Ի հավելումն ակադեմիական բազմաբովանդակ ծրագրի՝ Ճեմարանը սաներին, ծնողներին, ողջ համայնքին առաջարկում է տարատեսակ ռեսուրսներ՝ ապահովելու բարեկեցիկ և հագեցած կրթական միջավայր՝ աճի և զարգացման նորարար մոտեցումներով:
Շիրակացու ճեմարանի Հոգեբանական կենտրոնը հիմնադրվել է 1990 թվականին և արդեն երեք տասնամյակից ավելի հանդիսանում է Ճեմարանի կրթական համակարգի անբաժանելի մասը՝ ունենալով հաստատված ավանդույթներ, մասնագիտական տեսլական և զարգացման հստակ ուղեգիծ։ Կենտրոնի առաքելությունն է ստեղծել անվտանգ, աջակցող և զարգացնող կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է լիարժեք դրսևորվել՝ զարգացնելով իր իմացական, հուզական և սոցիալական ներուժը։ Մենք երեխային դիտարկում ենք ոչ թե առանձին դրսևորումների կամ «դժվարությունների» մակարդակում, այլ որպես ամբողջական անհատ, որի զարգացումը ձևավորվում է փոխկապակցված օղակների համակարգում՝ երեխա, հասակակիցներ, դպրոց և ընտանիք։
Կենտրոնը կարևորում է ընտանիք–դպրոց համագործակցությունը՝ որպես երեխայի կայուն զարգացման հիմնական պայման։
Աշխատանքը կառուցվում է՝ ծնողի իրազեկմամբ և նպատակային ներգրավմամբ, ուսուցիչների հետ գործընկերային փոխգործակցությամբ, ճեմարանում հոգեբանական ընդհանուր լեզվի կիրառմամբ։
Ծնողները դիմում են մեզ, երբ ցանկանում են ավելի լավ հասկանալ իրենց երեխային և գիտակցված աջակցել նրա զարգացմանը։ Կարևոր ենք համարում ընդգծել, որ հոգեբանին դիմելը չի ենթադրում պարտադիր որևէ խնդրի առկայություն, այլ երեխայի բարեկեցության ապահովման և ներդաշնակ զարգացմանն ուղղված գիտակից և հոգատար քայլ է։
Շիրակացու ճեմարանի լոգոպեդական և հատուկ մանակավարժության ծառայությունը հիմնվել է 1999 թվականին՝ որպես լոգոպեդական ծառայություն, իսկ հատուկ մանկավարժի ծառայությունը համալրվել է 2021թ:
Լոգոպեդական և հատուկ մանկավարժության ծառայության նպատակն է կանխարգելել, հաղթահարել սաների խոսքի խանգարումները և ճանաչողական ոլորտի դժվարությունները՝ դրանով նպաստելով ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ու հասարակական ներառմանը:
Լոգոպեդը իրականացնում է սաների բանավոր և գրավոր խոսքի խանգարումների բացահայտման, դրանց շտկման և կանխարգելման, ինչպես նաև խոսքի զարգացման աշխատանքներ: Լոգոպեդի աշխատանքի հիմանական ձևերն են հետազոտումը, խորհրդատվությունը, ընթացիկ դիտարկումը, անհատական կամ խմբային պարապմունքները:
Հատուկ մանկավարժն իրականացնում է սաների ճանաչողական գործընթացների և նուրբ շարժողականությանը բնորոշ դժվարությունների բացահայտման, հաղթահարման, կախարգելման, ինչպես նաև վերոնշյալ ոլորտների ձևավորման և զարգացման աշխատանքներ։
Հատուկ մանկավարժի աշխատանքի հիմանական ձևերն են հետազոտումը, խորհրդատվությունը, ընթացիկ դիտարկումը, անհատական կամ խմբային պարապմունքները:
Լոգոպեդներն ու հատուկ մնակավարժները համագործակցում են ավագ մանկավարժների, առարկայական ուսուցիչների, հոգեբանների, ծնողների կամ խնամակալների և սանի հետ աշխատող այլ մասնագետների հետ։
Լոգոպեդական և հատուկ մանկավարժության ծառայությունից կարող են օգտվել նաև կրթահամալիրում չսովորող երեխաները։
Ծառայությունը պարտավորվում է ապահովել սանի և սանի ընտանիքի վերաբերյալ անձնական տվյալների գաղտնիությունը։
Ծառայությունը կազմակերպում է վերապատրաստումներ այլ հաստատություններում աշխատող լոգոպեդների/հատուկ մանկավարժների համար:
Բուհական ուղղորդման և մասնագիտական կողմնորոշման ծառայության նպատակն է՝ ապահովել սովորողների գիտակցված մասնագիտական ընտրությունը՝ հիմնված նրանց կարողությունների, հետաքրքրությունների և նպատակների վրա, զարգացնել ինքնաճանաչումը, պատասխանատու որոշումներ կայացնելու հմտությունը, ապահովել բուհերի ընդունելության պահանջների համակարգված ըմբռնումը, ձևավորել դիմումների ռազմավարական պլանավորման կարողություն։ Աջակցել յուրաքանչյուր սովորողին անհատական կրթական ուղին կառուցելու ազգային, ինչպես նաև միջազգային կրթական միջավայրում մրցունակ դառնալու գործընթացում։
Ծառայությունը սկսվում է՝ 9-րդ դասարանից:
- 9-րդ դասարան՝ մասնագիտական կողմնորոշում, հետաքրքրությունների և կարողությունների բացահայտում:
- 10-րդ դասարան՝ ակադեմիական ուղղության ընտրություն, մասնագիտությունների ուսումնասիրություն:
- 11-րդ դասարան՝ համալսարանների ընտրություն, դիմումների ռազմավարության փաստաթղթերի նախապատրաստման ուղղղորդում։
- 12-րդ դասարան՝ ընդունելության գործընթացի, ժամկետների, դիմումների ամբողջացման ուղղորդում, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում։
Կարգապահությունը կամրջում է նպատակն ու արդյունքը
Ուսումնատեսչական ծառայությունն ունի աշխատանքների համակարգող, օպերատոր և 11 տեսուչներ, որոնք աշխատանքային գործունեություն են իրականացնում մանկակրթարանում, կրտսեր, միջին և ավագ դպրոցներում:
Ուսումնատեսչական ծառայությունը կազմակերպում է և վերահսկում ուսումնական գործընթացը: Առարկայական ամբիոնների հետ համատեղ կազմակերպում է դասերի փոխարինումները: Հետևում է կարգապահությանը: Կազմում է ուսուցիչների և սաների դասացուցակները: Զբաղվում է սաների կիսամյակային և տարեկան արդյունքների ամփոփմամբ, ինչպես նաև ռեյտինգների հաշվարկով:
Կազմակերպում է սաների փոխադրական, ավարտական և պետական ավարտական քննությունները:
Զբաղվում է ընդունելության քննություննների կազմակերպման ու անցկացման աշխատաքներին:
Աշխատանքներ է տանում ԳԹԿ և ԿՏԱԿ համակարգերի հետ՝ ավարտական վկայականներ և ատեստատներ տրամադրելու համար:
Շիրակացու ճեմարանում բժշկական ծառայությունը կարևոր դեր ունի կրթական միջավայրում՝ ապահովելով սաների և աշխատակիցների առողջության պահպանությունն ու անվտանգությունը։ Առողջության կենտրոնը գործում է որպես վստահելի և մշտապես հասանելի օղակ, որտեղ սաները կարող են ստանալ առաջնային բժշկական օգնություն ուսումնական օրվա ընթացքում առաջացած առողջական խնդիրների դեպքում։
Առողջության կենտրոնի գործունեության հիմքում սաների առողջության պահպանումն ու հիվանդությունների կանխարգելումն է։ Ամենօրյա աշխատանքում իրականացվում է սաների առողջական վիճակի մշտադիտարկում, հատուկ ուշադրություն դարձվում քրոնիկական հիվանդություններ ունեցող սաների առողջական վիճակի վերահսկմանը։ Միաժամանակ ապահովվում է բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, ինչը նպաստում է առողջական խնդիրների ժամանակին արձագանքմանն ու արդյունավետ կառավարմանը։
Ծառայության կարևոր ուղղություններից է վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու համաճարակաբանական վերահսկողությունը։ Առողջության կենտրոնը պարբերաբար իրականացնում է սանիտարահիգիենիկ պայմանների մշտադիտարկում՝ ներառյալ ուսումնական տարածքներն ու ճաշարանը՝ նպաստելով առողջ և անվտանգ միջավայրի պահպանմանը։
Դպրոցի բժշկական ծառայությունը համալրված է մեկ բժշկով և չորս բուժքույրերով, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներով, պատասխանատվությամբ և հոգատար վերաբերմունքով նպաստում են սաների առողջության պահպանմանը՝ ապահովելով լիարժեք և արդյունավետ ուսումնական գործընթաց։
Շիրակացու ճեմարանում սննդի ծառայությունը կրթական միջավայրի կարևոր բաղադրիչներից է՝ ուղղված սաների առողջ աճի, բարեկեցության և արդյունավետ ուսումնառության ապահովմանը։
Ամեն օր մեր Մանկակրթարանի, Կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների սաները, ինչպես նաև աշխատակիցները, ապահովվում են հավասարակշռված, սննդարար, համեղ և անվտանգ սննդով։ Սննդի կազմակերպման ամբողջ գործընթացը՝ մթերքների ընտրությունից մինչև պատրաստում, բաշխում և մատուցում, իրականացվում է սահմանված սանիտարահիգիենիկ և որակական բարձր չափանիշներին համապատասխան։
Սննդի ծառայության գլխավոր նպատակը սաների առողջ սնուցման ապահովումն է, առողջ կենսակերպի ձևավորումը և ուսումնական օրվա ընթացքում նրանց անհրաժեշտ էներգիայով ու օգտակար սննդանյութերով ապահովելը։ Սննդակարգը մշակվում է մասնագետ սննդաբանի կողմից՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները, աճի և զարգացման պահանջները։
Սննդի անվտանգության և որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա վերահսկողություն։ Բժշկական ծառայության ներկայացուցիչը յուրաքանչյուր օր կատարում է պատրաստված սննդի նմուշառում, ինչը թույլ է տալիս ապահովել սննդի անվտանգության բարձր մակարդակ և պահպանել առողջապահական բոլոր պահանջները։
Մենք վստահ ենք, որ առողջ և հավասարակշռված սնունդը ոչ միայն երեխաների ֆիզիկական զարգացման, այլև նրանց մտավոր ակտիվության, կենտրոնացվածության և հաջող ուսումնառության կարևոր նախապայմաններից է։
Կարևորելով անվտանգության, հարմարավետության հանգամանքը, տրանսպորտային ծառայությունը տարիների ընթացքում կատարելագործվել է, և այսօր ոչ միայն սաների, այլև աշխատակիցների անվտանգ և հարամարավետ տեղափոխությունն իրականացնում են նորագույն և հարմարավետ միկրոավատոբուսներ և ավտոբուսներ:
Տրանսպորտային ծառայությունն ապահովում և սպասարկում է նաև սովորողների էքսկուրսիաները, օլիմպիադաների մասնակցությունը, ուսուցիչների գործընկերային այցելությունները տարբեր ուսումնական հաստատություններ, խորհրդաժողովները:
Մանկակրթարանում և Կրտսեր դպրոցում երթուղիներում պարտադիր է ուղեկցող մեծահասակի ներկայությունը՝ երեխաների նստեցումը և իջեցումը կազմակերպելու նկատառումով:
Շիրակացու ճեմարանում անվտանգությունը պարզապես պահանջ չէ դա մեր կրթական միջավայրի անբաժանելի հիմքն է։ Մենք համոզված ենք, որ արդյունավետ ուսուցման և ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է ապահով, վերահսկվող և վստահելի միջավայր՝ ինչպես սաների, այնպես էլ ողջ աշխատակազմի և հյուրերի համար։
2024 թվականից սկսած Ճեմարանի անվտանգության ապահովման պատասխանատվությունը վստահվել է «ՎԻՊ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» ՍՊԸ-ին՝ ոլորտում փորձառու և պրոֆեսիոնալ ընկերության։ Այս համագործակցության շնորհիվ ներդրվել են ժամանակակից մեխանիզմներ, որոնք ապահովում են տարածքի համալիր վերահսկում և օպերատիվ արձագանք ցանկացած իրավիճակում։
Ճեմարանի տարածքում գործում է հսկիչ-անցագրային կետ, որտեղ մուտքն իրականացվում է խիստ վերահսկվող կարգով։ Սաները, ուսուցիչները և աշխատակազմը մուտք են գործում միայն անհատական անցագրերով, ինչը բացառում է կողմնակի անձանց ազատ մուտքը Ճեմարանի տարածք։
Տարածքը լիովին ապահովված է ժամանակակից տեսահսկման համակարգերով։ Տեսահսկման համակարգով մշտադիտարկումը իրականացվում է շուրջօրյա։
Անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցները անցնում են հատուկ պատրաստվածություն և ամենամյա վերապատրաստում SIAS միջազգային պահնորդական ակադեմիայում։