29.05.2022
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Հատված կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանի՝ Վերջին զանգին հնչած ուղերձից 2022

Հատված կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանի՝ Վերջին զանգին հնչած ուղերձից 2022

Ամեն տարի Վերջին զանգին պատրաստվելիս երկար մտորում եմ, փորձում եմ առանձնացնել, գտնել այն կարևոր միտքը, ուղերձը, որ ուզում եմ փոխանցել հենց այդ տարվա շրջանավարտներին: Իսկ այդ ասելիքը որքան էլ նույնը, այնքան էլ տարբեր է լինում: Նույնն է, քանի որ անփոփոխ և մնայուն են ճեմարանական արժեքներն ու սկզբունքները: Տարբեր է, քանի որ տարբեր են իրավիճակներն ու պատմական իրադարձությունները: 

Այս առումով այս տարի հատկապես դժվար էր, քանի որ շատ բարդ է գտնել բառեր ներկա իրավիճակի պայմաններում: 

Ինքս ինձ շարունակ հարց էի տալիս՝ որպես ավագ սերունդ, ինչ ասել և ինչպես ասել այսօրվա պատանուն: Ինչպես ասել, որ երևույթների գերակշիռ մասը, որոնց ականատեսն են լինում, չպետք է դառնա օրինակ իրենց համար: Այլ ընդհակառակը՝ դրանք պետք է լինեն ուղենիշ միայն մեկ բանի համար, թե ինչ պետք է չանել և ինչպիսին պետք է չլինել: 

Ակամայից մտովի դիմեցի մի անձնավորության, որն ինձ համար իսկական հայի և քաղաքացու բոլոր ժամանակների լավագույն օրինակներից է, իմ ավագ ընկեր Կարեն Վարդանյանին։ Պատասխանը չուշացավ: Տարիների խորքից հիշողությանս մեջ արթնացավ մի պատմություն, որը շատ արդիական է նաև այսօր: 

2006 թ.-ին հրավիրված էի Հայաստանի Անկախության 15 ամյակին նվիրված մի բազմամարդ միջոցառման, որի կազմակերպիչները ճանաչված մարդիկ էին, բայց, որոնց գաղափարները և միասնության մասին ունեցած պատկերացումները ես չէի կիսում: Երբ արդեն այլևս անհնարին էր մերժել նրանց հերթական խնդրանքը, ստիպված համաձայնվեցի՝ հույս ունենալով, որ ուղղակի ներկա կստանամ և աննկատ կհեռանամ: 

Աննկատ մնալու փորձերը առաջին իսկ ակնթարթից ձախողվեցին, քանի որ դիմավորեցին հանդիսավորությամբ և նստեցրեցին առաջին պատվավոր տեղերից մեկում, ապա ինձ՝ որպես պատվավոր հյուրի, հրավիրեցին բեմ և խնդրեցին պատասխանել մի հարցի, որը նախապես տրվել էր մի քանի այլ մտավորականների և տեսագրվել էր։ 
«Պարոն Ալիխանյան, անցել է արդեն 15 տարի, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ տվեց հայ ժողովրդին Անկախությունը», - հնչեց հարցը:

«Իմ կարծիքով Անկախությունը մեզ տվեց ամենակարևորը՝ ինքներս մեզ ճանաչելու հնարավորություն: Իսկ երբ ինքներս մեզ ճանաչեցինք, պարզվեց՝ բացասական կողմեր շատ ունենք, որոնք չէինք նկատել կամ չէինք ուզում նկատել:

Պարզվեց, որ մենք մեր արժեքները՝ մեր լեզուն, մեր պատմությունը, մեր մշակույթը, որոնցով այդքան հպարտանում ենք, շատ վատ ենք ճանաչում կամ առհասարակ չենք ճանաչում, չենք արժևորում, չենք պահպանում պատշաճ կերպով: Դրանք մեզ համար միայն գլուխ գովելու աոիթ են, ուրիշ՝ ոչինչ։

Պարզվեց, որ ծայրահեղ անկարգապահ ենք, որ օրենքները և սահմանված կարգերը մեզ համար միայն շրջանցելու համար են, և որքան մեծածավալ են այդ շրջանցումները, այնքան մեծ հեղինակության և հարգանքի արժանի է դառնում կարգազանց մարդը հանրության կողմից:

Պարզվեց, որ հանցավոր մտածելակերպը ճշտի մասին միակ պատկերացումն է, խարդախությունը ուժի չափանիշ է, իսկ սուտը․․․ սուտը թափանցել է ամենուր: Սա այն սուտն է, որ քանդել է ամեն ինչ, քանդել է Հռոմեական կայսրությունը, քանդել է Խորհրդային Միությունը և շուրջ 40 տարի է, որ քանդում է մեր Հայրենիքը»:  

Այսպիսի շատ անկեղծ, բայց նաև սուր խոսքերից հետո, որոնց, ըստ երևույթին, ոչ ոք չէր սպասում, դիմեցի դահլիճին։ «Հայրենակիցնե՛ր, հիմա մենք պետք է ուրախանա՞նք, թե՞ տխրենք այս ամենի համար…»: 

Նույն հարցով հիմա դիմում եմ նաև ձեզ և ինքս էլ իմ հարցին պատասխանում եմ, ինչպես այդ օրը: «Ես ձեզ ասում եմ, որ միանշանակ պետք է ուրախանանք, քանի որ յուրաքանչյուր փոփոխություն սկսվում է ճանաչումից։ Եթե արդեն գիտենք մեր բացասական կողմերը, թերությունները, ապա անհրաժեշտ է անմիջապես բռնել ինքնամաքրման, ինքնաշտկման ուղին, քանի որ ցանկացած արտաքին փոփոխություն սկսվում է ներքին փոփոխությունից»։

Այս դեպքը 17 տարի առաջ էր, բայց պետք է ցավով ասեմ, որ մենք այդպես էլ մեր հայացքը չուղղեցինք դեպի մեր ներսը․ միշտ փնտրեցինք մեղավորներ դրսում, սպասեցինք օգնություն դրսից, անդադար վիճեցինք ու չհամաձայնվեցինք իրար հետ, թե այդ արտաքին փոփոխություններից ինչը պետք է ընդունենք, իսկ ինչը մերժենք, այդպես էլ չգիտակցելով, որ իրական և մնայուն փոփոխությունները սկսվում են ներքին փոփոխություններից։ 

Եվ ցավոք, դրա ամենադառը պտուղները մենք հատկապես քաղեցինք պատերազմի ժամանակ, երբ խարդախության, ստի, հանցավոր մտածելակերպի և անկարգապահության հետևանքները արհավիրքի նման թափվեցին մեր գլխին:

Ցավով պետք է ասեմ, սիրելի՛ շրջանավարտներ, որ չնայած այս պատմությունից անցել է 17 տարի, բայց ձեզ դեռ պետք է ասեմ նույնը։ Դուք, որ կանգնած եք կյանք մտնելու շեմին, որ պետք է ստանձնեք մեր հայրենիքը պաշտպանելու, կառուցելու և շենացնելու պատասխանատվությունը, առաջին հերթին պետք է պայքարեք ներքին թշնամու դեմ՝ արմատախիլ անելով սուտը, անարդարությունը, խարդախությունը, հանցավոր մտածելակերպը, պոռոտախոսությունը, անգրագիտությունը, գավառամտությունը։ 

Պայքարի ճանապարհը հեշտ չի լինելու, բայց միշտ հիշեք, որ ձեր թիկունքին են ձեր ուսուցիչները, ձեր Ալմա Մատեր ճեմարանը, եթե պետք լինի, ճեմարանը կլինի ձեր կողքին, կարևորը, որ այդ պայքարի մեջ անկեղծ լինեք և չխաբեք ինքներդ ձեզ:  Պայքարի ճանապարհին միշտ հիշեք, որ հեղափոխությունը չի ավարտվում իշխանափոխությամբ, այլ սկսվում է իշխանափոխությունից։ Հեղափոխությունը կայանում է միմիայն այն դեպքում, երբ կա ներքին հեղաշրջում։ 

Ոչ ՄԱԿ-ի վրա ծածանվող դրոշը, ոչ հիշարժան օրեր նշելու մոլուցքը, ոչ էլ բարձրակոչ ճառերը չեն կարող լինել անկախության երաշխիք։ Անկախությունը նախևառաջ հոգեվիճակ է, որի միակ գրավականը ինքնիշխանությունն է։ 

Վաղուց ժամանակն է, որ դադարենք արդարացնել մեզ, ասելով, որ անկախության ուղին բռնած բոլոր պետությունները նույն ճանապարհն են անցնում: Արդյոք այդ բոլորը առաջին քրիստոնյաներն են եղել, արդյոք բոլորը ցեղասպանվել են և երկրաշարժ են տեսել, արդյոք բոլորը Մաշտոց ու Նարեկացի են ունեցել։ Մենք սխալվելու իրավունք այլևս չունենք, արդեն չունենք նաև սխալվելու ժամանակ։ 

Այս առումով խորհրդանշական է, որ մեր այսօրվա միջոցառման մուտքը ազդարարեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, մարդ, որի կյանքը և անցած ճանապարհը տոկունության, աննկուն կամքի, ոգեղենության վառ օրինակ է։ Մարդ, որը ներկայիս ստեղծված իրավիճակից ելքը իրավացիորեն տեսնում է կրթության և գիտական մտքի հաղթանակի մեջ։ 

Ոգևորության, ոգեշնչման, հավատի և լավատեսության աննկարագրելի պահեր ենք վերապրել այս տարի, երբ պարոն Բեգլարյանից ստացել ենք Արցախում Շիրակացու ճեմարան հիմնելու առաջարկը, իսկ հուշագիր ստորագրելու օրը իսկական տոն էր ճեմարանականների համար։ 

Եվ ինչպես այդ ժամանակ եմ ասել, կրկնում եմ հիմա ևս․ Արցախի Շիրակացու ճեմարանի հիմնադրումը Անկախության հռչակագիրը կյանքի կոչելու առաջին քայլերից է և դրա իրականացման երաշխիքը։ Սա մի նոր սկիզբ է, որի գաղափարական շարունակողը դուք պետք է լինեք, սիրելի՛ շրջանավարտներ՝ սկզբունքորեն լինելով ամենալավ սովորողը, ամենակարգապահ զինվորը, ամենաիսկական քաղաքացին, ամենաարդար մարդը՝ կյանքի բոլոր իրավիճակներում։

Բարի երթ, ճեմարանի 29-րդ` թվով 101 շրջանավարտներ

Փա՛ռք մեր բոլոր ճեմարանականներին՝ Հայրենիքի այսօրվա և վաղվա օրը կառուցողներին:  

Աշոտ Ալիխանյան
29 մայիսի 2022թ