-
Հունվար
- «Ռաունդ Սքվեր»-ի փոխանակման ծրագրի շրջանակում ճեմարանը հյուրընկալում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Միջազգային բակալավրիատի Էնկա դպրոցի (ENKA Schools Istanbul) աշակերտ Դերին Ալգուլին:
- Ճեմարանական պատվիրակությունը Լոնդունում մասնակցում է «Ռաունդ Սքվեր» դպրոցների տնօրենների սիմպոզիումին:
- Գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Թամար Ալեքսանյանը և հոգեբանական կենտրոնի ղեկավար Անի Հարությունյանը «Սովորողակենտրոն ուսուցում» թեմայով սեմինարների շարք են վարում Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ուսուցչամանկավարժական կազմի համար:
- ՀՀ հանրակրթության չափորոշիչների և ծրագրերի մշակման աշխատանքային խմբերի անդամ ճեմարանական ուսուցիչները մասնակցում են ԿԳՄՍ նախարարության՝ «Գնահատում և թեստային առաջադրանքների նմուշներ» խորագրով սեմինարին, որը վարում են միջազգային փորձագետները:
- Մեծ Բրիտանիայի Լեյստերի համալսարանից հետազոտող Ջեֆերի Ստանֆորդը այցելում է Շիրակացու ճեմարան:
- Ճեմարանի պատվիրակությունը Հդկաստանի Մումբայ քաղաքի Singapore International դպրոցում մասնակցում է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի համաժողովին:
-
Փետրվար
- Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ «Մենք ենք ու սաները մեր» նախագծի շրջանակում գրադարանում տեղի է ունենում հանդիպում 1995 թվականի շրջանավարտ, կառավարման և զարգացման հարցերով խորհրդատու, «Պենտա» զարգացման խորհրդատվական ընկերության աշխատակից Կարեն Սարգսյանի հետ, որը ներկաներին պատմում է իր ձեռքբերումների, իր կայացման ճանապարհին ճեմարանի ունեցած դերի և նշանակության մասին:
- Ողջ կրթահամալիրում նշվում են արդեն ավանդական դարձած, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և գրքի տոնը. մեծ թե փոքր ճեմարանականներն իրար գրքեր են նվիրում, ներկայացնում իրենց սիրելի գրքերը:
- Բնագիտության ամբիոնում կենսաբանության սիրահար ճեմարանականները խաղում են «Բիոմանիա». խաղը ստեղծվել է կենսաբանության ակումբի ղեկավար, ԵՊՀ-ի դասախոս, ճեմարանի շրջանավարտ Գևորգ Պետրոսյանի և նրա աշակերտների ջանքերով: Խաղի գեղարվեստական ձևավորումն իրականացրել է Սիլվա Հարությունյանը:
- Գրքի տոնի միջոցառումների շրջանակում արվեստի ամբիոնի նախաձեռնությամբ գրադարանում 7-րդ դաս. սաների համար տեղի է ունենում «Զրույց մատյանի մասին» խորագրով հանդիպում-դասախոսություն, որը վարում է նկարիչ, Մատենադարանի աշխատակից, մանկական կրթական ծրագրերի և մանրանկարչության ուսուցողական ձեռնարկների հեղինակ, ծնողական համայնքի ներկայացուցիչ Լիլիթ Վարդումյանը:
- Ճեմարանում հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվում է արդեն ավանդական դարձած Մայրենի լեզվի տոնը՝ «Մայրենի լեզու, մայր բուհ-100, մայր ճեմարան-30» վերտառությամբ: Տոնակատարությունը միավորել է 100-ամյա ԵՊՀ-ի մշակույթի կենտրոնի ուսանողներին և 30-ամյա ճեմարանի սաներին:
-
Մարտ
Շիրակացու Ճեմարանի 1994 թվականի շրջանավարտ, Հարվարդի հանրային առողջության դպրոցի շրջանավարտ, բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակաբան Սոնա Թումանյանը Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի՝ «Մենք ենք ու սաները մեր» նախագծի շրջանակում տեղեկատվական տեսանյութով առցանց հանդես է գալիս ճեմարանական աշակերտական, ուսուցչամանկավարժական և ծնողական համայնքի առջև՝ բացատրություններ տալով կորոնավիրուսի մասին։
-
Ապրիլ
- Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Ճեմարանի ավարտական խմբերի աշակերտները երկուական եղևնի են տնկում ճեմարանի հիշողության պուրակում: Այս տարի ևս բարձր առաջադիմություն ունեցող չորս աշակերտ տնկեցին հերթական եղևնիները Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- Շիրակացու ճեմարանի «Զարգացման հիմնադրամ»-ի և ծնողական համայնքի նախաձեռնությամբ մեկնարկած «ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ՍԱՆԵՐԸ ՄԵՐ» հանդիպումների շարքի հերթական հյուրը ճեմարանի 1995 թ.-ի շրջանավարտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, կառավարման և զարգացման խորհրդատու Կարեն Հ. Սարգսյանն է, որը ներկայացնում է, թե ինչպես ճգնաժամից հասնել զարգացման:
-
Մայիս
- Մայիսի 9-ի եռատոնը՝ 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը ճեմարանը հեռավար նշեց իր բարեկամ դպրոցների (Երևան, Տավուշ, Արցախ, Քուվեյթ, Ավստրիա) աշակերտների հետ:
- Հանրային ռադիոյի «Դպրություն» հաղորդման եթերում հեռավար կրթության մասին Ճեմարանի փորձը, դիրքորոշումը ներկայացնում է փոխտնօրեն Գագիկ Թոռչյան:
- Ճեմարանի լոգոպեդական ծառայությունը՝ ի դեմս Ժաննա Պայլոզյանի, Էմիլյա Թադևոսյանի, Շուշան Էլոյանի և Լիա Սարգսյանի ներկայացնում է առցանց աշխատանքի իր փորձը: Վեբինարին մասնակցում են ավելի քան 70 հոգի Երևանից, մարզերից և արտերկրից:
- Կրտսեր դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը և հոգեբանական ծառայության համակարգող Վարդուհի Տիգրանյանը ծնողական համալսարանի հերթական պարապմունքի ընթացքում ներկայացնում են, թե ինչպես պիտի երեխային նախապատրաստել դպրոցին, ինչպես նաև ծնող-դպրոց համագործակցության, ծնողների դերի կարևորության և ԿԴ ընդունելության գործընթացի մասին:
- Բնագիտության ուսուցիչ Արուսյակ Արզումանյանը մասնակցում է Քեմբրիջի Cambridge Elevate Press համալսարանի կազմակերպած վեբինարին՝ ուղղված հեռավար ուսուցման աշխատանքնային գործիքների տիրապետման բարելավմանը, և ստանում է հավաստագիր։
-
Հունիս
- Անգլերենի ուսուցիչներ Արմինե Գաթրջյանը, Ստելլա Սարգսյանը մասնակցում են World Learning կազմակերպություն «Քերականության դասավանդումը ինտերակտիվ մեթոդներով» 5-շաբաթյա առցանց դասընթացին և ստանում հավաստագրեր:
- Ճեմարանի ՄԲ դիպլոմային ծրագրով սովորող շրջանավարտները առցանց՝ Zoom հարթակում ներկայացնում են իրենց հետազոտական աշխատանքներն ամփոփող ընդարձակ էսսեները և համայնքային ծառայության ոլորտում կատարած աշխատանքները: Տոնական ցուցադրությանը մասնակցում էին նաև Հայաստանում Մեծ Բրիտանաիայի դեսպան Դեյվիդ Մորանը, բրիտանական խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Հայաստանում ամերիկյան համալսարանի ընդունելության բաժնի ղեկավար Արինա Զոհրաբյանը, Վրաստանի «Նոր դպրոց»-ի դիպլոմային ծրագրի համակարգող Քեթի Ցուրցումիան:
- Ճեմարանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ «Մենք ենք ու սաները մեր» ծրագրի շրջանակում հանդիպում է տեղի ունենում ճեմարանի շրջանավարտ, այժմ ճեմարանի ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն Թագուհի Սինանյանի հետ:
- Ճեմարանի 27-րդ շրջանավարտների համար հանդիսավոր պայմաններում՝ Զում հարթակում հնչում է վերջին զանգը: «Վերջին զանգ»-ը աննախադեպ ու բացառիկ էր ձևաչափով և իրականացմամբ, բայց նույնն էր գաղափարով և հույզերի տարափով:
-
Հուլիս
- Ճեմարանի մի խումբ աշխատակիցներ՝ Թամար Ալեքսանյան մ.գ.թ., դոցենտ, Աննա Ստեփանյան, Քրիստինե Սահակյան, Գայանե Վարդանյան բ. գ. թ., Էմիլյա Թադևոսյան մ.գ. թ., դոցենտ, Ռոզա Ջելադյանը, Eduarmenia կրթական հարթակում «Հայաստան –Արցախ-Սփյուռք» աշխատաժողովին են մասնակցում, վարում են սեմինար պարապմունքներ ՀՀ, Արցախի և սփյուռքի ուսուցչության համար:
- Ավագ դպրոցի սաները կազմակերպում և անցկացնում են հուշ-երեկո՝ նվիրված ազգային գործիչ, ԱՏՁՄ տնօրեն, պատվավոր ճեմարանական Կարեն Վարդանյանին:
-
Օգոստոս
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար, բ.գ.թ. Անի Մակինյանը մասնակցում է Միջազգային բակալավրիատի կազմակերպած սեմինար պարապմունքներին։
-
Սեպտեմբեր
- Ադրբեջանական զորքը ԼՂ սահմանի ողջ երկայնքով սկսում է հարձակում. Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվում է ռազմական դրություն:
- Պատերազմական իրավիճակի հետ կապված՝ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի ղեկավարությամբ ճեմարանում ձևավորվում և իր աշխատանքն է սկսում ռազմական խորհուրդը՝ Հաղթանակի կոմիտեն:
- Ճեմարանում ձևավորված Հաղթանակի կոմիտեն «Ամեն ինչ առաջնագծի համար, ամեն ինչ հաղթանակի համար, մեր գործն արդար է, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» նշանաբանով կոչ է հղում ճեմարնական համայնքին և նշում է գործունեության ոլորտները:
1. Ճեմարանի աշխատակիցները հանձնում են արյուն:
2. Ձևավորվում է Ճեմարանի կամավորական ջոկատ, որին անդամագրվում են ճեմարանի ուսուցիչները և աշխատակիցները՝ Հրանտ Աղաբեկյանը, Արտակ Բագրատյանը, Հայկ Բալասանյանը, Լևոն Ղազարյանը, Գեղամ Անտիկյանը, Հրանտ Մովսիսյանը, Արմեն Գալֆայանը, Արտաշես Բեգլարյանը, Աղաս Հակոբյանը, Միսակ Այվազյանը, Արմեն Բալայանը:
3. Ակտիվորեն ընթանում է անհրաժեշտ պարագաների հավաքագրումը ողջ Ճեմարանում:
4. Բարեկարգվում է Ճեմարանի հանրակացարանը՝ անհրաժեշտության դեպքում արցախցիներին ընդունելու համար:
5. Մշակվում է ծրագիր Արցախի մանուկների կրթությունը պատերազմի օրերին կազմակերպելու համար:
6. Պաշտպանության բանակին նյութական աջակցություն ցույց տալու նպատակով Ճեմարանը բանակին է նվիրում Ճեմարանի 24-տեղանոց МАЗ 256 ավտոբուսը, Ճեմարանի աշխատակիցները բանակի հաշվեհամարին փոխանցում են արհմիության երկու ամսվա գումարը։ Ճեմարանը նաև բաց է անում հատուկ հաշվեհամար, որին փոխանցված ողջ գումարը օգտագործվելու է բանակի և Արցախի բնակչության կարիքների բավարարման համար (նվիրատվություններ իրականացվում են փոխանցում կատարելով Հայբիզնեսբանկի 1150018007437454 հաշվեհամարին, շահառուն Ճեմարանի փոխտնօրեն և Արհմիության նախագահ Գագիկ Թոռչյանն է)։
-
Հոկտեմբեր
- Ճեմարանականները հյուրընկալում են Արցախի նշանավոր հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս):
- Ճեմարանի միջին դպրոցի 8-րդ դասարանի սան, Կանադայից ժամանած Հովհան Մկրտիչեանը նամակ է հղում Կանադայի ժողովրդին և կառավարությանը՝ խնդրելով դատապարտել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Արցախի և Հայաստանի հանդեպ: Աշակերտը պատմական հավաստի փաստերով տեղեկացնում է Արցախի՝ հնագույն հայկական բնակավայր լինելու մասին:
- Ճեմարանում հյուրընկալվում են արցախցի 74 երեխաներ. կրտսեր դպրոցում՝ 18, միջին դպրոցում՝ 43, ավագ դպրոցում՝ 13 սաներ: Արցախից եկած սաներից է նաև Տաթև Օհանջանյանը, որ Ճեմարան էր եկել հայրիկի՝ վերջին զանգի վերնաշապիկի գրության նկարով. Տաթևը ճեմարանի առաջին շրջանավարտներից՝ Դավիթ Օհանջանյանի դուստրն է: Վերնաշապիկի վրա գրված էր. «Սիրելի Դավիթ, ես Արցախը ճանաչեցի քեզանով և հուսով եմ, որ Արցախն էլ մի օր հպարտանալու է իր առաջին ճեմարանականով»,- Աշոտ Ալիխանյան:
- Պատմության ուսուցիչ Հայկ Բալասանյանի հեղինակությամբ և գունեղ նկարզարդումով լույս է տեսնում «Յուրահատուկը» հեքիաթը, որի վաճառքից գոյացած գումարի 20 տոկոսն ուղղվում է Զինվորների ապահովագրության հիմնադրամ:
- Խոր վշտով տեղեկանում ենք, որ թշնամու դեմ մղվող արդար պայքարում զոհվել են երեք հերոս ճեմարանականները՝ Էդգար Չիթչյանը, Լևոն Խուրշուդյանը և Տիգրան Շաշիկյանը:
-
Նոյեմբեր
- Խոր վշտով տեղեկանում ենք, որ թշնամու դեմ անողոք մարտում զոհվել է հերոս ճեմարանական Արեն Մեհրաբյանը:
- Ճեմարանում կազմակերպվում է արցախցի երեխաների ուսուցման և ուսումնառության գործընթացը:
- «Վիրավոր զինվորներին բարոյական աջակցություն» նախագծի շրջանակում Շիրակացու ճեմարանի Աշակերտական խորհուրդը ներկայացնում է «ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ» տեսաշարքի առաջին տեսանյութը: Եվա Վարդանյանը (11-րդ դասարան) կատարում է Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պար»-ը: «Թող Ա. Բաբաջանյանի երաժշտության կախարդական հնչյուններով ազդարարվի այդքան երկար սպասված ՀԱՂԹԱՆԱԿԸ»:
- «Վիրավոր զինվորներին բարոյական աջակցություն» նախագծի շրջանակում Շիրակացու ճեմարանի Աշակերտական խորհուրդը ներկայացնում է «ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ» տեսաշարքի երկրորդ տեսանյութը: Ալեքս Գևորգյանը (11 տարեկան) դաշնամուրով կատարում է Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը:
- Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս ավագ դպրոցի սաներ Էսթեր Ավանեսյանի (IBDP 1), Էլեն Խաչիկյանի (IBDP 1), Դավիթ Մովսիսյանի (3-92 խումբ), Էլինա Շիրինյանի (IBDP 1), Արսինե Ղուկասյանի (1295 խումբ) և անգլերենի ուսուցիչ՝ Սասուն Զեյնալվանդի մասնակցում է Հնդկաստանի Singapore International դպրոցի սաների կազմակերպած առցանց հանդիպմանը:
- Ճեմարանում հուրընկալվում է Արցախի հանրապետության Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։
- 12-րդ դասարանի սան Նարե Պետրոսյանը հայոց լեզվի հանրապետական օլիմպիադայում հաղթում և ստանում է 3-րդ կարգի դիպլոմ:
-
Դեկտեմբեր
- Արվեստի ամբիոնը ներկայացնում է 8-րդ դասարանի սաների աշխատանքների վիրտուալ ցուցահանդեսը՝ «Ժողովրդական արվեստ» խորագրով։
- Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Կանադայի քոլեջի սաների կազմակերպած առցանց հանդիպմանը:
- Ճեմարանում նշվում է Արցախի օրը:
- Ճեմարանական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանի դպրոցի կազմակերպած 2-օրյա առցանց համաժողովին:
- Կրտսեր դպրոցի ծնողական թատրոնը, հետևելով ավանդույթին, հանդես է գալիս նոր ներկայացումով՝ «Ինչպես խաղաղությունը հաղթեց խավարին»: Սցենարի հեղինակ և բեմադրիչն է Ռուզաննա Մկրտչյանը, բեմի ձևավորումը՝ Անուշ Ավետիսյան, լուսաձայնային ձևավորումը՝ Իլոնա Հովասափյան:
- Միջին դպրոցի սաների ուժերով առցանց բարեգործական համերգ է կազմակերպվում, որի ողջ հասույթը տրամադրվում է վիրավոր զինվորներին: «Դարձի՛ր ամանորյա հրաշագործ՝ պարգևի՛ր ժպիտ…» խորագրի ներքո անցկացվող ծառայության ծրագրերի (ցուցահանդես-վաճառք, առցանց համերգ) արդյունքում հավաքվել է ավելի քան 1 միլիոն դրամ, որը փոխանցվում է մեր վիրավոր զինվորներին և գումարը փոխանցվում է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»:
- Ճեմարանական Հասմիկ Թադևոսյանը նախաձեռնությամբ շարունակական է դառնում խցաններ հավաքելու գործընթացը, որի արդյունքում հնարավոր է դառնում հաշմանդամության սայլակով ապահովել դրա կարիքը ունեցողներին: