հուշման թերթիկի, գրեթե այնպես, ինչպես հենց ինքը բանաստեղծուհին է խոսում (դե նրան քչերը կարող են գերազանցել խոսքարվեստում,- Ա. Ա.), ելույթն էլ ավարտեց ասմունքով:
Ես նստած էի մեր հյուրի կողքին, և երբ մեր հայացքները խաչվում էին, նկատելի էր, թե ինչպիսի հուզմունքով ու ակնածանքով էր լսում: Երբ ավարտվեց ելույթը, տիկին Սիլվան հետաքրքրվեց, թե ով է այդ հրաշալի աղջիկը, անունը հարցրեց, պատասխանեցի՝ Մանանա: Վրացուհու անուն է` ասաց, պատասխանեցի՝ վրացուհի է: Ապշահար եղավ:
Մինչ այդ մենք ազգությանը այդպիսի ուշադրություն չէինք էլ դարձրել, Ճեմարանը միշտ ինտերնացիոնալ հաստատություն է եղել: Իսկ նա զարմացած էր՝ ինչպես վրացուհին կարող էր այսպես հասկանալ մեր բանաստեղծությունը, մեր լեզուն, մեր հոգին. դրանից ավելի էր ոգևորվել: Հետո ելույթ ունեցավ ինքը, ելույթ` ուսանելի բոլորիս համար, որ ակնթարթ թվաց: Եվ հետո միայն նկարահանված տարբերակը նայելիս հասկացանք, որ բավականին երկար էր եղել, իսկ դահլիճում այդ պահին բոլորս շատ հուզված էինք և երկար ծափահարում էինք մեծ վարպետին:
Այնուհետև մենք մատուցեցինք մեր անակնկալը՝ ճեմարանի մեծագույն պարգևը, որը նույնպես շատ անսպասելի էր իր համար (մի մարդու համար, ով բազմաթիվ մեդալներ ուներ,- Ա.Ա.): Մեդալի հետ պարտադիր պետք է լիներ հավաստագիրը, բայց քանի որ ինքն առաջին պարգևատրվողն էև, իսկ տպված տարբերակը մեզ դեռ չէր հասել, ներողամտորեն խնդրեցինք հանձնել այն ավելի ուշ:
Անցավ որոշ ժամանակ, և մի օր ինձ է զանգում ինքը՝ Սիլվա Կապուտիկյանը, զրույցի ժամանակ կատակով հարցնելով՝ երևի մոռացել ենք հավաստագրի մասին. «ասացի՝ ոչ, արդեն պատրաստել ենք, բայց ուզում ենք այցելել իր տարեդարձին՝ շնորհավորելու և միաժամանակ հանձնելու հավաստագիրը»:
Ճեմարանից շատերն էին ուզում գնալ, բայց հասկանում էինք, որ բոլորով գնալ չենք կարող: Ես, փոխտնօրեն Արփինե Փափազյանը և Գարիկ Ղազարյանը դարձանք այդ հանդիպման մասնակիցները: Եվ քանի որ շատ կարևոր իրադարձություն էր, խնդրել էինք մեր հեռուստաօպերատոր Գարեգին Թորոսյանին միանալ մեզ` տեսագրելու պատմական հանդիպումը: Տիկին Սիլվան շատ ջերմ ընդունեց մեզ: Բավականին երկար և միևնույն ժամանակ կարճ թվաց մեզ այդ ժամանակը, շատ երկար զրուցեցինք, լուսանկարվեցինք:
Ես խնդրեցի նորից պատմել մի դրվագ, որ ինքը ներկայացրել էր ռադիոյով 90-ականներին, երբ փակեցին ատոմակայանը: Հայրս էր լսել Կապուտիկյանի ելույթը և պատմել էր ինձ: Պատմությունն այսպիսին էր… Դեռ սովետահայ գիտնական Նիկոլայ Ենիկալոպովի ամառանոց են հրավիրված եղել Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի կոմիտեի նախագահ Անդրանիկ Պետրոսյանցը և այլք: Դա ատոմակայանների ստեղծման և Սովետական միությունում դրանց տեղակայման վայրեր ընտրելու ժամանակներն էին: Լինելով ազգասեր մարդիկ՝ Պետրոսյանցը Քոչինյանի հետ միասին ամեն ինչ արել էր, որպեսզի Անդրկովկասի համար նախատեսված առաջին ատոմակայանը կառուցվի Հայաստանում: Հավաքի ժամանակ Ենիկալոպովը Քոչինյանին ասում է, որ դեմ է որոշմանը՝ թույլ տալ Հայաստանում կառուցել ատոմակայան` հաշվի առնելով վերջինիս դիրքը, երկրաշարժի գոտի և սահմանին մոտ լինելը, որին Քոչինյանը այն օրերի համար մի ֆանտաստիկ պատասխան է տալիս. «Դու իհարկե ճիշտ ես ասում, Հայաստանը փոքր հանրապետություն է, սեյսմիկ գոտում է, Մեծամորը սահմանին մոտ է, բայց ամենակարևորն ես մոռանում, իսկ եթե մի օր Հայաստանը անկախանա, չէ՞ որ ուրիշ էներգիայի աղբյուր չունի»:
Քոչինյանի՝ միայն իսկական պետական գործչին վայել հեռատեսությունը և պատասխանը ցնցել էր նաև Ենիկալոպովին, թե ինչպես կարող էր 60-ականներին պետականամետ գործիչը մտածել անկախության մասին…, և այս պատմությունը պատմել էր Կապուտիկյանին, ով էլ 90-ականներին, երբ ատոմակայանը փակեցին, ելույթ ունեցավ` մեջբերելով միջադեպը:
Այդ ելույթով էր նաև, որ Կապուտիկյանի կերպարը ինձ համար առանձնացավ ոչ միայն որպես գրող-բանաստեղծուհի, այլև իսկական մտավորական քաղաքացի և հզոր առաջնորդ:
Այդ օրը անմոռանալի հուշերով հեռացանք նրա տնից: Անցան տարիներ… 2004թ.-ին մի օր դարձյալ ինձ է զանգում տիկին Սիլվան, ձայնը մի տեսակ էր, խնդրում էր օպերատոր Գարիկին ուղարկել իր մոտ, հետաքրքվեցի՝ ինչ է պատահել: Չեմ հիշում՝ ինչպես բնորոշեց, բայց շատ սուր և կոշտ արտահայտվելով այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ ասաց, «Ես պետք է հանձնեմ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը, որը նրա ձեռքից եմ ստացել»: Մեր ծանոթ Գարիկը քաղաքում չէր, զանգեցի, որ ասեմ՝ չի կարողանա գալ, գուցե ուրիշին գտնենք, ասաց. «Ոչինչ, Աշոտ ջան, ես արդեն մտածել եմ»: Նա համոզված էր, որ այդպիսի պարգևը կարելի է միայն մաքուր ձեռքերից ստանալ: Շատերի համար դա կարող է վիճելի լինել, բայց դա Սիլվա Կապուտիկյանի որոշումն էր: Եվ ես հետզհետե սկսում եմ հասկանալ, որ դա էր ճիշտ որոշումը՝ մանավանդ հիմա:
Վերջին հանդիպումը բանաստեղծուհու հետ եղավ իր մահվան օրը: Երբ երեկոյան ընկերոջս՝ Մասիս Բաղդասարյանի հետ գնացինք, ես մտածում էի, որ ոչ բակում տեղ կլինի կանգնելու, ոչ տանը, պարզվեց՝ այդպես չէր, որովհետև բանստեղծուհին արդեն «վտարանդի» էր դարձել: Շքանշանը վերադարձնելուց հետո մարդիկ գիտեին, որ վերևներում իրեն անտեսում են արդեն, և շատերը նաև երևի վախից չէին եկել: 15-20 հոգի էին բակում կանգնած, մի լապտեր էր լուսավորում փոքրիկ բակը, ընդամենը երկու ծաղկեպսակ էր դրված:
Երբ արդեն տանն էինք մեկ այլ անախորժ միջադեպ տեղի ունեցավ, ընդամենը մի քանի մետր հեռու հրավառություն սկսվեց, և հարևանները պատմեցին, թե ինչպես էին ծիծաղել և իրեց դուրս հրավիրել, երբ գնացել էին զգուշացնելու բանաստեղծուհու մահվան մասին և խնդրել, որ հրավառություն չլինի:
Հաջորդ օրը քաղաքացիական հոգեհանգիստն էր Օպերայի շենքում, էլի շատ մարդ չէր եկել, և ինչպես ընդունված էր և եղել է շատ մեծերի մահվան ժամանակ օպերայի շենքից դուրս գալով` թափորը ոչ թե Մաշտոցի պողոտայով շարժվեց, այլ Աբովյան փողոցով, որտեղ նույնիսկ մեքենաների երթը կանգնեցրած չէր: Եվ նախագահ Քոչարյանն էլ չէր եկել:
Զարհուրելի էր, բայց այս ամենը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ ճիշտ էր վարվել Կապուտիկյանը. միևնույնն է` նա պարգևատրված է, պարգրատրված ամենաբարձր կոչումով՝ ամենայան հայոց բանաստեղծուհու կոչումով և ժողովրդական մեծ սիրով»,- պատմում է Շիրակացու ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը՝ ավելացնելով՝ մտավորականի հենց այդպիսի կերպարը պետք է լինի ուղենիշ մեր բոլոր սերունդների համար: