31.05.2023
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի ուղերձը ճեմարանի 30-րդ շրջանավարտներին

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի ուղերձը ճեմարանի 30-րդ շրջանավարտներին

Թանկագի՛ն շրջանավարտ սաներ, գործընկերներ, ծնողական համայնք, բոլոր տարիների շրջանավարտներ, մի խոսքով՝ թանկագին ճեմարանականներ և հարգելի՛ հյուրեր:

Ամեն տարի մինչև Վերջին զանգը երկար մտորում, վերլուծում եմ տեղի ունեցած իրադարձությունները, քննում եմ իրավիճակը, որպեսզի կարողանամ դուրս բերել այն հիմնական և կարևոր ուղերձը, որ պետք է փոխանցեմ հենց այդ տարվա շրջանավարտներին: Տարիների հետահայաց դիտարկմամբ՝ ասելիքս և նույնն է, և տարբեր միաժամանակ: Նույնն է, որովհետև ձեր տնօրենը միշտ հավատարիմ է իր և ճեմարանական սկզբունքներին, և տարբեր է, որովհետև փոխվում են ժամանակներն ու իրավիճակները, իսկ ուղերձը ժամանակավրեպ լինել չի կարող:

Այս տարի ասելիքս ձևակերպելն առավել դժվար էր, համատարած անորոշության ու ժամառժամ փոփոխվող, երբեմն անհավատալի իրականության ֆոնին՝ որպես ավագ սերունդ և որպես ձեր տնօրեն շարունակ տանջում է հարցը՝ իսկ ինչ ասել և ինչպես ասել… ինչ փարոս ուղենշել ստեղծված իրավիճակում:

Մի բան հստակ է. մենք՝ պատերազմից 3 տարի անց էլ ոչ մի դաս չքաղեցինք, մենք՝ որպես ավագ սերունդ, մեր՝ առաջին քրիստոնյա ազգ լինելու կոչումը չարժևորեցինք, մեր Անկախության գինը չհասկացանք,  մեզ վստահված ու արյամբ նվաճված հողի արժեքը չգնահատեցինք, ավելին՝ մեզ վստահված պատասխանատվությունը կամա թե ակամա դրեցինք ձեր՝ այսօրվա սերունդի ուսերին: Եվ սա հենց այն դեպքն է, երբ պետք է ասել. դուք բավականին խելացի եք տեսնելու այս ամենն ու հասկանալու, որ սա կարմիր լույսն է, սահմանագիծը, թե ինչ պետք է չանել և ինչպիսին չպետք է լինել:

Այո, մենք այդպես էլ չհասկացանք առաջին քրիստոնյա ազգ լինելու արժեքը, չհասկացանք, չարժևորեցինք, և հիմա ունենք այն, ինչ ունենք:  

Մենք ստացանք Անկախությունը, բայց ընդունեցինք այն միայն որպես դրոշ և ոչ ավելին: Տարիներ շարունակ ապրելով Սովետական միության հովանո ներքո՝ որևէ կենսական պահանջի մասին անհատապես մտածելու կարիք չունեցանք, բայց եկավ այն պահը, երբ արդեն որպես անկախ և ազատ պետություն, ինքնուրույն պետք է հոգայինք մեր կյանքի մասին, ու կարծես նոր արթնացած տարիների նիրհից, բացահայտեցինք, որ ոչ մի ռեսուրս չունենք, ոչինչ չունենք, բացի ինտելեկտից: Բայց դա էլ անհատույց նվեր չէ, եթե դպրոցից սկսած չաշխատես, չզարգացնես քո գենին հատուկ մտավոր հարստությունը, մի օր կպարզվի, որ դա էլ չունես: Եվ Սովետական միության ողջ տարածքում լինելով միակ մետրոպոլիան՝ եթե ճիշտ կազմակերպվեր մեր մտավոր հարստության ուղղորդված և ճիշտ զարգացումը՝ Հայաստանը կլիներ աշխարհի ամենահզոր պետություններից մեկը, իսկ ինչ արեցինք մենք. քանդեցինք, տապալեցինք հնարավոր զարգացումը, ավելին՝ կանգնեցրինք հոսանքի միակ աղբյուրը՝ Ատոմակայանը, պայթացրինք գազամուղը, ու սկսվեց թալանը: Ողջ հարստությունը, որ ստեղծվել էր, մխսվեց միանգամից ու անվերադարձ:

Ինչու եմ այս մասին ասում, որովհետև միշտ և բոլոր ժամանակներում ուզում եմ, որ իմանաք ճշմարտությունը, պետք է վեր հանել և ճանաչելի դարձնել սեփական սխալները. ձեր սերունը պետք է իմանա իրականությունը, միայն այդ դեպքում հնարավոր կլինի առաջ շարժվել, ուղղել մեջքը, շենացնել ու հզորացնել մեր հայրենիքը:

Մեզ ու մեր հայրենիքին հիմա և այս պահին փոփոխություն է պետք. մտածելակերպի, արժեքների վերանայման, իրականության ընկալման, սխալների հանդեպ անհանդուրժողականության անհապաղ փոփոխություն:

Այո, փոփոխություն է պետք, իսկ յուրաքանչյուր փոփոխություն սկսվում է ճանաչումից։ Պետք է զննել սեփական եսը, պետք է վիրաբույժի նման ճանաչել ախտածին ազդակները, վերացնել, բուժել, ինքնամաքրվել՝ համոզմունքով, որ ցանկացած արտաքին փոփոխություն սկսվում է ներքին փոփոխությունից:

Պատմությունը փաստում է՝ փոքր ազգերը միշտ են այսպիսի փորձությունների միջով անցնում, լինելիության իրավունք վաստակելու համար պայքարում: Մենք պետք է հավատանք, որ վերջին անհաջողությունները ևս ժամանակավոր են, միշտ էլ եղել են պատմության տարբեր փուլերում ու հաղթահարվել: Մեր, թերևս, ամենամեծ սխալներից է եղել այն, որ հաճախ պարզապես մեղավորներ ենք փնտրել դրսերում, օգնություն ենք ակնկալել բոլորից, անդադար մեղադրել ենք իրար, բայց չենք գիտակցել միմյանց սատարելու կարևորությունը, չենք փորձել օգնել իրար և կառուցողական լուծումներ չենք փնտրել:

Պատմությունը փաստում է նաև, որ փոքր ազգերը պետք է հնարավորինս ամուր պահեն իրենց արժեքները՝ պատմությունը, լեզուն, մշակույթը, այլապես դատապարտված են մոռացման: Ամուր պահելու համար էլ պետք է լավ ճանաչել, սիրել ու արժևորել այդ ամենը, ոչ թե դարձնել միայն գլուխ գովալու առիթ, պաթոսախեղդ ճառեր ձոնելու առարկա:

Այո, մենք գլուխգովան ենք, նաև պոռոտախոս, և ցավոք, հաճախ հենց վատ ու արարտավոր երևույթներն ենք դարձնում արժեք. ազգային անկարգապահությունը, որ մեր բոլոր անհաջողությունների հիմքում է, մեզ համար շնորհքի և ուժի հարց է. կարողացավ, խախտեց, ուրեմն ծափերի է արժանի:

Անկարգապահությունը, խարդախությունը, սուտը. սրանք հանցավոր մտածելակերպի արդյունք են, որ, ցավոք, այնքան տարածվել ու այնքան խորը արմատներ են ձգել, որ մեզ Հայրենիք ու հազարավոր չապրված կյանքեր են արժեցել:

Հանցավոր մտածելակերպի հետևանքներն անդառնալիորեն զգացինք 44-օրյա պատերազմի ժամանակ, և զգում ենք վերջին շրջանում մեր Հայրենիքում կատարվող իրադարձությունների շղթայում:

Իսկ ի՞նչ, միթե իրապես որևէ ելք չկա... Ճեմարանի բարեկամ լուսահոգի Կարեն Վարդանյանն հենց այս հարցի համար կասեր. «Անլուծելի խնդիրներ չկան»:
Մեր ուժը մեր միասնականության մեջէ. Մեծն պոետի այս խոսքերը զուտ բառեր չեն. հենց դա է ազգային գաղափարախոսության և ոգեկոչման լավագույն բանաձևն է...

Եվ դուք, որ Ճեմարանի 30-րդ շրջանավարտներն եք, պետք է ստաձնեք հայրենիքը վերամիավորելու, միասնական ոգին վերականգնելու, մեր մի բուռ Հայրենիքը պաշտպանելու, շենացնելու պատասխանատու գործին՝ առաջին հերթին վերացնելով ներքին արատները, արմատախիլ անելով սուտը, անարդարությունը, խարդախությունը, պոռոտախոսությունը, անգրագիտությունը:

Համալրելով բոլոր տարիների շրջանավարտների շարքերը, իսկ այդ թիվը փոքր չէ, արդեն 2091 շրջանավարտ, դուք պիտի դառնաք առաջամարտիկները՝ ճշմարտության, արդարամտության, պայքարի ու համախմբման՝ գիտելիքով և կրթությամբ, որ մեր ազգի դրոշմն է բոլոր ժամանակների և իրավիճակների համար:

Պայքարի ճանապարհը հեշտ չի լինելու, բայց միշտ հիշեք, որ ձեր թիկունքին են ձեր ուսուցիչները, ձեր Ալմա Մատեր ճեմարանը, եթե պետք լինի, ճեմարանը կքայլի առջևից, ինչպես տարիներ շարունակ անում է կրթության բնագավառում, կարևորը, որ այդ պայքարի մեջ անկեղծ լինեք և չխաբեք ինքներդ ձեզ: Պայքարի ճանապարհին միշտ հիշեք, որ մտքի ու արժեքների հեղափոխություն լինելու է, ազգային վերածնունդ լինելու է, ներքին հեղաշրջում լինելու է և դուք եք լինելու հեղափոխության առաջնագծում:

Պայքարի ճանապարհին պետք է նաև հիշեք, որ մենք սխալվելու իրավունք այլևս չունենք, արդեն չունենք նաև սխալվելու ժամանակ։

Սիրելի՛ շրջանավարտներ, գործընկերնե՛ր, ծնողնե՛ր, որպես մեկ միասնական ընտանիք՝ պետք է խնդրեմ, որ բոլորս միասին ոտքի կանգնենք, բոլորս միասին շնորհավորենք իրար և բարի երթ մաղթենք ճեմարանի 30-րդ` թվով 110 շրջանավարտներին։

Մենք բոլորս միասին մեր ազգի հարազատ զավակներն ենք, ամեն բանից վեր և անկախ տարաբնույթ կարծիքներից ու գաղափարական դիրքորոշումներից, ինչպես Վազգեն Վեհափառը Անկախության հանրաքվեին հաջորդող նիստերից մեկի ժամանակ հնչեցրեց ու ես էլ՝ որպես իմ ուղերձի վերջաբան պատիվ կհամարեմ մեջբերելու պատվելի հայի խոսքերը. մենք՝ զավակներս Օգոստափառ պիտի կերտենք նոր Արշալույս...

Դե ուրեմն, Մեսրոպ Մաշտոցի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Լուսավորիչի, Նարեկացու, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահրամ Փափազյանի, Ալեքսանդր Թամանյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Տիգրան Պետրոսյանի, Շարլ Ազնավուրի, Կարեն Վարդանյանի և իհարկե զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, մարշալ Բաղրամյանի, ծովակալ Իսակովի, Սողոմոն Թեհլերյանի և նրա զինակիցների, Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Վազգեն Սարգսյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, Գևորգ և Գոհար Վարդանյանների զավակներ, ամուր և հաստատ քայլերով, շիտակ և ազնիվ հայացքով դեպի ազատ, դեպի անկախ, դեպի ինքնիշխան և հզոր Հայրենիք:

Կեցցե՛ մեր Հայրենիքը:
Կեցցե՛ մեր վաղվա հաղթանակը:
Կեցցե՛ մեր ճեմարանը:

Փա՛ռք մեր բոլոր ճեմարանականներին՝ Հայրենիքի այսօրվա և վաղվա օրը կառուցողներին: 

Աշոտ Ալիխանյան
31 մայիսի 2023թ