Ընդունելություն Միջին դպրոցում
Հարգելի ծնողներ
Եթե ձգտում եք, որ Ձեր երեխան
- ստանա համապարփակ կրթություն, որը կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության պետական չափորոշչին և միջազգային ամենաբարձր չափանիշներին,
- ակադեմիական գիտելիքներից բացի ձեռք բերի անհրաժեշտ կարողություններ և հմտություններ,
- ձևավորվի որպես իսկական մտավորական և պատասխանատու քաղաքացի,
ապա հրավիրում ենք դիմելու Հայաստանի Հանրապետությունում Միջազգային բակալավրիատի (International Baccalaurate) բոլոր երեք՝ նախադպրոցական-տարրական, միջին և ավագ տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով հավատարմագրված միակ կրթօջախ՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ճեմարան):
Ճեմարանի բոլոր կառույցներում ուսուցումը կատարվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ 5-12-րդ դասարանների համար սահմանված քանակությամբ մասնակի պետական սուբսիդավորմամբ (այսուհետ՝ պետական համաֆինանսավորում) տեղերի: Ճեմարանի վճարովի տեղերում սովորողները հետագայում կարող են տեղափոխվել պետական համաֆինանսավորմամբ տեղեր՝ համաձայն 21 փետրվարի 2024թ. Ճեմարանի կողմից ընդունված Պետական ֆինանսավորմամբ և վճարովի տեղերի համալրման կարգի։ Պետական համաֆինանսավորմամբ տեղերի մրցույթին մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները:
Ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպվում է շուրջօրյա կամ երկարացված օրվա աշխատակարգով: Սովորողներն ապահովվում են սննդով՝ ըստ հաստատված սննդակարգի: Անհրաժեշտության դեպքում՝ կարող է տրամադրվել հանրակացարան: Բոլոր սովորողների տեղափոխումը կատարվում է Ճեմարանի կողմից` հատուկ տրանսպորտային միջոցներով:
Հաշվի առնելով առաջացած թափուր տեղերը՝ Ճեմարանը հայտարարում է 9-րդ դասարանի վճարովի թափուր տեղերի համար ընդունելություն: 2026թ. հունիսի 8-ի դրությամբ առկա է 8 թափուր տեղ:
Ճեմարանի ընդունելության վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ Ճեմարանի ընդունելության քաղաքականության փաստաթղթում հետևյալ հղումով:
Ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունումը իրականացվում է հունիսի 9-ից հունիսի 18-ը ներառյալ՝ դիմումների առցանց գրանցման համակարգում*: Ընդունելության քննությունները կազմակերպվում են օգոստոսի 17-ից օգոտոսի 24-ը:
*Ուշադրություն. Դիմում-հայտը լրացնելուց հետո համակարգը ինքնաշխատ հաղորդագրություն է ուղարկում հայտում նշված էլ. հասցեին՝ նշելով, որ հայտը հաջողությամբ ընդունվել է (խնդրում ենք ստուգել նաև էլ.հասցեի spam հատվածը): Պատասխան նամակ չստանալու դեպքում խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարներով:
1990թ.-ից Ճեմարանում իրականացվում է «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագիրը (հաստատված է ՀՀ կառավարության կողմից): 2014թ. նշված ծրագիրը ընդլայնվել և վերահաստատվել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից և ներկայումս լիարժեք ինտեգրում է ՀՀ պետական չափորոշչի և ՄԲ համապատասխան տարիքային ծրագրերի պահանջները:
2010թ.-ից Ճեմարանը «Ռաունդ Սքվեր» (Round Square) միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է: 2008թ.-ից Ճեմարանը ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիաի լիիրավ անդամ է:
2010թ. «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային գրասենյակի կողմից Ճեմարանը ճանաչվել է աշխարհի 56 առաջատար նորարարական դպրոցներից մեկը:
2013թ. Ճեմարանի կրտսեր դպրոցը, 2014թ.` միջին և ավագ դպրոցները հավատարմագրվել են Միջազգային բակալավրիատի համաշխարհային գրասենյակի կողմից:
2014թ.-ից ՀՀ կառավարության որոշմամբ արտոնվել է 11-12-րդ դասարաններում իրականացնել ՄԲ դիպլոմային ծրագիրը (IB DP)՝ անգլերենով:
2026թ.-ից Ճեմարանը ստացել է միջազգային հավատարմագրում «Միջազգային դպրոցների խորհրդի» (CIS, Council of International Schools) կազմակերպության կողմից:
Տեղեկացում. Հիվանդության պատճառով որևէ քննությունից բացակայելու դեպքում մինչև տվյալ քննության ավարտը պարտադիր պետք է ներկայացնել բժշկական տեղեկանք: Տեղեկանքի առկայության դեպքում վերահանձնման թույլտվության մասին որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը, իսկ տեղեկանքի բացակայության դեպքում` վերահանձնում չի նախատեսվում:
Կոնտակտային տվյալներ.
Միջին դպրոց` Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փ. 35
Հեռ.` +374 10 680102, +374 44 640126
Էլ. հասցե` info@shirakatsy.am
Կայք` www.shirakatsy.am
Տրամադրե՛ք Ձեր երեխային որակյալ կրթություն ստանալու և ավելի պայծառ ապագա կերտելու հնարավորություն: