Արցախի Ճեմարանի կրթական նոր՝ «Հայրենիքի պաշտպանության և գիտատեխնիկական առաջընթացի համար պատասխանատու օրինապաշտ քաղաքացու ձևավորման» ծրագիրը հեղինակվել էր «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի կողմից։ Այն կոչված էր ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում նպաստելու Արցախի կրթական համակարգի արդիականացմանն ու հզորացմանը, գիտակ և կենսունակ սերնդի ձևավորմանը:
Արցախի ճեմարանի մասին
«Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթկաան համալիր» ՓԲԸ -ն հիմնադրվել էր 2022թ․ հուլիսի 29-ին։
Արցախյան 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո վիրավոր Արցախում նոր կրթահամալիր ստեղծելու գաղափարը շատերին անհավանական էր թվում, անհնարին մի արկածախնդրություն, սակայն ոչ Ճեմարանականների համար, ովքեր մեծ խանդավառությամբ ընդունեցին այդ կոչը և միանգամից ձեռնամուխ եղան Արցախում նոր ճեմարանի հիմնադրմանը։ Իսկ ամեն ամեն ինչ սկսվել էր 2021թ․, երբ Երևանի Մայր Ճեմարանում ճանաչողական այցով գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը ավագ դպրոցականների հետ հանդիպման ընթացքում առաջարկել էր Ճեմարան հիմնել նաև Արցախում։
Եվ անմիջապես մեկնարկած ներճեմարանական աշխատանքային քննարկումների, Արցախի Հանրապետության Կառավարության հետ շուրջ 6 ամիս տևած բանակցությունների արդյունքում հիմնադրվել էր «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը՝ որպես կրթական նոր և ինքնուրույն կառույց՝ իր ուրույն հեղինակային ծրագրով՝ կոչված իրագործելու ազգային հենքի վրա համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի կերտելու Մայր Ճեմարանի առաքելությունը։
Արցախի Ճեմարանը ղեկավարվում էր 5 հոգուց բաղկացած Գործադիր մարմնի կողմից, որից 2-ը Մայր Ճեմարանի ներկայացուցիչներն էին՝ ի դեմս հիմնադիր Աշոտ Ալիխանյանի, Երևանի Ճեմարանի փոխտնօրեն Թագուհի Սինանյանի, 2-ը ԱՀ Կառավարության ներկայացուցիչներն էին՝ ի դեմս ԱՀ Կառավարության սոցիալ-տնտեսական բաժնի ղեկավար Սուսաննա Աբրահամյանը և ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանի, և կրթահամալիրի տնօրենի։ «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի տնօրենն էր Անահիտ Ղարաղազարյանը։
Այս պահի դրությամբ Արցախի Շիրակացու ճեմարանի բոլոր սաները շարունակում են իրենց կրթությունը Մայր Ճեմարանում: