Մեր Նիկոլայ Ստեփանովիչը 85 տարեկան է
Նիկողոս Հաջյանը կամ ինչպես ընկերներն են ասում` Նիկոն, Ճեմարանի բանիմաց, ակտիվ ու ժիր պապիկն է, ով պատահական հանդիպման ժամանակ անգամ հատուկ քեզ համար պահած հետաքրքիր ու հիշարժան պատմություն ունի, որ համեմում է հումորով ու եզրափակում բարի խորհուրդով:
Պատմություններն անսպառ են, հետաքրքրությունները` բազմազան, դե իսկ տեխնիկայի և գիտության հանդեպ սերը մշտարթուն ու վարակիչ:
«Հայրենաբերը»
Նիկոլայ Ստեփանովիչը ծնվել է 1936թ. հունվարի 11-ին Ռումինիայի Կաստանցա քաղաքում:
Ռումինիայում միմյանց հանդիպած մայրը՝ Եգիպտոսից, հայրը՝ Արևմտյան Հայաստանից, ամուսնացել են 1935թ.-ին, իսկ 1946թ.-ին հայրենադարձվել են. «իրենք հայրենադարձ են, իսկ ես հայրենաբեր եմ. ինձ բերել են հայրենիք 10 տարեկանում»:
Հայրիկիս մասին ուշագրավ մի պատմություն կա. 1920թ.-ին ստամբուլյան շուկայում մեծ մայրս (տատս) ու մորաքույրս առևտուր են անում, երբ տատս ճանաչում է որդուն, որին 5 տարի առաջ տարել էին քրդերը և որն այժմ կանգնած էր իր առջև քուրդի հագուստով, երկար մազերով ու ամբողջովին կերպարանափոխված: Մեծ մայրս ճանաչում է ու կանչում՝ Ստեփան (հայրիկիս անունը), հուզմունքից ուշաթափվում է, երբ ուշքի է գալիս, նորից է կանչում՝ Ստեփա՜ն, Ստեփա՜ն, մինչև Ստեփանն էլ լսում է իր անունը, պտտվում ու ճանաչում մորը. այդպես մայր ու որդի գտնում են իրար 5 տարվա բաժանումից հետո:
Երեք տարում երեք դպրոց եմ փոխել. Բուխարեստի հայկական դպրոց, ռումինական դպրոց և ապա 3-րդ դասարանից ուսումս շարունակել եմ այստեղ Հայաստանում: Ի դեպ, Բուխարեստի նույն հայկական դպրոցում, որտեղ սովորում էի, դասավանդում էր Վազգեն Պալճյանը, որ հետո պիտի դառնար մեր բոլորի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը։
Ո՜վ իմանար, որ տարիներ հետո Հայաստանում մի դիպվածով պիտի նորից հանդիպեի Վեհափառին և հավերժ մնայի նրա աշակերտն ու մտերիմը:
Ես խաղում եմ իմ խաղը
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Մանկավարժական համալսարանի Ֆիզմաթ ֆակուլտետը, ապա Մոսկվայի էլեկտրատեխնիկական ինստիտուտի Ռադիո ֆակուլտետը՝ ռադիոինժեների մասնագիտությամբ։ 1947թ.-ից հայրս ինձ Երևանում ռադիոակումբ տարավ, որտեղից էլ սկսվեց ճանապարհը դեպի ռադիոտեխնիկական աշխարհ: Ռադիոտեխնիկան իմ հոբին է եղել միշտ, մինչև հիմա էլ: Բավականին հաջողություններ ունեի ռադիոսիրողական մրցումների, ցուցահանդեսների ժամանակ: (Բայց այն Նիկոլայ Ստեփանովիչի միակ սերը չդարձավ, հետո դեռ էլի «սերեր» պիտի հայտնվեին): 1962թ.-ին աշխատում էի Կենսաֆիզիկայի լաբորատորիայում, երբ հյուրընկալեցինք հայտնի գենետիկ Նիկոլայ Տիմոֆեյ-Ռեսովսկուն, և նա էլ դարձավ պատճառը, որպեսզի հրապուրվեմ գենետիկայով, պաշտպանեմ գիտական թեզ և դառնամ կենսաբանական գիտությունների թեկնածու, ապա նաև պետհամալսարանի դոցենտ, երկար տարիներ՝ ամբիոնի վարիչ (ոչ գենետիկայի): Բայց սա դեռ ամենը չէ… Ինչ ուզել, այն էլ արել եմ (հեղ. ժպտում է): Հոգեբանության ոլորտում եմ աշխատել երկար տարիներ, «Հոգեբանի անկյուն» հեռուստահաղորդում կար, որի վարողն էի նաև: Մոսկվայում ուսանելու տարիներին մի հետաքրքիր տղա ունեինք մեր կուրսում, հրեա էր՝ շախմատային սպորտի վարպետ, դնում էր 10 տախտակ, փակ աչքերով միաժամանակ և կիթառ էր նվագում և խաղում, ու հաղթում էր բոլորին: Հարցնում էինք՝ ինչպես ես հիշում բոլորի խաղերը, ասում էր՝ ոչ մի բան էլ չեմ հիշում, ես խաղում եմ իմ խաղը և խաղում եմ իմ խաղը ճիշտ: Մարդ իր խաղը պիտի խաղա միշտ, եթե ուրիշ խաղերի մեջ ես մտնում, ուրիշի խաղերն ես խաղում, միշտ պարտվում ես: Կյանքի օրենք է…
Նիկոլայ Ստեփանովիչը և Վազգեն Առաջինը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ շատ մտերիմ ենք եղել, բացառիկ մարդ էր… Եվ դարձյալ ռադիոտեխնիկան էր, որ հանդիպեցրեց մեզ. Մայր Աթոռում ինչ-որ խնդիր կար, դիմեցին ինձ, օգնեցի և այդպես էլ ամեն ինչ սկսվեց: 1956թ.-ից մինչև կաթողիկոսի մահը սկզբում աշխատակցում էի, իսկ 1991-ից մինչև 2000թ. աշխատում էի Մայր Աթոռում՝ որպես տպագրատան տնօրեն (իսկ 1995-ից մինչև 2000թ. շարունակում էի աշխատել Գարեգին 1-ին և Գարեգին 2-րդ կաթողիկոսների հետ): Միշտ ճաշում էինք Վեհափառի հետ երկուսով: Երբ Երևան էր գալիս, ամեն երեկո իր հետ էի, հանդիպումների ժամանակ, հեռուստացույց դիտելուց հետո ուշ երեկոյան ասում էր՝ լավ, վաղը կհանդիպենք, ու այդպես մինչև իր մահը: Լինելով բնասեր և սովետական դպրոցի շրջանավարտ՝ ես երբեք էլ հակված չեմ եղել խորը հավատքին, երբ Վեհափառը մի անգամ ինձ հարցրեց «ինչո՞ւ դուն Աստծու գոյությանը չես հավատալ», ասացի՝ Վեհափառ Տեր, ես ունեմ հավատք, հավատում եմ բնության օրենքներին և օրինաչափություններին։ Ես գիտեմ, որ մեզ ղեկավարողը բնությունն է, տիեզերքը, մենք ղեկավարավում ենք այդ սկզբունքներով, մենք մեզ ենք ղեկավարում, կողքից ինֆորմատիվ համակարգն է մեզ ուղղորդում: Հիվանդանում ենք, ձգտում ենք առողջանալ, ինչ-որ աշխատանք անում ենք, սկսում ենք մտածել, ոնց անենք, որ ճիշտ լինի, ճիշտ է, հաճախ նաև խնդրում ենք, որ Աստված մեզ օգնի, բայց օգնությունը բնության շնորհն է, նվերը, որ մեզ տրվել է: Առաջին անգամ, որ էսպես ասացի, նայեց երկար ու ասաց. «Այդ էլ Աստված է»: Ես ինձ աթեիստ չեմ համարում, մոլի հավատավոր էլ չեմ, բայց վստահ եմ՝ հայ ազգին պահողը եկեղեցին է եղել, կրոնը, և ազգը ազգ է դառնում, երբ լեզու է ունենում… մեր լեզուն է պահել մեր ազգին և մեր կրոնը:
Նիկոլայ Ստեփանովիչը և հայրենասիրությունը
Ոչ միայն հայրենասեր եմ համարում ինձ, այլև հայ եմ համարում ինձ: Վեհափառը մի անգամ ինձ հարցրեց. «Բոլորը կերթան, դուն ալ երթալ չես ուզեր Հայաստանեն» (ես ճիշտ արևմտահայերեն եմ խոսում), ասացի՝ ոչ, Վեհափա՛ռ Տեր, սա է իմ հայրենիքը, իմ ծնողները երազել են Հայաստանի մասին, մի՞թե եկել են այստեղ, որ ես այստեղից գնամ, ես ոչ մի այլ տեղ ապրելու միտք չունեմ, բայց եթե միտքս փոխեմ, միայն Գերմանիա կգնամ: Նայեց ինձ, ասաց՝ ընտրությունդ ճիշտ է: Բանն այն է, որ դեռևս 1937թ.-ին Վեհափառը Բեռլինի համալսարանում որպես ունկնդիր մեկ տարի ուսանել է փիլիսոփայության ֆակուլտետում և ռեֆերատ է գրել «Կարլ Մարքսի կոմունիստական մանիֆեստը» խորագրով (90-ական թվականներին գործուղումներիցս մեկի ժամանակ ես մտա Բեռլինի համալսարանի արխիվ, գտա իր ռեֆերատը, պատճենեցի և բերեցի իրեն): Վեհափառը ապրել էր Գերմանիայում, ճանաչում էր ու գիտեր այդ ժողովրդին, երևի այդ պատճառով էր նաև, որ ասաց՝ ճիշտ է ընտրությունդ: Ես սիրում եմ ճշտապահություն, հատկապես ժամանակի, հանդիպումների, ճիշտ աշխատանքի նկատմամբ, ամերիկացիները ճշտապահ չեն բացարձակապես, անգլիացիները՝ հատկապես, գերմանացիք շատ ճշտապահ են:
«Բազմասանիկավոր» կնքահայր Նիկոլայ Ստեփանովիչը
Շատ ընկերներ ունենալու, շատ հայտնի մարդկանց հետ մտերիմ լինելու գաղտնիքը հավանաբար իմ ազնվությունն է, իմ ազնիվ լինելը իրենց հանդեպ։ Ես երբեք ընկերության մեջ շահախնդրություն չեմ տեսել։ Եվ հաճախ ընկերությունը նաև «քավորությամբ» էր ամրապնդվում: Հայաստանի ղեկավարներից Քոչինյանի հետ ենք շատ մտերիմ եղել, մտերիմ էինք ընտանիքներով, խելացի և ազգանվեր մարդ էր, տղան էլ՝ Էդուարդը, որի հետ նույն լաբորատորիայում էինք աշխատում, դարձյալ բացառիկ խելացի և ազնիվ էր: Անտոն Քոչինյանի համեստության ու զսպվածության մասին մի չլսված պատմություն ունեմ. մի անգամ, երբ Քոչինյանը խնդրեց կոնֆիդենցիալ հանդիպում կազմակերպել Վեհափառի հետ, զարմացա, ճիշտն ասած, բայց գնացի Վեհափառի մոտ, փոխանցեցի խնդրանքը, Վեհափառն էլ իրեն հատուկ համեստությամբ ասաց՝ թող պարոն Քոչինյանը իրեն հարմար ժամ ասի, վերադառնում եմ Անտոն Երվանդովիչի մոտ՝ ինչպես կարելի է, թող Վեհափառը ժամ ասի, ու այսպես՝ տեսնելով, որ անհնար է ժամ համաձայնեցնել, որոշեցի ու ժամը ինքս նշանակեցի՝ ուրբաթ՝ ժամը 5-ին: Եվ այդ կոնֆիդենցիալ հանդիպումը կայացավ: Հիմա չկան ոչ մեկը, ոչ ինքը, ոչ տղաները, հիմա թոռների հետ ենք բարեկամություն անում: Ադմիրալ Իսակովի բոլոր թոռների ու ծոռների կնքահայրն եմ ես. հիմա արդեն տղաներս դարձան իրենց ծոռների կնքահայրեր, թոռս դարձավ իրենց գերդաստանի ծոռի քավոր, բոլորին Էջմիածնում ենք կնքել: 52 սանիկ ունեմ ես, հայրս ավելի շատ ուներ, դա ավանդույթի պես մի բան է մեր ընտանիքում:
Նիկոլայ Ստեփանովիչը և Ճեմարանը
Աշոտ Ալիխանյանն իմ ընկերն է: Ընկեր բառը իմաստուն ու սուրբ խոսք է, և ամեն մեկին չի կարելի ու չպետք է ասես՝ ընկեր: Ալիխանյանին հիշում էի պոլիտեխնիկից, երբ ինքը կոմսոմոլի քարտուղար էր, ես էլ Ֆիզիկայի ինստիտուտի կոմսոմոլի առաջին քարտուղար էի, իսկ այն ժամանակ, պատկերացնում եք, կոմսոմոլի քարտուղարը «դեմք» էր: Մեզ ծանոթացրել է հայտնի հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը, պատճառը դարձյալ իմ սիրելի ռադիոտեխնիկան էր. խնդիր կար, լուծեցինք, և ընկերությունն էլ սկսվեց: Մայր Աթոռում աշխատանքից հետո 2000թ.-ից մինչև 2010թ. աշխատել եմ Ամերիկյան համալսարանում, ապա պարոն Ալիխանյանն ինձ ասաց՝ գալու ես Ճեմարան, միասին աշխատենք, եկա 2010-ից ու դեռ այստեղ եմ՝ այժմ որպես տնօրենի խորհրդական: Տնօրենի սպորտի ընկերն ու օրինակն էլ ես եմ. առողջ ապրելակերպը ինձ համար բուսակերությունն ու ձկնակերությունը չի, ամենօրյա ֆիզիկական ակտիվությունն ու սպորտն է: Լողով եմ զբաղվել, ծանրամարտի կարգ ունեմ, պինգ-պոնգ, թենիս եմ խաղում, հեծանիվ վարում…
Հ.Գ. Մի լավ բան ասեք՝ որպես վերջաբան (հեղ. Ա.Ե.) Լավ բանը հարաբերական է, հատկապես մեր օրերում. որովհետև ես հիմա կարող եմ վատ բան ասել, բայց այս պահին դա ամենալավը լինի մեր, մեր ժողովրդի համար: Ասելով չի, անելով է, ամեն ինչ անելով է: