<<Շիրակացու ճեմարան>> միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի ուղերձը ճեմարանի 31-րդ շրջանավարտներին
Թանկագի՛ն շրջանավարտ սաներ, գործընկերներ, ծնողական համայնք, բոլոր տարիների շրջանավարտներ, մի խոսքով՝ թանկագի՛ն ճեմարանականներ և հարգելի՛ հյուրեր:
Թերևս Վերջին զանգը դպրոցի համար ամենաառանձնահատուկ իրադարձությունն է, որն իր մեջ խտացնում է ամեն ինչ, ինչը կարևոր, նշանակալից և արժեքավոր է յուրաքանչյուր դպրոցի համար: Ճեմարանի համար ամեն Վերջին զանգ ինքնավերլուծության, ինքնահայեցման և ինքնաճանաչման մի նոր առիթ է: Դա է պատճառը, որ ամեն տարի Վերջին զանգի իմ ասելիքի շուրջ երկար մտորում եմ. ինչպե՞ս մի քանի րոպեի ընթացքում վերլուծել, ամփոփել և պատգամել այն ամենակարևորը, որը պետք է ասել հենց այդ տարվա շրջանավարտներին: Ցավոք, վերջին տարիներին դա անելը գնալով ավելի ու ավելի է բարդանում: Իսկ դա նշանակում է, որ ավելի է բարդանում ամեն նոր եկող սերնդի անելիքը:
Երանի այսօր կարողանայի միայն շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր ասել, երանի կարողանայի միայն անդրադառնալ ճեմարանի ձեռքբերումներին, հաջողություններին ու հաղթանակներին: Բայց այսօր այլ հարցեր են դարձել օրակարգային:
Այսօր առաջնահերթությունը դարձել է ինքնապահպանումը, որը պահանջում է նախևառաջ մեր գործած սխալների, մեր թույլ տված բացթողումների խոր վերլուծություն։ Դա պետք է կատարենք ազգովի՝ ինքներս մեր հանդեպ ազնիվ ու անկեղծ լինելով և առանց ավելոդ պաթոսի:
Իսկ դա նշանակում է, որ պետք է ընդունենք, որ մեզ դեռևս շատ բաներ չեն հաջողվում: Մենք չենք կարողանում նպատակներ դնել, մենք միայն երազում ենք, մենք չենք կարողանում ճիշտ գնահատել մեր ուժեղ կողմերը և հաջողության հասնելու մեր իրական հնարավորությունները, մենք միայն գլուխ ենք գովում, մենք չենք կարողանում վերլուծել ու գնահատել թշնամուն, մենք միայն թերագնահատում ու ձեռք ենք առնում, մենք չենք կարողանում լինել հեռատես, մենք միայն մեր անձն ենք տեսնում, և այս ամենից հետո էլ չենք կարողանում ինքնաքննադատորեն վերաբերվել մեր սխալներին, մենք միայն քննադատում ենք ու մեղավորները մեզնից դուրս ենք փնտրում: Ու ուղղակի չենք փնտրում, այլ պարտադիր գտնում ենք: Գտնում ենք, որ արդարացնենք ինքներս մեզ, արդարացնենք մեր սուտն ու անազնվությունը, մեր պոռոտախոսությունն ու գավառամտությունը, մեր անգործությունն ու անձնապաշտությունը:
Մեր սխալները գիտակցելը, ընդունելը և դրա արդյունքում ուղղվելը օրհասական են այս պահին: Մենք վերջապես պիտի հասկանանք, որ այդ սխալների համար մենք արդեն վճարել ենք Արցախով, մեր կորցրած արժեքներով, մեր որդիներով: Եթե շարունակենք ու չսթափվենք, վճարելու ենք հայի ու հայկականի գոյությամբ:
Այս տարի առաջին անգամ պետք է հնչեր ճեմարանական երկու վերջին զանգ, երկու ճեմարանների շրջանավարտները պիտի շնորհավորեին իրար ու խոստանային՝ կյանքի որ ճանապարհով էլ որ քայլելու լինեն, մնան միասնական ու անբաժանելի՝ Արցախի ու Հայաստանի օրինակով: Բայց…. Այսօր Արցախում լուռ են բոլոր զանգերը․ դրանք ոչ ավետում են, ոչ էլ նույնիսկ գուժում են: Լուռ են դրանք, բայց այդ լռությունը խլացնող ու խենթացնող է:
Սիրելի՛ շրջանավարտներ, ես պատգամում եմ ձեզ երբեք չմոռանալ հայրենիք կորցնելու այն ցավը, որ զգացինք այս տարի, պատգամում եմ ձեզ ձեր մտքում և սրտում միշտ վառ պահել հաղթելու վճռականությունը, անհնարինը հնարավոր դարձնելու վստահությունը, հայրենիքի արժանապատվությունն անձեռնմխելի համարելու հաստատակամությունը: Սահմանե՛ք ամենաբարձր նշաձողերը, ամենավեհ նպատակները և հավատացե՛ք ձեր հաղթանակին, հավատացե՛ք մեր հաղթանակին: Այդ դժվարին ճանապարհին դուք մենակ չեք, ձեր թիկունքին Ճեմարանն է:
Սիրելի՛ ճեմարանական համայնք, ոչ մի դժվարությունից չնահանջող, ոչ մի անհաջողությունից չհուսահատվող, ոչ մի անհնարին թվացող ճանապարհից հե՛տ չդարձող իմ համախոհներ ու զինակիցներ, մենք մեզ իրապես հաղթանակած կարող ենք համարել, եթե յուրանքանչյուրս մեր տեղում ամուր կանգնենք՝ մեր սկզբունքներին ու արժեքներին հավատարիմ՝ արդարությունը դարձնելով կշռաքար, խիղճը՝ դատավոր: Մենք իրավմամբ կարող ենք մեզ հաղթանակած ճանաչել, եթե յուրաքանչյուր ճեմարանական հայրենիքի շահը համարի գերակա, հայրենիքին ծառայությունը՝ կենսակերպ, ճեմարանում սովորած սկզբունքներն ու արժեքները՝ ճանապարհ ցույց տվող փարոս:
Սիրելի՛ ուսուցիչներ, աշխատակիցներ և ծնողներ, մեր միասնական աշխատանքի արդյունքում մենք այս տարի էլ ունենք այդ արժեքներն ու սկզբունքները կրող ևս մեկ սերունդ: Այս կապակցությամբ արժե շնորհավորել իրար և շնորհակալություն հայտնել միմյանց: Թող մեր օրհնությունը նրանց պահապան լինի:
Սիրելի՛ շրջանավարտներ, նորից դիմում եմ ձեզ: Այս տարիների ընթացքում մենք ձեզ զինել ենք գիտելիքով, այդ գիտելիքի կարևորության գիտակցումով, բացասական երևույթների հանդեպ անհանդուրժողականությամբ, ոչ մի բանի կողքով անտարբեր չանցնելու սկզբունքայնությամբ: Հասել է այդ զենքերով կռվելու, պայքարելու և մարտնչելու ձեր ժամանակը: Սրանից հետո էլ ձգտեք գիտելիքի, որը լուսավորում է ճանապարհը, ճշմարտության, որը զորացնում է ոգին և արդարության, որն ավելի ուժեղ է դարձնում:
Դե ուրեմն, Մեսրոպ Մաշտոցի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Լուսավորիչի, Նարեկացու, Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի, Ավետիք Իսահակյանի, Վահրամ Փափազյանի, Ալեքսանդր Թամանյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Տիգրան Պետրոսյանի, Շառլ Ազնավուրի, Կարեն Վարդանյանի, Գագիկ Գինոսյանի և, իհարկե, զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, մարշալ Բաղրամյանի, ծովակալ Իսակովի, Սողոմոն Թեհլերյանի և նրա զինակիցների, Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Վազգեն Սարգսյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, Գևորգ և Գոհար Վարդանյանների զավակներ, ամուր և հաստատ քայլերով, շիտակ և ազնիվ հայացքով դեպի ազատ, դեպի անկախ, դեպի ինքնիշխան և հզոր հայրենիք:
Կեցցե՛ մեր հայրենիքը:
Կեցցե՛ մեր վաղվա հաղթանակը:
Կեցցե՛ մեր Ճեմարանը:
Փա՛ռք մեր բոլոր ճեմարանականներին՝ հայրենիքի այսօրվա և վաղվա օրը կառուցողներին: